Նախօրեին 4-5 ժամ տեւած բանակցությունները որակեցին որպես «շատ լուրջ զրույց բոլոր հարցերի շուրջ», եւ կողմերը պայմանավորվեցին սկսել շփումներ Ուկրաինայի հարցով։ Էր-Ռիյադում կայացած ԱՄՆ-ՌԴ բանակցությունների արդյունքները լավատեսական նոտայով են մատուցվում աշխարհին, որը շունչը պահած սպասում էր Վաշինգտոն-Մոսկվա առաջին կենդանի կոնտակտին։ Ըստ Fox News-ի, ՌԴ-ն եւ ԱՄՆ-ն առաջարկում են Ուկրաինայում խաղաղության հաստատման եռաստիճան ծրագիր՝ զինադադար, ընտրությունների անցկացում եւ հետո նոր միայն՝ վերջնական համաձայնագրի ստորագրում:
Բանակցային գործի մասնագետ Արթուր Մարտիրոսյանի կարծիքով, եթե այս նախաբանակցային փուլը հաջողությամբ ավարտվի, չի բացառվում, որ մինչեւ ամսվա վերջ կարող է կայանալ Թրամփ-Պուտին հանդիպումը։ «Պարզ է, որ Ուկրաինան միայն հարցերից մեկն է, կողմերն ավելի մեծ խնդիրներ ունեն լուծելու, օրակարգն ավելի մեծ է եւ գլոբալ։ Բանակցում են գլոբալ գերտերությունը եւ ռեգիոնալ գերտերությունը։ Կողմերն իրատեսական մոտեցումներ են ցուցաբերում։ ԱՄՆ-ն՝ որպես գլոբալ կայսրություն, ռեսուրսային առումով չի հերքում, որ այն դերը, որն արդեն 30 տարուց ավելի ԱՄՆ-ն կրում է, պետք է կարողանա կրել առանց կորուստների, իսկ թե ինչ է ուզում ռուսական կողմը, մոտավորապես հասկանալի է՝ եվրասիական տարածաշրջանը պետք է լինի իր շահերի զոնա»,- «Հրապարակ»-ին ասում է Արթուր Մարտիրոսյանը՝ հավելելով, որ բանակցություններն անվտանգության նոր ճարտարապետության մասին են։ Ըստ մեր զրուցակցի, ամենայն հավանականությամբ, Հելսինկյան համաձայնության նման նոր փաստաթուղթ չի լինի, բայց կողմերը, առնվազն, համաձայնության կգան սկզբունքների մասին։
«Հավանական է, որ կշարունակվեն վստահության վերականգնմանն ուղղված քայլերը։ Մի քանի փոքր քայլ արդեն արվել է, երբ ձերբակալվածների փոխանակումը տեղի ունեցավ, այդ քայլերը կշարունակվեն»,- նշում է բանակցային գործի մասնագետը։ Ըստ Մարտիրոսյանի, Թրամփի համար կարեւոր է Մոսկվայում իր համար վստահելի խողովակ ունենալը, ուստի զարմանալի չէ դեսպանի փոփոխությունը։
Ռուս-ամերիկյան բանակցություններն անհանգստություն են առաջացրել Եվրոպայում։ Մարտիրոսյանի խոսքով, արդեն ակնհայտ է, որ Եվրոպան անվտանգության խնդիրների հետ կապված՝ բավականին ցավոտ վիճակում է հայտնվելու, քանի որ ստիպված է լինելու ավելացնել անվտանգությանն ուղղված ծախսերը։ «Դա շատ ցավալի է լինելու, օրինակ, Գերմանիայի համար դա նշանակելու է տարեկան 250 միլիարդ, ինչը բյուջեի զգալի մասն է, եւ ենթադրվում է, որ սոցիալական ծրագրեր պետք է փակվեն։ Սա սպասվում է բոլոր մյուս երկրներին: Քայլերը, որոնց նրանք ստիպված կլինեն գնալ, չեն լինելու պոպուլյար։ Հավանական սցենարներից մեկն այն է, որ մնալով առանց ԱՄՆ-ի աջակցության, Եվրոպան պետք է փորձի գտնել իր ուղին, բայց շատ բարդ է լինելու՝ 27 պետություններով պայմանավորվել ամեն ինչի մասին»,- կարծիք է հայտնում Արթուր Մարտիրոսյանը, որի համոզմամբ, ԵՄ-ում ճեղքերն ավելի կխորանան։
Ինչ վերաբերում է այդ բանակցությունների գլխավոր օբյեկտին՝ Ուկրաինային, Մարտիրոսյանի խոսքով, Զելենսկին շատ ծանր վիճակում է հայտնվել, նա փորձելու է նոր ալյանսներ ձեւավորել, որպեսզի կարողանա ստանալ այն, ինչ ԱՄՆ-ն անում էր։
«Բայց դա անհնարին է, ես չեմ պատկերացնում, թե ինչպես է դա հնարավոր լինելու։ Եթե ԱՄՆ-ն չի շարունակում հովանավորել Ուկրաինային, նա հայտնվելու է ցայտնոտային իրավիճակում։ Ժամանակը սկսելու է շատ լուրջ աշխատել Ուկրաինայի դեմ։ Նոր բան չէ, որ Զելենսկին դիմում է Թուրքիային, նրանք միշտ լավ հարաբերություններ են ունեցել, ինչ վերաբերում է ՀՀ իշխանություններին, ինձ մոտ տպավորություն է, որ նրանք դեռ շարունակում են առաջնորդվել հին դիրեկտիվներով, չնայած նրան, որ ամեն ինչ փոխվել է։ Ինչ-որ մեկը հավանաբար մոռացել է ասել, որ այդ դիրեկտիվները փոխվել են, նորին սպասեք։ Նույնիսկ այս վիճակում իրենք ինչ-որ պատգամավորի են ուղարկում Ուկրաինա։ Հասկանալի չէ, թե նպատակը որն է՝ ցույց տալ, որ Ռուսաստանի դեմ կարող են խաղացո՞ղ դառնալ, դա ուղղակի զավեշտալի է»,- ասում է մեր զրուցակիցը՝ Ուկրաինայի հարցով ռուս-ամերիկյան բանակցությունների ֆոնին գնահատելով Փաշինյանի իշխանության իռացիոնալ քաղաքականությունը։ Հայաստանի իշխանություններն այս գլոբալ փոփոխությունների պայմաններում իներցիայով շարունակում են անել այն, ինչը, ըստ մեր զրուցակցի, այլեւս իմաստ չունի։