Քաղաքականություն

ԱԺ պատգամավոր դառնալու համար պետք է քծնել Փաշինյանին, ԱԺ նախագահ դառնալու համար՝ Ալիեւին

ԱԺ պատգամավոր դառնալու համար պետք է քծնել Փաշինյանին, ԱԺ նախագահ դառնալու համար՝ Ալիեւին

Ալեն Սիմոնյանը բացահայտում է իշխանության շուստրիության մակարդակը կամ պրիմիտիվիզմը: Նա ասում է, որ երբ խաղաղության պայմանագիր ստորագրվի, հայերը կարող են ապրել Բաքվում, մյուսները` նկատի ունի ադրբեջանցիներին, կարող են վերադառնալ էն ՀՀ գյուղերը, որտեղ ժամանակին ապրել են: «Խաղաղության պայմանագիրը կնքելուց 5 րոպե հետո ՀՀ եւ Ադրբեջանի բնակիչները սկսելու են իրար հետ առեւտուր անել»,- ասում է նա: Նրա այս ուղերձներն ուղղված են Ադրբեջանի նախագահին, նա Ալիեւին ասում է՝ ինչո՞ւ ես պահանջում 300 հազար ադրբեջանցիների վերադարձի իրավունքի ամրագրում, դրանով ընդամենը ձգձգում ես քո ուզածի իրականացումը, եթե դու իսկապես ուզում ես, որ 300 հազար ադրբեջանցի գա եւ ապրի Հայաստանում, խաղաղության պայմանագիրը բավարար է այդ հարցը լուծելու համար, դու այդ թուղթը ստորագրի, դրանից 5 րոպե հետո ադրբեջանցիները կարող են առեւտրականի անվան տակ գալ Հայաստան եւ բնակվել այն գյուղերում, որտեղ նախկինում ապրել են, առանց որեւէ խոչընդոտի կիրագործվի նրանց ցանկությունը: Ալիեւը կլսի՞ Ալեն Սիմոնյանի խորհուրդները, կհետեւի՞ դրանց: Գուցե նա Ալեն Սիմոնյանին նշանակի իր խորհրդական՝ Հայաստանի հետ հարցերի գծով: 

Ընդհանրապես, ինչո՞ւ է Հայաստանի իշխանությունն ուզում խաղաղության պայմանագիր ստորագրել, ի՞նչ է դա տալու Հայաստանին: Փաշինյանի եւ նրա իշխանության ներկայացուցիչների տրամաբանությամբ, այդ թղթում իրենց համար կարեւորն այն է, որ Ադրբեջանը ճանաչում է ՀՀ տարածքը՝ Խորհրդային Հայաստանի սահմաններում: Փաշինյանին, Սիմոնյանին եւ մյուսներին պետք է մի թուղթ, որով ֆիքսվի ներկա ստատուս քվոն, որ Ադրբեջանը Հայաստանը ճանաչի գործող սահմաններում: Ադրբեջանը նման փաստաթուղթ չի ստորագրում եւ թերեւս չստորագրի էլ, որովհետեւ առկա ստատուս քվոյի ամրագրումն իրեն պետք չէ, ի՞նչ է դա տալիս Ալիեւին կամ Ադրբեջանին: Բացարձակ ոչ մի բան: Հակառակը՝ Ալիեւն ուզում է փոխել առկա ստատուս քվոն հօգուտ իրեն, ուզում է Հայաստանի տարածքից նոր կտորներ պոկել եւ բռնակցել Ադրբեջանին: Հիմա դրա համար լեգիտիմ հնարավորություն չունի, միջազգային իրավունքը, որոշ արտաքին ուժեր դրան դեմ են, բայց նա հույս ունի, որ ապագայում այդ հնարավորությունը կստեղծվի, կամ ինքը կստեղծի: Իրեն նման թղթի կտոր պետք չէ:

Նախ՝ Ալիեւն ուզում է, որ ադրբեջանցիները Հայաստան գան ոչ թե որպես առեւտրականներ կամ վերաբնակներ, որ կանաչի կամ միրգ վաճառեն, Փաշինյանն ու Սիմոնյանն էլ էժան գնով իրենց հայրենի Աղդամի նուռն ու թուզն ուտեն, այլ ուզում է, որ նրանք տիրոջ իրավունքով վերադառնան իրենց գյուղերը, տները, որոնք մի 35-40 տարի առաջ կորցրել են: Ուզում է, որ այդ գյուղերից հեռանան ներկայիս հայ բնակիչները, որոնց մեծ մասն Ադրբեջանից բռնագաղթած հայեր են, ովքեր նպատակ չունեն վերադառնալ Ադրբեջան, ապրել Ալիեւի իշխանության տակ: Ալիեւն ուզում է, որ իրավական հիմք ունենա՝ վերադարձած ադրբեջանցիների իրավունքները պաշտպանելու, պետք եղած դեպքում՝ միջամտելու, դրա համար խաղաղության պայմանագիր չի կնքում:

