Վարդենիս խոշորացված համայնքում նախորդ օրվանից սկսվել են «Ահարոն Խաչատրյան» ընդդիմադիր դաշինքի անդամների ձերբակալություններ: Տորֆավանի գյուղապետ Ահարոն Խաչատրյանի շուրջ ձեւավորված այս դաշինքը հաղթել է ՏԻՄ ընտրություններում՝ 2-րդ տեղն է գրավել եւ որոշել է կոալիցիա կազմել մյուս ընդդիմադիրի՝ «Միավորված Վարդենիս դաշինքի» հետ։ Արդյունքում կարող էր ընդդիմադիր քաղաքապետ ընտրվել, սակայն իշխանությունը գործի դրեց իր ռեպրեսիվ գործիքները:
Դեկտեմբերի 9-ին ձերբակալվեց «Միավորված Վարդենիսի» թեկնածու, Վարդենիսի նախկին քաղաքապետ Արամ Հարությունյանը, իսկ երեկ դատարանը նրան կալանավորեց: Նրան մեղադրում են 2019-ին հարուցված եւ 3 տարի քնեցված քրեական գործով: Արամ Հարությունյանին կալանավորելուց հետո ընդդիմության եւ ՔՊ-ի՝ ՏԻՄ ընտրության արդյունքում ստացված մանդատների թիվը հավասարվեց՝ 13/13: Այս իրավիճակում մեծ է հավանականությունը, որ ընդդիմությունը չի կարողանա Վարդենիսում իր քաղաքապետի թեկնածուին ընտրել:
Հարությունյանին չեզոքացնելու հաջորդ օրն իշխանությունն անցավ մյուս ընդդիմադիր թեկնածուին՝ Ահարոն Խաչատրյանին: Առավոտից արդեն «Ահարոն Խաչատրյան դաշինքի» անդամներն ահազանգեցին, որ իրենց թեկնածուի՝ Տորֆավանի գյուղապետ Ահարոն Խաչատրյանի՝ Վանեվան գյուղում գտնվող տանը եւ բակում ոստիկաններ են, խուզարկություն է իրականացվում: Նրա փաստաբան Վարդան Համբարձումյանը պահանջել է, որ խուզարկության հիմքը ներկայացնեն, սակայն որեւէ փաստաթուղթ ցույց չեն տվել: «8։20 րոպե մտել են Խաչատրյանի բնակարան, 2 ժամ ապօրինի խուզարկություն անելուց հետո փաստաբանը ոստիկաններին պարտադրել է դուրս գալ տնից։ Ոչ մի հիմք չեն կարողանում ներկայացնել խուզարկության համար»,- ասում է Խաչատրյանի թիմակիցը:
Ոստիկանության լրատվականից, սակայն, վստահեցնում են, որ «խուզարկությունն իրականացրել են նախաքննության մարմնի ներկայացուցիչները, ոստիկանները տեղում են եղել, ուղղակի օգնում են խուզարկություն իրականացնել»,- ասաց Զարզանդ Գաբրիելյանը: Քննչական կոմիտեի խոսնակ Վարդան Հարությունյանը եւս հայտնեց, որ Ահարոն Խաչատրյանի տանը եւ նախընտրական շտաբում խուզարկություններն իրականացվել են քրեական գործով նախաքննության շրջանակում․ «Խուզարկությունը տեղի է ունեցել դատարանի որոշմամբ: Կատարվել է փաստաթղթերի առգրավում»: Ի՞նչ գործ է, Ահարոն Խաչատրյանն այդ գործով անցնում է որպես մեղադրյա՞լ, թե՞ սա նույն գործն է, որով նախօրեին ձերբակալեցին Արամ Հարությունյանին։ ՔԿ խոսնակը չհայտնեց՝ այս պահին այլ տեղեկություններ չունի:
