Իհարկե, հայրենիքը պետք է ապահով լինի, գրավիչ, մարդու կենսագործունեության համար հարմար։ Անապահով հայրենիքի հանդեպ մարդիկ, որպես կանոն, պարտավորություններ չեն զգում։ Չեն ուզում ապրել մի երկրում, որտեղ վտանգված է իրենց ներկան, չկա ապագա ու հեռանկար, անգամ եթե այդ երկիրը հայրենիք է կոչվում։ Բայց պատահում է նաեւ այնպես, որ մարդիկ իրենք են իրենց հայրենիքը դարձնում անապահով ու անապագա։ Որովհետեւ այն մարդիկ, ովքեր լավ, ապահով կյանքի են արժանի, դրա համար ջանք ու եռանդ չեն խնայում եւ ժամանակի ընթացքում հասնում են դրան՝ կառուցում են ապահով երկիր, որտեղ ուզում են ապրել ոչ միայն տեղաբնակները, այլեւ օտարները։
Փաստ է, որ մենք ազգովի թերացել ենք այդ հարցում։ Չենք կարողացել ապահով ու բարեկեցիկ երկիր կառուցել, որտեղ հարմարավետ կլինի ապրելը։ Բայց մեզնից բացի ոչ ոք չի կարող շտկել այս վիճակը եւ մեր երկիրը կարգի բերել։ Հիմա եկել է մեր՝ հայրենիքի հանդեպ պարտքը կատարելու եւ սխալները շտկելու ժամանակը։ Նրանք, ովքեր կլքեն պետությունն ու կհեռանան օտար՝ ավելի բարեկեցիկ երկրներ, կրկնակի սխալ գործած կլինեն նեղ վիճակում հայտնված հայրենիքի հանդեպ։ Եվ եթե Արցախից մարդիկ չեն արտագաղթում, ապրում են, հավատում են ապագային, ապա մենք՝ հայաստանցիներս, առավել եւս իրավունք չունենք հուսահատվելու եւ փախչելու։ Հակառակը՝ մենք պարտավոր ենք նաեւ Արցախին զորավիգ լինել, աջակցել ու վեր բարձրացնել։ Սակայն Արցախն այսօր ոչ թե մեր օգնության կարիքն ունի, այլ ընդամենը մեր ներկայության։
Արցախցին ավելի վստահ է, խաղաղ, համոզված, միայն զարմանում է՝ հայաստանցիներն ինչո՞ւ այլեւս չեն գալիս Արցախ։ Ասում են՝ եկեք, կընդունենք, կպատվենք, ցույց կտանք մեր ոգու ամրությունը, Արցախն անվտանգ է ու ապահով՝ մի վախեցեք, հյուր եկեք։