Հույս ունի նաեւ, որ գործող միջազգային իրավունքը, մասնավորապես՝ պետությունների տարածքային ամբողջականության եւ սահմանների անձեռնմխելիության իրավունքը եւս կվերախմբագրվի: Հիմա Ռուսաստանը պահանջում է, որ աշխարհը Ղրիմը, Ուկրաինայի 4 մարզերը` Խերսոնը, Զապորոժիեն, Դոնեցկն ու Լուգանսկը, ճանաչի ՌԴ տարածքի մաս: Աշխարհը դեմ է, բայց չի բացառվում, որ ինչ-որ պահի փոխզիջման գան: Ի վերջո, Սերբիայի մաս կազմող Կոսովոյի անկախությունը ճանաչելով՝ միջազգային իրավունքի այդ նորմը դադարել է բացարձակ լինելուց, այլ օրինակներ եւս կան, երբ տարբեր երկրներից տարածքներ են անջատվում, անցնում ուրիշների հսկողության տակ: Եթե մյուսներին կարելի է, ինչո՞ւ Ադրբեջանին չի կարելի:

Եթե Փաշինյանի ուզածը ստատուս քվոն ֆիքսելն է, դա հնարավոր է անել նաեւ առանց պայմանագրի: Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ մինչեւ 2020-ը խաղաղության պայմանագիր չկար, բայց կար ֆիքսված ստատուս քվո: Դա ֆիքսվել էր ուժերի բալանսի շնորհիվ, երբ Ադրբեջանն այնքան էլ վստահ չէր, որ Հայաստանի դեմ ագրեսիայով հաջողության կհասնի: ԽՍՀՄ-ի եւ Ճապոնիայի միջեւ խաղաղության պայմանագիր չստորագրվեց, եւ ԽՍՀՄ իրավահաջորդ ՌԴ-ի ու Ճապոնիայի միջեւ էլ մինչ օրս նման պայմանագիր չկա, բայց այս երկրները տասնամյակներ ապրում են խաղաղության մեջ, որովհետեւ կա ուժերի բալանս: Ճապոնիան պահանջում է Կուրիլյան կղզիները, բայց չի կարող խախտել ստատուս քվոն, որովհետեւ հասկանում է, որ Ռուսաստանի դեմ նոր պատերազմը ոչ թե կօգնի վերադարձնել կորցրածը, այլ նոր կորուստների պատճառ կդառնա: Խաղաղության պայմանագիրն առեւտրի հետ եւս կապ չունի. Ռուսաստանի եւ Ճապոնիայի միջեւ պայմանագիր չկա, բայց առեւտուր կա, մինչեւ 2022 թ․ ռուս-ուկրաինական պատերազմը՝ չափազանց աշխույժ:

Ինչո՞ւ են Փաշինյանը եւ մյուսները փորձում գործող ստատուս քվոն ամրագրել ոչ թե 2 երկրների միջեւ որոշակի ուժային բալանս ստեղծելու, այլ Ադրբեջանին եւ Թուրքիային քծնելու, նրանց հպատակությունն ընդունելու միջոցով. մի պատճառով, իրական ուժային բալանս ստեղծելու համար պետք են աշխատանք, նվիրում եւ պետություն կառուցելու ընդունակություններ, իսկ քծնելու, հաճոյանալու, հպատակության համար դրանք պարտադիր չեն, դրանք հատկանիշներ են, որ իրենք ձեռք են բերել իրենց կյանքի եւ փորձառության շնորհիվ:
Շատերն ասում են, որ ՔՊ-ում մրցակցություն է սկսվել շեֆին հաճոյանալու եւ քծնելու գործում, որ նա հաջորդ ԱԺ ընտրություններում եւս իրենց ցուցակ մտցնի, իսկ Ալեն Սիմոնյանն ավելի առաջ է գնացել՝ գիտակցել է, որ ցուցակում երաշխավորված տեղի համար պետք է քծել եւ հաճոյանալ շեֆի վերադասին` Ալիեւին: Դրա համար էլ մյուսները շարքային պատգամավոր են, իսկ ինքը՝ ԱԺ նախագահ:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image