Ըստ ՀՀ ազգային անվտանգության ծառայության տվյալների` 2025-ի հունվարի 1-ի դրությամբ Հայաստանից մեկնել է 26 հազար 397 բռնի տեղահանված արցախցի, վերադարձել՝ 14 հազար 871-ը: Այսինքն, 2020-ի եւ հատկապես 2023-ի սեպտեմբերի բռնի տեղահանությունից հետո այս տարվա հունվարի 1-ի դրությամբ Հայաստանից հեռացել եւ չի վերադարձել 11 հազար 526 արցախցի։ Ըստ ԱԱԾ-ի, վերջին ամիսներին այս հարցում դրական որոշակի միտում կա: 2023-ի հոկտեմբերի 26-ին ՀՀ կառավարությունն ընդունեց որոշում, որով արցախցիներին ժամանակավոր պաշտպանության տակ վերցրեց, եւ նրանց օրենքի ուժով ճանաչեցին փախստական: Արցախցիները պետությունից 50 հազարական դրամ էին ստանում, հետո որոշվեց այդ գումարը կրճատել 40 հազարի, եւ ոչ բոլորն են ստանում: Արցախի նախկին պետնախարար եւ նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարյանը, «Հրապարակի» հետ զրույցում անդրադառնալով ԱԱԾ-ի պաշտոնական տվյալներին, ասում է, որ դրանք հեռու են իրականությունից.
- Աչքաչափով էլ անգամ եթե գնահատենք, հաշվի առնելով տարբեր սոցիալական շփումները, հանդիպումները եւ այլն, մոտ 30 հազար արցախցի հեռացել է Հայաստանի Հանրապետությունից: Խոսքը վերաբերում է 2023 թվականի սեպտեմբերից սկսած ժամանակահատվածին: Ընդ որում, չգիտեմ, երբ ԱԱԾ-ն ասում է 26 հազար 397 արցախցի է հեռացել, ներառո՞ւմ է վերադարձածներին, թե՞ ոչ:
- Նշում են, որ շուրջ 14 հազար 871 արցախցի վերադարձել է Հայաստան:
- Տեսնում եք` տարբերությունն ինչքան մեծ է: Բայց ինձ հասանելի թվերը լրիվ այլ են: Շատ բարդ է նման իրավիճակներում թվերի մասին խոսելը: ԱԱԾ-ն էլեկտրոնային համակարգի` սեկտի միջոցով է ստանում տվյալները, որոնք ճշգրտման առումով ունեն որոշակի շեղումներ: Ներքին տեխնիկական խնդիրներ են գուցե, գուցե նաեւ մեթոդական հարցեր են առաջանում, այսինքն` եթե արցախցի ասելով միայն 070 անձնագրի կոդն են հաշվի առնում, ապա պետք է ֆիքսել, որ արցախցիներից շատերը 070 կոդով անձնագիր չունեն: 7 հազար արցախցի ընդունել է ՀՀ քաղաքացիություն: Հավանաբար, նրանց էլ արցախցի չեն համարում, եւ այստեղ մեծանում է շեղման հավանականությունը: Ես անգամ դեպքեր գիտեմ, որ 070 անձնագրի կոդով դուրս են եկել Հայաստանից, սակայն սեկտը որպես արցախցի նրանց չի ներառել:
- Ինչո՞վ է պայմանավորված այս իրավիճակը: Ինչո՞ւ իշխանություններն անգամ այս հարցում անկեղծ չեն հանրության հետ:
- Կա՛մ անկեղծ չեն, կա՛մ իսկապես սեկտը ճիշտ տեղեկություններ չի տալիս: Գուցե այս ամենի մեջ կա նաեւ քաղաքական մոտիվացիա, սակայն ես չեմ կարող դա պնդել:
- Բայց եթե անգամ խնդիրը տեխնիկական է, դա էլ է իշխանության թերացումը:
- Իհարկե, թերացում է: Ես դեպքեր գիտեմ, որ, 2020 թվականից սկսած, կա այդ խնդիրը` սեկտի տվյալները սխալ են գրանցում: Դեպքեր են եղել, որ անձը դուրս է եկել Հայաստանից, սեկտում գրանցված չի եղել, նաեւ եղել է դեպք, երբ մարդը սահմանից դուրս չի եկել, սակայն նշվել է, որ Հայաստանից դուրս է եկել: Սրանք գուցե տեխնիկական, մեթոդական, ինչու չէ` մարդկային գործոնով պայմանավորված թերացումներ են: Եթե թվերը փոխվում են միտումնավոր, ապա այդտեղ կա քաղաքական մոտիվացիա:
