Հասարակություն

Եթե գերիների վերադարձի խնդիրը թողնվի բացառապես Հայաստանի իշխանություններին՝ փակուղի է լինելու

Եթե գերիների վերադարձի խնդիրը թողնվի բացառապես Հայաստանի իշխանություններին՝ փակուղի է լինելու

Իմքայլականները շարունակում են իրենց հայտարարություններով շահարկել ադրբեջանական կողմում հայտնված հայ ռազմագերիների հայրենադարձության հարցը։

Երեկ լրատվամիջոցներից մեկում տարածված մի հարցազրույցում իմքայլական պատգամավոր Նազելի Բաղդասարյանն ասել էր․ «Նախորդ շաբաթ մենք սպասում էինք մեր հայրենակիցների վերադարձին, բայց նաև, թույլ տվեք ասել, որ որոշակիորեն ներքաղաքական զարգացումները դրանց խոչընդոտեցին»։

Բաղդասարյանի հայտարարությունը տարօրինակ է այն առումով, որ փորձում են իրենց իմքայլական անկարողությունները բարդել ներքաղաքական զարգացումների վրա այն դեպքում, երբ հենց իմքայլականների թողտվությամբ են տարածքներ հանձնվել Ադրբեջանին՝ Հայաստանից և Արցախից։

Այս թեմայով «Հրապարակը» կապ հաստատեց Շիրակի մարզի Արթիկ համայնքի ղեկավարի պաշտոնակատար, Արցախի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Բորիս Ավագյանի հետ, ով նույնպես ներգրավված է մարզի ռազմագերիների վերադարձի հարցերում։ «Ես այդպիսի տեղեկություններ չունեմ, որ քաղաքական գործընթացների պատճառով չեն վերադառնում։ Ինձ ծնողներ զանգահարել են, ասել են, որ «իրենց խոստացել են ամսի 3-ից հետո», բայց ես այդպիսի տեղեկություններ չունեմ», - ասաց Ավագյանը։

Հարցին, թե իշխանական պատգամավորները որևէ դերակատարում ունե՞ն գերիների վերադարձի հարցում, որ այս թեմայով հարցազրույցներ են տալիս, պատասխանեց, որ իր կարծիքով՝ դրանք ուղղակի շահարկումներ են։ «Հնարավոր է, որ կառավարությունից ինչ-որ մեկը տեղեկացնում է իրենց։ Ես տեղյակ չեմ։ Չեմ կարծում, որ ներքաղաքական պրոցեսները կարող են բանակցային գործընթացների վրա ինչ-որ ազդեցություն ունենալ», - ասաց Ավագյանը։

Գերիների հարցով, ըստ Ավագյանի, զբաղվում են պետական բարձր մակարդակով։

Անդրադառնալով Բաղդասարյանի խոսքին՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում շուրջ 130 գերեվարված անձանց շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանն ասաց, որ այդպիսի տեղեկություն չունի։ «Ավելին, մենք ունենք այնպիսի տեղեկատվություն, որ երբ վարչապետը հրապարակային մեղադրեց Ալիևին գերիների խնդիրը սակարկելու մեջ, դրան հետևեց կոշտ արձագանքը [«Մենք բոլոր ռազմագերիներին ավելի վաղ ենք վերադարձրել Հայաստան: Նրանք, ովքեր այժմ մնում են, դիվերսանտներ են»] Ադրբեջանի նախագահի, որը որդեգրեց կտրուկ ժխտողական քաղաքականություն։ Եվ դա պատասխան էր ոչ լիարժեք մտածված հայտարարության։ Եվ Ալիևի նպատակն էր ցուցադրել, որ հաշվի չի նստում նման ղեկավարի հետ և այլևս ոչինչ իրեն տալու չունի», - նշեց Սահակյանը։

