Հունիսի 20-ի ընտրությունների արդյունքում երկիրը «վերցրած» «Քաղպայմանագիրը» որոշել է վերցնել նաեւ տեղական ինքնակառավարման մարմինները՝ ամենուր առաջադրելով եւ անցկացնելով իր թեկնածուներին։ Բայց խորհրդարանական ընդդիմությունն ու արտախորհրդարանական քաղաքական ուժերն էլ ձեռքերը ծալած չեն նստել՝ նրանք հասկանում են, որ եթե աշնանային ընտրություններին տեղերում չմասնակցեն, դուրս կմնան քաղաքական պրոցեսներից, ուստի որոշել են պայքարել տեղական ինքնակառավարման մարմինները «գրավելու» հարցում։
Այս օրերին բոլոր քաղաքական ուժերը համայնքներում հասարակական տրամադրություններ են ստուգում, համամասնական ցուցակներ են կազմում, հաշվարկում, թե որտեղ առավել օպտիմալ կլինի իրենց մասնակցությունը, եւ ովքեր են քաղաքապետի անցողիկ թեկնածուները։ Մանավանդ որ արդեն քիչ ժամանակ է մնացել, եւ կուսակցությունները մինչեւ սեպտեմբերի 12-ը պետք է ներկայացնեն իրենց համամասնական ցուցակները։ Մենք արդեն գրել ենք, որ ԲՀԿ-ն է պատրաստվում մասնակցել ