Մշակույթ

Նոր ատեստավորման գործընթաց՝ նոր պահանջներով 

Նոր ատեստավորման գործընթաց՝ նոր պահանջներով 

ՀՀ կառավարությունն օրեր առաջ հավանություն է տվել գիտական կադրերի ատեստավորման կարգում փոփոխության նախագծին: Ըստ ԿԳՄՍՆ-ի, 2023 թվականի տարեվերջին հաստատված կարգում առաջարկվող փոփոխությունները եւ լրամշակումները նպատակ ունեն հստակեցնել սահմանված մի շարք հասկացությունները եւ գիտական աշխատողների տարակարգերի համար նախատեսված արդյունքային ցուցանիշները` 2026 թվականին անցկացվելիք ատեստավորման ժամանակ հնարավոր տարընթերցումներից խուսափելու նկատառումով: Ըստ այդմ, 2026 թվականին գիտական համակարգում աշխատողների նոր ատեստավորման գործընթաց է նախատեսվում` նոր պահանջներով, որից ելնելով՝ կվերանայվեն նաեւ գիտական կազմակերպությունների ֆինանսավորման ծավալները:   

ԳԱԱ ակադեմիկոս-քարտուղար Արթուր Իշխանյանը մեզ հետ զրույցում մանրամասնում է՝ 2026-ին նախատեսված է համապետական ատեստավորում, որն արդեն պետք է տեղի ունենա այլ կանոններով, որովհետեւ «2021թ. ատեստավորումն իրականացվել է ատեստավորման այն սկզբունքների հիման վրա, որոնք գրված էին 2001-ի որոշման մեջ, իսկ 2001-ի այդ որոշումն ուներ բազմաթիվ թերություններ։ Ակնհայտ էր, որ արդեն անհրաժեշտություն կա փոփոխության, եւ 2 տարի առաջ սկսվեցին նոր կարգի մշակման աշխատանքները, որն ընդունվեց անցած տարի»: Իշխանյանը նկատում է, որ նոր կարգն անցած տարի դրվեց քննարկման, շրջանառվեց ինստիտուտներում, որի առնչությամբ եղան բազմաթիվ դիտողություններ, առաջարկություններ։

Ինքն անձնապես համակարգել է Ակադեմիայի կազմում ներգրավված ինստիտուտներում տարվող այդ քննարկումները, ավելին՝ 44 կետից բաղկացած առաջարկությունների փաթեթ են ուղարկել ԿԳՄՍՆ, որտեղ մի շարք կետերի վերաբերյալ տարաբնույթ դիտողություններ կային․ «Ընդհանուր առմամբ, պետք է նշել, որ այդ նոր կարգը, որն ընդունվեց, էական, շատ կարեւոր քայլ առաջ է։ Բազմաթիվ նոր, դրական բաներ կային այդ նոր կարգում, դրանցից մեկը տարակարգերի ճշգրտումն է, օրինակ՝ ճարտարագետի ու ավագ ճարտարագետի, ինչպես նաեւ՝ գիտական ղեկավարի պաշտոնների հետ կապված, որոնք չկային անցյալում, դա լաբորատորիայի վարիչ, ստորաբաժանման ղեկավար՝ այդ սեկտորի մասին է, դրանց պարտականությունների, ատեստավորման կարգի հետ կապված նորություններ, որոնք նոր երեւույթներ են եւ այսօր ներառված են նոր կարգում։ Բացի այդ, կարեւոր փոփոխություն է 2 բացարձակ նոր տարակարգերի սահմանումը, այն է՝ առաջատար գիտաշխատողի եւ պատվավոր առաջատար գիտաշխատողի՝ արտասահմանյան բուհերում լայնորեն կիրառվող տարակարգերի ներդրումն է, որը վերաբերում է կենսաթոշակային տարիքի գիտնականներին եւ ցմահ սահմանում է նրանց համար համապատասխան ֆինանսական ապահովում՝ բավական լավ պայմաններով»։  

Չնայած փաստաթղթում շատ են դրական միտումներն ու փոփոխությունները, որոնք ընդունվել են գիտական հանրության եւ Ակադեմիայի կողմից, այդուհանդերձ, ըստ ԳԱԱ ակադեմիկոս-քարտուղարի, առկա են նաեւ բազմաթիվ թերություններ։ «Օրինակ, թերություններից մեկը վերաբերում է նրան, որ ինչ-որ տարակարգերի համար պահանջվող գիտական հոդվածները հաշվառում են, երբ հեղինակն առաջին կամ վերջին հեղինակն է հեղինակների խմբում կամ գրագրությունն ապահովողն է։ Դրա վերաբերյալ կային դիտողություններ, որ, օրինակ, կան գիտական ոլորտներ, որտեղ հեղինակները նշվում են այբբենական կարգով, այլ ոչ թե՝ ըստ իրենց ներդրման։ Այս կետն ուղիղ առնչություն ունի այն ոլորտներին, որտեղ ընդունված է, որ առաջին հեղինակը սովորաբար աշխատանքի հիմնական կատարողն է, վերջին հեղինակը՝ սովորաբար աշխատանքի գլխավոր գաղափարախոսը, ղեկավարը, իսկ գրագրությունը պահողը՝ իր կարեւորությամբ, 2-րդ, 3-րդ դեմքն է այդ խմբում։ Այդ պատճառով, դա տարածել բոլոր ոլորտների վրա՝ որոշ ինստիտուտներ ընդունելի չէին համարել»,- ընդգծում է Իշխանյանը։

