«Պարտության միջով անցնելով՝ ձեռք ենք բերել ինքնիշխան պետություն ունենալու հնարավորություն»,- հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վաշինգտոնում` ՀՀ դեսպանատանը, ամերիկահայ համայնքի ներկայացուցիչների հետ փետրվարի 4-ին կայացած հանդիպման ժամանակ։
Փաշինյանն ասել է, որ Հայաստանի Հանրապետությունում տեղի է ունենում գաղափարախոսական փոփոխություն. «Հայաստանի Հանրապետությունից ավելի բարձր ազգային նպատակ չի կարող լինել։ Հայաստանի Հանրապետությունը ոչ թե ինքը միջոց է այլ նպատակների հասնելու համար, այլ ինքը նպատակն է։ Ինքն ամենաբարձր նպատակն է, եւ, հետեւաբար, շատ կարեւոր է կենտրոնանալ նաեւ Հայաստանի Հանրապետության գործառութային նշանակության խնդրի վրա»։ Նա իր ներկայացրածը բացատրելու համար համեմատություն է արել ամերիկյան իզոլյացիոնիզմի քաղաքականության հետ՝ ասելով, որ Հայաստանի Հանրապետության գործառութային նպատակն է՝ ապահովել սեփական քաղաքացիների անվտանգությունը, բարեկեցությունը եւ երջանկությունը։ «Այս գաղափարախոսությունը միակ տարբերակն է, որը Հայաստանի Հանրապետության լինելիության շանս է տալիս»,- ասել է նա եւ հարցադրում արել, թե ինչու մենք այդ գաղափարախոսությունը չորդեգրեցինք 2018-ին կամ ավելի վաղ՝ անգամ 1988-ին, նշելով, թե դա կարեւոր է։
«80-ականների վերջին Խորհրդային Միությունում կային երկրներ եւ ռեգիոններ, որոնք իրար հետ կարողացան պայմանավորվել։ Ասացին՝ եկեք կենտրոնանանք մեր անկախության եւ պետականության վրա, եւ այն բոլոր հնարավոր հարցերը, որոնք կարող են մեր միջեւ կոնֆլիկտի բերել, եկեք ուղղակի մենք դրանց վրա շեշտ չդնենք։ Դա տեղի ունեցավ, օրինակ, մերձբալթյան երկրներում»,- ասել է նա, ըստ էության քննադատելով 88-ի արցախյան շարժումը եւ այն սխալ համարելով։
Փաշինյանի` այս անգամ ԱՄՆ-ում արված հերթական ապազգային հայտարարությունները խիստ զայրացրել են հայ հանրությանը, հատկապես՝ Արցախի հայերին: Մարդիկ, ովքեր ամեն ինչ կորցրել են՝ տուն, հող, գերեզման, մանկություն... եւ հիմա նրանցից փորձում են նաեւ պատմությունը, արժանապատվությունը, անկախ ապրելու երազանքը խլել: Մի՞թե Արցախն էր խանգարում Փաշինյանին՝ պետություն ունենալու համար: Նախքան Նիկոլ Փաշինյանի իշխանության գալը, Հայաստանն արդյո՞ք կանգնած էր պետականությունը կորցնելու վտանգի առաջ:
Արցախի «Արդարություն» կուսակցության համահիմնադիր Հակոբ Հակոբյանը, անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այս հայտարարություններին, մեզ հետ զրույցում ասում է. «Նիկոլ Փաշինյանը պետականություն, ինքնիշխանություն ասելով նկատի ունի իր իշխանությունը պահպանելու գործընթացը: Նա փորձում է ամեն հնարավոր ձեւով արդարացնել այն գործողությունները, որոնց պատճառով մենք Արցախը կորցրինք, այն գործողությունները, որոնց պատճառով ադրբեջանցիներն այսօր հասել են ՀՀ սուվերեն տարածք: Նա ոչ միայն ակնարկում է, որ Արցախը հանձնելով ազատեց իր պարանոցը, քանի որ ասում է, որ այն իր պարանոցից է կախված, այլեւ այսօր խոսում է արդեն ցեղասպանության ուրացումից, ասում է, որ այն նույնպես որպես գործիք են օգտագործել, որ փորձել են անգամ ցեղասպանության միջոցով մեզ զրկել ինքնիշխանությունից: Այս մարդը պատրաստ է ամեն ինչ մանիպուլացնելու, ներկայացնելու մի այնպիսի տեսանկյունից, որ, տեսեք` ես ճիշտ եմ անում, դուք ինձ չեք հասկանում: Այդ ամենն ունի բացառապես մեկ նպատակ՝ պահել իշխանությունը: Պատահական չէ, որ հիմա էլ շրջանառության մեջ են դրել Մեղրիի շուրջ բանակցությունները: Փորձում են ցույց տալ, թե իբրեւ Նիկոլ Փաշինյանից առաջ բոլոր իշխանությունները տարիներ շարունակ պատրաստ են եղել Հայաստանը հանձնել Ադրբեջանին, եւ միակ մարդը, որ այսօր հայտնվել է ու կարողանում է իրական պետություն ստեղծել, Նիկոլ Փաշինյանն է: Այսինքն` ամեն կերպ փորձում են մեղքը բարդել նախկին իշխանությունների վրա՝ արդարացնելով Նիկոլ Փաշինյանին»: