Հասարակություն

Թուրք-ադրբեջանական տանդեմը փորձում է Հայաստանին զրկել ռազմավարական կարգավիճակից

Թուրք-ադրբեջանական տանդեմը փորձում է Հայաստանին զրկել ռազմավարական կարգավիճակից

Օրերս Թուրքիան դիմել էր Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը (ՄԱԳԱՏԷ)՝ Մեծամորի ատոմային էլեկտրակայանի գործունեությունը դադարեցնելու պահանջով։ «Հայկական ԱԷԿ-ը գտնվում է մի տարածաշրջանում, որտեղ բավականին հաճախ են բնական աղետներ տեղի ունենում։ Ատոմակայանը շատ մոտ է գտնվում մեր սահմանին, շահագործվում է հին տեխնոլոգիաներով, այն սպառնալիք է ամբողջ տարածաշրջանի համար»,- նշված է այդ դիմումի մեջ։

Էներգետիկ ոլորտի փորձագետ Վահե Դավթյանը, մեզ հետ զրույցում անդրադառնալով այս դիմումին, ասաց, որ այս դիմումն առաջինը չէ։ «Իրականում սա առաջին դեպքը չէ, 1995 թվականից ի վեր, երբ վերաշահագործվեց հայկական ատոմային էլեկտրակայանի երկրորդ բլոկը, Թուրքիան, նաեւ՝ Ադրբեջանը, բազմիցս դիմել են տարբեր միջազգային կառույցների, այդ թվում՝ նաեւ ՄԱԳԱՏԷ-ին՝ այդ պահանջով, եւ ոչ միայն դիմում էին ներկայացնում, այլեւ ես հիշում եմ, որ Հեյդար Ալիեւի եւ Մուհամեդ ալ Բարադեյի, ով 2000-ականների սկզբին ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարն էր, հանդիպում էր տեղի ունեցել, եւ առանցքային հարցերից մեկը, որը բարձրացրել էր Հեյդար Ալիեւը, հենց ատոմակայանի կողմից ստեղծվող էկոլոգիական ռիսկերն էին։ Եվ այս ամբողջ տարիների ընթացքում ձեւավորվում էր այն դիսկուրսը, որ բացի նրանից, որ ատոմակայանը գտնվում է սեյսմիկ ակտիվ գոտում, նաեւ լուրջ առողջապահական խնդիրներ է ստեղծում տարածաշրջանի համար, մասնավորապես խոսվում է սահմանամերձ գոտում, օրինակ՝ Իգդիր քաղաքում ուռուցքաբանական հիվանդությունների կտրուկ աճի, ինչպես նաեւ անոմալիաներով ծնվող երեխաների մասին։ Բանը հասել էր արդեն նրան, որ այս տարվա մարտ ամսին Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպանը եւս միջազգային իրավապաշտպան կառույցներին դիմեց հորդորով՝ կոչ անել Հայաստանին՝ գնալ ատոմակայանի կոնսերվացման ճանապարհով, եւ Հայաստանից ընդամենը ատոմակայանի երկրորդ էշելոնի ղեկավարության կազմից արձագանքեցին։ Այսինքն՝ այս քաղաքականությունը, որը պայմանական կարող ենք հակահայկական հակամիջուկային լոբբինգ անվանել, իրականացվում է 1994-95 թվականներից ի վեր։ Դե յուրե Թուրքիան, ինչպես նաեւ ցանկացած երկիր, որը ստորագրել է 1996 թվականի ՄԱԳԱՏԷ-ի լրացուցիչ արձանագրությունները, իրավունք ունի նման նախաձեռնություններով հանդես գալու, այլ բան է, թե ՄԱԳԱՏԷ-ն դա ի գիտություն կընդունի՞, թե՞ ընթացք կտա այդ դիմումին։ Հույսով ենք, որ ՄԱԳԱՏԷ-ն կհիմնվի առավելապես այն վկայությունների վրա, որը հենց այդ կառույցի ներկայացուցիչներն ու փորձագետներն են տարել ատոմակայանից՝ անվտանգության վերաբերյալ, եւ այս ամենը քաղաքական մոտիվացիա չի ունենա»,- պատասխանեց Դավթյանը։

Փորձագետին հարցրինք՝ հնարավո՞ր է, որ Թուրքիայի այս դիմումը զուգորդվի նաեւ հայ-ռուսական վատ հարաբերությունների հետ, եւ մեզ համար վատ հետեւանքներ լինեն՝ հաշվի առնելով, որ ատոմակայանի շահագործողը «Ռոսատոմն» է։