- Արցախցիներն ի՞նչ պատճառաբանությամբ են արտերկրից Հայաստան վերադառնում: Նրանք ի՞նչ պատճառ են նշում:
- Ասեմ, որ մեկնածներից շատերն արտագաղթելու միտումով չեն հեռացել, ուղղակի անձնական, գործնական, զբոսաշրջային նպատակներով գնացել են, հետո վերադարձել են: 2023 թվականից սկսած, ես` ինքս էլ, մի քանի անգամ մեկնել եմ արտերկիր ու վերադարձել եմ, աշխատանքային նպատակներով եմ մեկնել, բայց ես էլ եմ այդ թվերում ներառված: Ինչ վերաբերում է արտագաղթած, սակայն Հայաստան վերադարձածներին, ապա ասեմ, որ պատճառները տարբեր են, սակայն հիմնականում մարդկանց ակնկալիքները չեն արդարացվել: Հիմնականում Ռուսաստանի Դաշնություն են մեկնում, աշխատանք չեն գտնում, լավ պայմաններ չեն գտնում, վերադառնում են՝ մտածելով, որ Հայաստանում ավելի լավ պայմաններ կան: Ի վերջո, Ռուսաստանի տնտեսական վիճակն էլ լավ չէ: Դեպքեր են լինում, որ տան տղամարդիկ արտագաղթում են, հետո ընտանիքին են տանում: Ես հույս ունեմ, որ արցախցիները կմնան Հայաստանում, սակայն դրա համար երկարաժամկետ ծրագրեր են հարկավոր, որպեսզի մարդիկ իրենց ապագան այստեղ պլանավորեն:
- Իշխանությունները պնդում են, որ 4 մլն դրամ են տալիս՝ բնակարան ձեռք բերելու համար, հիմա բնակավայրերի ցանկը համալրել են նոր բնակավայրերով: Արդյունքում՝ ցանկում ներառվել է 39 համայնքների 443 բնակավայր՝ նախկին 148-ի փոխարեն, բայց արցախցիները մեզ հետ մասնավոր զրույցներում ասում են, որ սա հերթական բլեֆն է` ծրագիրը նորից չի աշխատելու:
- Դա իրականություն է, սակայն չի նշանակում, որ բնակարանային ծրագիրը հիմնովին բարելավվել է: Ողջունելի է, որ ցանկն ընդլայնվել է, սակայն հաշվի առնենք, որ, ըստ պաշտոնական տվյալների, արցախցիների 82 տոկոսը բնակվում է Երեւանում, Կոտայքի, Արմավիրի եւ Արարատի մարզերում: Այս մարզերում եւ Երեւանում գրեթե ոչ մի բնակարան չի ներառվում 4 մլն-ի ցանկի մեջ: Այստեղ աջակցության չափը մնում է 3 մլն: Բնակարանային ծրագիրն ունի լուրջ, սկզբունքային խնդիրներ, արդյունավետության խնդիր: Ծրագիրը մեկնարկել է 2024 թ. հուլիսին, սակայն 2025 թ. հունվարի կեսերին ծրագրին դիմել ու հավաստագիր է ստացել 502 անձ: Բնակարան ձեռք է բերել ընդամենը 5 անձ: Այստեղ կա խնդիր: Մտածում են, որ կտրեն բնակվարձը, արցախցիները ճարահատյալ կգնան այս ծրագրի ետեւից, բայց խնդիրը բնավ բնակվարձի մեջ չէ: Չեն ուզում խորքային վերլուծել ու հասկանալ, թե ինչ խնդիրներ կան: Այս տարվա ապրիլից 50 հազար դրամները կդառնան 40 հազար, եւ դրանք կստանան միայն անչափահասները, հաշմանդամները` բացառությամբ երրորդ խմբի, ինչպես նաեւ՝ երեխաները: Հուլիսի 1-ից 40 հազարը կդառնա 30 հազար, իսկ 2026 թվականի հունվարի 1-ից ոչ ոք չի ստանա բնակվարձի աջակցություն: