ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի և փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի՝ պաշտոնանկությունից հետո մամուլը սկսեց գրել, որ հիմա էլ ազատման հերթը առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանինն է։ Ասում են՝ իբրև թե սև ամպեր են կուտակվել նրա գլխին, արդեն նախարարի պաշտոնի հավակնորդների անուններ են շրջանառվում։ Օրինակ՝ իր տեղակալ Լենա Նանուշյանի, ով նախօրեին ասուլիս էր տալիս, թեպետ նա նախարարի հետ լավ հարաբերություններ ունի։ Ասում են՝ նախկին նախարար Արսեն Թորոսյանը մինչ օրս ծանր է տանում իր ազատումն ու Ավանեսյանի նշանակումը։ Թորոսյանը պահպանել է համակարգում իր կապերն ու շփումները, որոշակի ազդեցություն ունի ոլորտում, հատկապես՝ որոշ հիվանդանոցների տնօրենների մակարդակով, և կարող է նաեւ տակից դիմադրության օջախներ ձեւավորել նախարարի դեմ։
Անահիտ Ավանեսյանը երեկ մեր հարցին, թե ո՞վ է «բզբզում» իր դեմ, ասաց․ «Կարծում եմ՝ Դուք ավելի լավ կարող եք գտնել, թե ով է գրում նման լուրեր, ես՝ ինքս, չեմ պատրաստվում հրաժարական տալ, նման որևէ իրողություն չկա»։ Գուցե ինքը չի պատրաստվում հրաժարական տալ, բայց իր քաղաքական ղեկավարությունն է պատրաստվում իրենից ազատվել, Ավանեսյանը նկատեց․ «էդ հարցն ուղղեք քաղաքական ղեկավարությանը»։
-Իսկ կդիմադրե՞ք, եթե որոշեն, որ պետք է ազատվեք պաշտոնից։
-Գիտե՞ք, նախարարները, ընդհանրապես, հրավիրվում են աշխատելու, և, այո, վատ աշխատանքի համար կարող են նաև ազատվել։ Դա նորմալ պրոցես է։
-Նիկոլ Փաշինյանը մի քանի օր առաջ ձեզ մոտ էր՝ եկել էր նախարարության տարեկան հաշվետվությանը ծանոթանալու, ինչ-որ խնդիրներ, բացթողումներ արձանագրե՞լ է, գոհունակությո՞ւն է հայտնել Ձեր աշխատանքից, թե՞ դժգոհություն։
-Դա ևս պետք է հարցնեք պարոն վարչապետից, բայց հանդիպումն անցել է շատ լավ, քննարկվել են մանրամասն այն խնդիրները, որոնք 2022 թվականի ընթացքում նախարարությունը հասցեագրել է, և արձանագրվել են այն առողջական ելքերի բարելավումներ, ինչպես նաև համակարգային, ինստիտուցիոնալ փոփոխություններ, որոնք շատ կարևոր են եղել թե՛ ավելի շատ պացիենտներ սպասարկելու, թե՛ նաև մեր ծառայությունների որակը բարձրացնելու մասով։ Նաև քննարկել ենք առաջիկա կարևոր անելիքները, և ուրախությամբ պետք է նշեմ, որ առողջության համապարփակ ապահովագրության մասով կառավարությունը և վարչապետը շատ կարևոր հանձնառություն ունեն հաջորդ տարվանից արդեն կոնկրետ իրավական ակտերն ընդունելու մասով։
-Դժգոհություն հայտնե՞լ է Ձեր աշխատանքի մասով։
-Չի եղել նման բան։
-Իսկ ՊՎԾ-ն առողջապահության նախարարությունում ստուգումներ իրականացրե՞լ է այս տարի։
-ՊՎԾ-ն 2021 թվականից մշտապես ստուգումներ իրականացնում է, ինչը շատ նորմալ է։
-Իսկ ինչ-որ խախտումներ հայտնաբերե՞լ է։
-Դա էլ իրենցից կարող եք ճշտել։
-Բայց դա Ձեր ոլորտն է, ամեն ինչին ասում եք՝ իրենցից ճշտենք, օրինակ՝ Ձեր ասած պարոն վարչապետին մենք 2020 թվականից հետո չենք հանդիպել, ուստի դժվար թե կարողանանք իրենից ճշտել։
-Դա ևս մամուլի ծառայությունից ճշտեք։
-Հիմա եթե Նիկոլ Փաշինյանը որոշի, որ ազատում է Ձեզ պաշտոնից, Դուք էլ ասում եք, որ չեք պատրաստվում հրաժարական տալ, այդ խնդիրն ինչպե՞ս է լուծվելու։
-Տեսեք, ընդհանրապես աշխատանքային հարաբերությունը երկու ֆորմատով է լուծվում՝ կա՛մ աշխատողի նախաձեռնությամբ, կա՛մ ղեկավարության։ Ես խոսում եմ իմ մասով, որ ես հրաժարականի դիմում ներկայացնելու որևէ մտադրություն չունեմ։