Երևանի քրեական դատարանը որոշում է կայացրել՝ 3 ամսով կալանավորել քրեական գործով անցնող ամբաստանյալ, իր խնամքին երեք անչափահաս երեխա ունեցող Լիանա Հարությունյանին միայն այն բանի համար, որ նա չի ներկայացել դատական նիստի: Այս մասին այսօր աղմուկ բարձրացրեց Հարությունյանի պաշտպան Զարուհի Փոստանջյանը:
Լիանա Հարությունյանի երեխաներից մեկն ընդամենը 9 ամսական է: Կինը դատարան չի ներկայացել, քանի որ չի կարողացել երեխաների համար խնամող գտնի այդ օրը, սակայն նրան զանգահարած եւ այցելած ոստիկանները դատարանին ներկայացրել են, թե չեն կարողանում հայտնաբերել կնոջը:
Զարուհի Փոստանջյանը պատրաստվում է բողոքարկել կալանքի մասին դատարանի որոշումը, համարում է սա անմարդկային քայլ: «Երեք անչափահաս երեխա ունի, ու մի անգամ ընդամենը նիստի չի եկել, ինչի համար դատարանը փոխեց խափանման միջոցը, երեք ամսով կնոջը կալանավորելու որոշում ընդունեց: Հոդվածն էլ օժանդակման հոդված է, փաստաթուղթ է թարգմանել ինչ որ խմբի համար, եւ նրան եւս մեղադրանք են առաջադրել որպես օժանդակողի», - ասում է Զարուհի Փոստանջյանը:
Լիանա Հարությունյանը մեղադրվում է Հնդկաստանի 16 քաղաքացիների ապօրինի միգրացիան կազմակերպելուն օժանդակելու համար: Ըստ մեղադրանքի, Լիանա Հարությունյանը թարգմանչական ծառայություններ է մատուցել, տիրապետելով հնդկերենին եւ հայերենին: Այս նույն գործով անցնում են «Անանիա Շիրակացի» համալսարանի ռեկտոր Վաղարշակ Մադոյանը եւ նրա որդին, որը նույն բուհում պրոռեկտոր է աշխատում: Հնդկաստանի քաղաքացիները «ձևականորեն», ինչպես նշվում է մեղադրանքում, ուսման են ընդուվել «Անանիա Շիրակացու» համալսարան եւ այդ հիմքով ՀՀ-ում ժամանակավոր կացության կարգավիճակ ստանալու գործընթաց է կազմակերպվել:
Երեկ Լիանա Հարությունյանը անզորությունից նստել էր դատարանի դահլիճում եւ հրաժարվում էր ոստիկանների հետ գնալ մեկուսարան, նա աղիողորմ լաց էր լինում` աղաղակելով. «Իմ երեխայի համար չեն կարողանում ճաշ պատրաստել, ինձ մոտ բերեք իմ երեխուն, ոնց կարելի է մորը երեխայից զրկել»: Լիանայի փոքրիկին կբերեն նրա մոտ` կալանավայր: Այսպես կալանքը դատավորների համար մի բաժակ ջուր խմելու նման բան է դարձել, քաղաքացիներին պատժելու հիվանդագին ձեւ: