Քաղաքականություն

Չինաստանը չի արգելափակել Արցախին վերաբերող հայտարարությունը․ չին լրագրող

Չինաստանը չի արգելափակել Արցախին վերաբերող հայտարարությունը․ չին լրագրող

Լեռնային Ղարաբաղի 44-օրյա պատերազմի ընթացքում՝ հոկտեմբերի 25-ին, Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ էր հրավիրվել, որի ժամանակ քննարկվել էր հակամարտության սրացմանը վերաբերող մի նախագիծ։ 

ԱԽ նիստը հրավիրել էին ԼՂ հակամարտությամբ զբաղվող Մինսկի խմբի երեք համանախագահ երկրները՝ Ֆրանսիայի Հանրապետությունը, Ռուսաստանի Դաշնությունը, Ամերիկայի Միացյալ Նահանգները։ Համանախագահ երկրները նիստի ընթացքում ներկայացրել էին Արցախում ստեղծված իրավիճակի վերաբերյալ հայտարարության նախագիծ, որ պետք է բարձրաձայներ ԱԽ տվյալ պահի նախագահողը՝ Ռուսաստանը: 

Նախագիծը վերաբերում էր անհապաղ կրակի դադարեցմանը, հակամարտությանը երրորդ կողմերի միջամտության բացառմանը, հակամարտության մեջ ահաբեկիչների հայտնվելու անթույլատրելիությանը: Սակայն ՄԱԿ ԱԽ խորհրդի 5 մշտական անդամ պետություններից (ՌԴ, ԱՄՆ, ՉԺՀ, ՖՀ, Միացյալ Թագավորություն) մեկը տապալել էր այն, ու նախագիծը բանաձև չէր դարձել, համապատասխան դրույթներով հայտարարությունը չէր ընդունվել։ Նշենք, որ այս բանաձևի ընդունումը բեկումնային ազդեցություն կարող էր ունենալ հակամարտության հետագա ընթացքի և հետևանքների վրա։ 

Իսկ թե որ պետությունն էր արգելափակել կամ վետո դրել բանաձևի ընդունման վրա դեռևս շարունակում է հանելուկ մնալ, իսկ գլխավոր կասկածյալի դերում էին Միացյալ Թագավորությունը և Չինաստանը։ Առաջինի դեպքում կասկածը պայմանավորված էր Թուրքիայի և Ադրբեջանի հետ լավ հարաբերություններով, իսկ Չինաստանի դեպքում՝ իմքայլական իշխանությունների քայլերի հետ, քանի որ Հայաստանը միացել էր Կրոնական ազատության միջազգային դաշինքին, որը հիմնադրել էր ԱՄՆ-ը։ Վերջինս էլ շարունակ Չինաստանի առջև բարձրացնում է Ույղուրական խնդիրը և ույղուր ժողովրդի իրավունքների հարցը։ Դաշինքը նաև փորձագետների կողմից բնորոշվում է որպես հակաչինական, ինչն էլ կարող էր պատճառ դարձած լինել Չինաստանի դիրքորոշման համար։ 

Չնայած սրան, «Հրապարակի» հետ զրույցում «Գլոբուս Նյուզ» լրատվական կայքի լրագրող, չինացի Քուանբին Յինն ասաց, որ Չինաստանը չի արգելափակել հայտարարությունը։ «Ես կապվեցի Չինաստանում դիվանագիտական աղբյուրի հետ, ով ասաց, որ Չինաստանը չի արգելափակել հայտարարությունը», - նշեց նա։ 2020-ի դեկտեմբերի 26-ին պարոն Յինը «Հրապարակին» ասել էր, որ  «ձեր կառավարությունը երկու տարի առաջ ներկայացուցիչ ուղարկեց՝ մասնակցելու Համաշխարհային ույղուրական կոնգրեսի նիստին, որը չափազանց անխոհեմ էր ու վիրավորեց Չինաստանի կառավարությանը», պատասխանելով հարցին, թե ինչ դժգոհություններ ունի Չինաստանը Հայաստանի վերաբերյալ:

«Հրապարակի» աղբյուրը նույնպես բացառեց, որ Չինաստանն է եղել հայտարարությունն արգելափակած պետությունը։