«Դուք շատ ճիշտ եք նկատում, որ սա պետք է դիտարկվի հենց հայ-ռուսական հարաբերությունների տիրույթում, որովհետեւ հայկական ատոմային էլեկտրակայանը, վերջին հաշվով, 2000-ականներից ի վեր դարձել է աշխարհաքաղաքական բախման կետ։ Այսօր արդեն Երեւանի կողմից պետք է որոշում կայացվի՝ արդյոք մենք կառուցելո՞ւ ենք նոր ատոմակայան, թե՞ ոչ, եւ եթե կառուցելու ենք, ո՞ւմ հետ ենք համագործակցելու։ Մենք այսօր ունենք մի քանի առաջարկ։ Ունենք առաջարկ ՌԴ-ից՝ «Ռոսատոմից», որը հավուր պատշաճի կատարեց իր բոլոր պարտականությունները՝ կապված գործող երկրորդ էներգաբլոկի մոդեռնիզացման հետ, եւ այդ բլոկի շահագործման ժամկետը երկարացվեց ոչ թե 2027, այլ հիմա բոլոր հիմքերը պատրաստվում են՝ մինչեւ 2036 թվականը ժամկետը երկարացնելու։ Մյուս կողմից, կա ԱՄՆ-ի կողմից արվող առաջարկը, որը, կարծում եմ, ոչ մի աղերս չունի Հայաստանի էներգետիկ անվտանգության հետ, որովհետեւ, առաջարկի համաձայն, ԱՄՆ-ն դիտարկում է մոդուլային, այսինքն՝ շարժական, փոքր հզորության ատոմակայանի կառուցում՝ 50-100 մեգավատ, իսկ «Ռոսատոմն» առաջարկում է 1000-1200 մեգավատ։ Եվ հիմա էլ ինչ-որ առաջարկներ են ստացել Հարավային Կորեայից, որը եւս միջուկային երկիր է, բայց այդտեղ դեռեւս որեւէ հստակություն չկա։ Հաշվի առնելով աշխարհաքաղաքական զարգացումները Հարավային Կովկասում եւ մասնավորապես՝ Հայաստանում, ես կարծում եմ, որ Թուրքիան, հաշվի առնելով ռուսական գործոնի ազդեցությունը Հայաստանի միջուկային էներգետիկայում, փորձելու է նվազեցնել այդ գործոնը եւ ազդեցությունը։ Ի դեպ, Թուրքիան այդ նույն քաղաքականությունը վերջին շրջանում փորձում է իրականացնել հենց Թուրքիայում։ Գիտենք, որ Ռուսաստանն իր ներդրումներով Թուրքիայում կառուցում է խոշորագույն ատոմակայան՝ 4800 մգ/վատանոց, միեւնույն ժամանակ վերջին 2 տարիների ընթացքում Անկարան եւ Մոսկվան բանակցում էին թուրքական Սինոբում կառուցել եւս մեկ մեծ հզորության ատոմակայան։ Անգամ սեպտեմբերի 4-ին Պուտին-Էրդողան հանդիպման ժամանակ Էրդողանը հայտարարեց, որ սա առանցքային հարցերից մեկն է ռուս-թուրքական օրակարգի, եւ ընդամենը վերջերս պաշտոնական Անկարան հայտարարում է, որ կա որոշակի հստակություն Սինոբի ատոմակայանի մասով, եւ մեծ հավանականությամբ այդ շինաշխատանքները, ինչպես նաեւ ներդրումներն իրականացվելու են Չինաստանի կողմից։ Այսինքն՝ այստեղ Թուրքիան եւս թուրքական միջուկային էներգետիկայում փորձում է նվազեցնել Ռուսաստանի ազդեցությունը։ Ատոմակայանը մենք ավանդաբար դիտարկում ենք ոչ միայն էներգետիկ, այլեւ, առհասարակ, ազգային անվտանգության հենասյուներից մեկը։ Խլելով այն՝ հերթական հարվածն է հասցվելու Հայաստանի սուբյեկտայնությանը, երկրորդը՝ եթե միայն չոր տնտեսական տեսանկյունից դիտարկենք, ապա կզրկվենք էլեկտրաէներգիա արտահանելու հնարավորությունից, որովհետեւ արտահանելու համար անհրաժեշտ է կայուն էլեկտրաէներգետիկ գեներացիա, դրա փոխարեն մեզ 2000-ականներից ի վեր, այնուհետեւ՝ 2017 թվականին ԵՄ-ի հետ կնքած հայտնի պայմանագրի շրջանակներում առաջարկվում է ատոմակայանը փոխարինել հիմնականով վերականգնվող էներգետիկայի օբյեկտներով, ինչը չի կարող Հայաստանը դիրքավորել որպես արտահանող երկիր։ Սրա հետ մեկտեղ, ամենակարեւորն այն է, որ տանելով Հայաստանը կոնսերվացման ճանապարհով՝ Թուրքիան ու Ադրբեջանը գնում են հակառակ ճանապարհով․ Թուրքիան զարգացնում է միջուկային էներգետիկան, իսկ Ադրբեջանը բանակցություններ է սկսել «Ռոսատոմի» հետ՝ Ադրբեջանի տարածքում ատոմակայանի վերաբերյալ, մինչդեռ այս պահի դրությամբ Հայաստանը տարածաշրջանում դեռեւս միակ երկիրն է, որն ունի խաղաղ ատոմի զարգացնող կարգավիճակ։ Սա ռազմավարական կարգավիճակ է, եւ հաշվի առնելով այն բարենպաստ պայմանները, որոնք այսօր ստեղծվել են թուրք- ադրբեջանական տանդեմի համար, այսօր մեզ փորձում են այդ կարգավիճակից զրկել»,- պատասխանեց Դավթյանը։
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image