Կարեւոր առաջարկներից մեկը եղել է այն, որ նոր ատեստավորման կարգում շատ կարեւոր կետ է «Սկոպիուս» եւ «Վեբ օֆ սայնս» միջազգային գիտատեղեկատվական շտեմարաններում ներգրավված ամսագրերում արված հրապարակումների հանգամանքը, ինչը, ըստ ակադեմիկոսի, խիստ կարեւոր առաջընթաց է, որը կխթանի գիտական աշխատանքների որակի բարձրացումը․ «Մյուս կողմից, այդտեղ կան առարկություններ, որոնցից ամենաէականն այն է, որ այդ դեպքում ամբողջությամբ ստորադասվում են մեր տեղական, հայկական ամսագրերը, եւ կար առաջարկ, որ ինչ-որ կերպ, ինչ-որ գործակցով հաշվի առնել նաեւ մեր հրապարակումները մեր ամսագրերում։ Առարկությունների մի խումբը վերաբերել է նաեւ հայագիտական եւ հումանիտար ոլորտին, որտեղ գիտաչափական մեթոդների կիրառումն այն ձեւով, ինչպես գրված էր նախագծում, չափազանց խիստ էր եւ ինչ-որ տեղ՝ չհիմնավորված։ Արդյունքում մենք կունենանք որոշակի եւ շատ լուրջ կորուստներ»։  

Ինչպես ընդգծում է զրուցակիցս՝ վերջերս շրջանառության մեջ դրվեց ատեստավորման նոր կարգում փոփոխություններ կատարելու վերաբերյալ նոր որոշման նախագիծը․ «Այդ փոփոխություններով լրջորեն թուլացվել են այն պահանջները, որ դրվում են հումանիտար եւ հասարակագիտական ոլորտի գիտաշխատողների ցուցանիշների վրա, դրանք իջեցրել են 2/5, ինչը դրական քայլ է՝ համահունչ մեր առաջարկություններին։ Մեծ հաշվով, ատեստավորման հիմնարար փաստաթուղթը, որն անցած տարի ընդունվեց, ընդհանուր առմամբ, շատ դրական քայլ է՝ մեր 40-ից ավելի առարկություններով հանդերձ։ Ինչ վերաբերում է վերջին փոփոխություններին, որոնք իրականացվում են վերջին ընդունված փաստաթղթում, դրանք հիմնականում ճշգրտումներ են՝ խմբագրական եւ այլ բնույթի, բայց նաեւ կարեւոր մի քանի կետ կա, որոնք հաշվի են առնում գիտական հանրության քննարկումները, առաջարկները, ինչը եւս ողջունելի է։ Միաժամանակ, կան մի շարք կետեր, որտեղ մենք ունեինք էական առարկություններ, որոնք հաշվի առնված չեն, ինչը, ես կասեի՝ ցավալի է»։

Որո՞նք են այդ կետերը, որոնք հաշվի չեն առնվել։ «Օրինակ, գլխավոր գիտաշխատողին ներկայացվող պահանջներում կար այսպիսի բան, որ վերջին 5 տարվա ընթացքում իրենք ունենան կրթության 3-րդ մակարդակում՝ 3 ասպիրանտ, ինչը փաստացի տեխնիկապես հնարավոր չէ։ Եթե որեւէ ինստիտուտում տարեկան տրվում է 1-2 տեղ, ապա 5 տարվա ընթացքում դա 10 տեղ է, իսկ 10 տեղով 3-ից ավելի մարդ չի կարող ունենալ 3-ական ասպիրանտ, առավել եւս, ցավոք սրտի, մի շարք տեղեր դեռեւս թափուր են մնում, իսկ ինստիտուտում ռեալ այդ տեղին հավակնող կա 5-7 հոգի, թվերը պետք է լինեն իրատեսական, անհրաժեշտ էր ելնել նրանից, թե իրատեսորեն որքան է հնարավոր ունենալ, եւ մենք առաջարկում էինք այդ ասպիրանտների 3 թիվն իջեցնել գոնե 2-ի։ Եվ կան նման մի քանի այլ՝ չափից ավելի կարծր կետեր, որն իմաստ ուներ թուլացնել, ինչն արվեց հումանիտար, հասարակական ոլորտի հետ»։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image