Նշենք նաև, որ հայտարարության տապալման մասին 2020-ի նոյեմբերի 5-ին հայտարարել էր Արտաքին գործերի նախկին նախարար (2008, օգոստոսի 2 -  2020, նոյեմբերի 17) Շավարշ Քոչարյանը։ Ազգային ժողովում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը Քոչարյանին հարց էր ուղղել հակամարտության մեջ միջազգային կառույցների միջամտության վերաբերյալ։ 

ԱԳ նախկին նախարարը պատասխանել էր, որ հակամարտությանը միայն ՄԱԿ-ն է կարող ուղղակի միջամտություն ունենալ, որի համար անհրաժեշտ է Անվտանգության խորհրդի որոշում, որն էլ իր հերթին կարող է տարբերակված լինել՝ տնտեսական սանկցիաներից ընդհուպ մինչև ուժի կիրառում։ 

«Անհրաժեշտ է, որ ՄԱԿ-ի ԱԽ մշտական անդամներից (նրանք 5-ն են) ոչ մեկը վետո չդնի, առնվազն։ […] Դա շատ բարդ գործընթաց է։ […] Դա բացառիկ դեպքերում է արվում, որ եղավ ՄԱԿ ԱԽ փակ քննարկում: Հենց երբ որ սկսեց ագրեսիան, համանախագահ երկրները, որ նաև ՄԱԿ ԱԽ մշտական անդամ են՝ Ռուսաստան, Ամերիկա, Ֆրանսիա, ներկայացրին մի շատ հավասարակշռված մոտեցում, որը հետո պետք է հնչեցներ նախագահողը փակ քննարկման արդյունքում, այդ պարագայում (ամիսը մեկ փոխվում է նախագահությունը) հենց նախագահությունը Ռուսաստանինն էր։ Եվ այնքան, գիտե՞ք՝ ինչ, հավասարակշռված էր, խոսքը վերաբերում էր անհապաղ կրակի դադարեցմանը, խոսքը վերաբերում էր նրան, որպեսզի երրորդ կողմերը չմիջամտեն, խոսքը վերաբերում էր նրան, որ անընդունելի են, որ ահաբեկիչներն հայտնվում են այս հակամարտության մեջ։ Ու դուք պատկերացրեք, ես հիմա չեմ ասի, բայց եղավ ՄԱԿ ԱԽ մշտական անդամ պետություն, որ, ըստ էության, տապալեց դա։ Արդյունքը եղավ նա, որ մենք լսեցինք մի հատ շատ անհասկանալի ձևակերպում, որը հնչեցնում էր Ռուսաստանի ներկայացուցիչը, որովհետև այն ժամանակ ինքը նախագահող էր: Որն ընդամենը կոչ էր այդ հրադադարը հաստատել, ոչ ավելին», - ասել էր Քոչարյանը։ Հոկտեմբերի 25-ին ԱՄՆ-ի միջնորդությամբ հրադադարի մասին էր հայտարարվել, որն ըստ էության չէր էլ պահպանվել թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից։ 

Այս թեմայով մեկնաբանություն ստանալու համար «Հրապարակը» կապ հաստատեց նախկին փոխնախարարի հետ, սակայն նա հրաժարվեց մեկնաբանություն տալ։ «Հիմա հարցերի չեմ պատասխանում։ Հիմա խոսափում եմ», - ասաց Շավարշ Քոչարյանը։

Բանաձևի ընդունման տապալումից հետո կասկածի սլաքները երկար ժամանակ ուղղված էին Միացյալ Թագավորության վրա, որը լավ հարաբերություններ ունի թե՛ Թուրքիայի, թե՛ Ադրբեջանի հետ։ Ապրիլի 22-ին «ՍիվիլՆեթ» առցանց հեռուստատեսությանը տված հարցազրույցում Հայաստանում ՄԹ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերն ասել էր, որ իր երկիրը չի արգելափակել ՄԱԿ Անվտանգության Խորհրդի որևէ հայտարարություն։ «Ես լսել եմ մեղադրանքների մասին, թե իբր Միացյալ Թագավորությունն ինչ-որ բաներ է արգելափակել ՄԱԿ-ում։ Ուզում եմ կրկին շատ վճռականորեն ասել, որ դա այդպես չէ։ Միացյալ Թագավորությունը չի արգելափակել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի որևէ հայտարարություն։ Մենք շատ ենք ցանկացել տեսնել խաղաղ հանգուցալուծում։ Եվ այդ ուղղությամբ աշխատել ենք ՄԱԿ-ում և այլուր, որպեսզի դա տեղի ունենա», - նշել էր դեսպանը։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image