Ըստ իրավաբանի՝ սա միջպետական հարաբերություններում Հայաստանի ղեկավարի թույլ դիրքավորման արդյունք է։ «Եթե բանակցային սեղանին իրեն արժանապատիվ պահեր՝ Հայաստանի և ՀՀ քաղաքացիների շահերը պաշտպանելու տեսանկյունից, թերևս իր հետ Ալիևն ավելի պատասխանատու կխոսեր։ Հետևաբար հասկացանք, որ գործընթացը մտնում է փակուղի, քանի որ գերքաղաքականացված է, ինչն անթույլատրելի է։ Որևէ սպասում վերադարձի չկար և չէր էլ կարող լինել։ Մենք ապավինում ենք միջազգային գործընկերների միջամտությանը։ Այս առումով, կարծես, դրական տեղաշարժ կա։ Որոշ եվրոպական, ամերիկյան, կանադական կառույցներ, այդ երկրների ղեկավարություններ այս խնդրով հետաքրքրություն են ցուցաբերում։ Եվ առանձին կոչերով փորձում են ազդել Ադրբեջանի իշխանությունների վրա։ Չեմ բացառում, որ այս առնչությամբ կլինեն կոշտ քաղաքական հայտարարություններ», - հավելեց Սիրանուշ Սահակյանը։

Սահակյանն ակնկալում է, որ ՄԻԵԴ-ը հարցը պետք է ծանուցի Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեին, որպեսզի քաղաքական այս մարմինն իր ճնշումը գործադրի, և այլ երկրների, միջազգային կառույցների օգնությամբ հանարավոր լինի այս խնդրի լուծումը։ «Եթե այս խնդիրը թողնվի բացառապես Հայաստանի իշխանություններին, փակուղի է լինելու։ Եվ մենք ստիպված ենք երկարատև մոռանալ մեր ռազմագերիների կյանքի և ճակատագրի մասին։ Ադրբեջանը կարող է հաշվի նստել միայն այն պետության հետ, որն ուժեղ է։ Եթե պետությունը նպատակային քայքայվում է, կապ չունի այդտեղ, թե իշխանություն-ընդդիմություն ինչ փոխհարաբերություններ ունեն։ Նաև կոչ եմ անում նման քաղաքական խնդիր լուծող անձինք և կառույցները չխաղան մեր քաղաքացիների էմոցիոնալ տրամադրությունների հետ։ Այդ արարքը [գերիների հարցի շահարկում] նույնքան պատժելի և հանցավոր է, որքան Ադրբեջանի ժխտողական քաղաքականությունը», - շեշտեց նա։

Հարցին՝ Նախարարների կոմիտեն միջամտելու է ՄԻԵԴ վճիռների՞ց հետո, պատասխանեց, որ ոչ։ «Մենք աշխատում ենք Դատարանի հետ։ Նաև Լիազոր ներկայացուցչի գարսենյակն է աշխատում միջպետական գանգատի շրջանակներում։ Հույս ունենանք, որ դատարանը մեր միջնորդությունները, մեր խնդրանքները կբավարարի, և հարցը կուղարկի Նախարարների կոմիտե»։

Գերիների հետ կապված միջանկյալ միջոցներով արդեն Նախարարների կոմիտեն կարող է քաղաքական միջամտություն ցուցաբերել։ «Մենք չենք սպասի մինչև գործի առնչությամբ վերջնական վճիռների կայացումը, որովհետև դա բավականին երկար կտևի։ Մեր խնդիրն է այս փուլում խնդիրը տանել քաղաքական մարմին, որովհետև խնդիրը քաղաքականացված է», - շեշտեց Սիրանուշ Սահակյանը։

Հարցին, թե տեղեկություններ ունի՞, որ ռազմագերիներն արդեն ներգրավվել են Ադրբեջանի դատական գործընթացների մեջ, պատասխանեց․

«Մենք [ՄԻԵԴ] դատական գործընթացում չունենք Ադրբեջանի իշխանությունների դիրքորոշում, որ մեր վստահորդները հանցագործներ են։ Եվ այդ առնչությամբ մեզ փաստաթղթեր տրված չեն։ Որ պահից իրենք դիրքորոշումը կպաշտոնականացնեն, մենք դատարանում քննարկման առարկա կդարձնենք նաև կարգավիճակը։ Եվ դատարանն է լինելու այն վերջնօղակը, որ պատասխանելու է հարցին՝ «Մենք գործ ունենք դասական ռազմագերո՞ւ, գերեվարվա՞ծ անձի հետ, թե՞ իրական հանցագործների»։ Ինչ որակում էլ, որ տան Ադրբեջանի իշխանությունները, վերջնական չէ։ Եվ մենք դրա առնչությամբ ունենք Եվրոպական դատարանի վերահսկողությունը։ Եվ այստեղ է, որ մեզ ապահով ենք զգում»։
 

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image