Մինչ այդ ոստիկանները քննիչների հետ «ներխուժել» են «Ահարոն Խաչատրյան դաշինքի» շտաբ: Դա տեղի է ունեցել կեսօրից հետո՝ ժամը 3-ի կողմերը: Այստեղ եւս խուզարկություն է իրականացվել: Ի՞նչ են փնտրում: «Եսիմ: Ասում ենք՝ արեք, սաղ տանք ձեզ, ինչ կա, չկա: Ամեն ինչ քանդում, Ահարոնի ավտոյի կովրիկների տակն էլ էին ստուգում»:
Հիշեցնենք․ երեկ Ահարոն Խաչատրյանի եւ ձերբակալված թեկնածու Արամ Հարությունյանի թիմակիցները, ի նշան բողոքի, փակել էին Վարդենիս տանող ճանապարհը: Երեկոյան ՊՆ-ն հաղորդեց, որ ադրբեջանցիները կրակում են Գեղարքունիքի հայկական դիրքերի վրա: Բայց Վարդենիսում այնքան էլ չհավատացին այս լուրերին: «Մեզ նույնիսկ ուզում են մեղադրեն՝ ասելով, որ վիրավորներին հանելու ճամփեն ենք փակել: Մենք հասկանում ենք, որ սա կարող է մուտիլովկա լինի»,- ասում է մեր ընդդիմադիր զրուցակիցը:
«Ահարոն Խաչատրյան դաշինքը» երեկ կեսօրից հետո հայտարարություն տարածեց՝ իր համակիրներին խնդրելով ժամանակավորապես դադարեցնել բողոքի ակցիաները։ «Հաշվի առնելով սահմանային լարված իրավիճակը, խնդրում եւ կոչ ենք անում բոլորիդ՝ չստեղծել արհեստական խոչընդոտներ ՀՀ ԶՈւ ստորաբաժանումների եւ զինտեխնիկայի տեղաշարժի համար: Խնդրում ենք ժամանակավորապես դադարեցնել ակցիաները, մինչեւ մեր երկրի սահմաններին տիրի խաղաղություն»,- ասված է հայտարարության մեջ:
Հավանաբար, «մուտիլովկեքն» ու վիրավորներին հանելու ճանապարհը փակելու մեջ կեղծ մեղադրանքները կանխելու նպատակով է հայտարարությունն արվել: Ահարոն Խաչատրյանի հետ կապվել չհաջողվեց: Նրա հեռախոսը ողջ օրվա ընթացքում անհասանելի էր: Տեղեկացանք, որ Ահարոն Խաչատրյանի կնոջը երեկ հրավիրել են հակակոռուպցիոն կոմիտե՝ բացատրություն տալու:
Օրվա վերջում մեկ անգամ եւս կապվեցինք Ահարոն Խաչատրյանի փաստաբան Վարդան Համբարձումյանի հետ: Նա ասաց․ «Ահարոն Խաչատրյանը վկայի կարգավիճակ ունի: Դատարանի որոշմամբ եկել են, փաստացի խուզարկել են: Ավելի ոչ մի տեղեկություն չունեմ»: Սա քաղաքական հետապնդում չէ՞, ի՞նչ եք կարծում: «Չեմ կարող ասել, ինձ հրավիրել են ընդամենը Ահարոն Խաչատրյանի փաստացի բնակության վայրում խուզարկության գործողությանը մասնակցելու»,- պատասխանեց փաստաբանը: Ամենայն հավանականությամբ, ՔԿ-ն դեռ չգիտի ինչ մեղադրանք առաջադրել Ահարոն Խաչատրյանին ու մեծ հույս ունի, որ փաստաթղթերն ուսումնասիրելուց հետո մի բան կգտնեն նրա դեմ, քրեական գործ կհարուցեն, կձերբակալեն՝ ընդդիմադիրներին չեզոքացնելու հին ու փորձված միջոց: Ակնհայտ է, որ Վարդենիսում իշխանությունը դիմում է աննախադեպ ճնշումների: Նպատակը մեկն է՝ ճնշելու գնով ստանալ քաղաքապետություն: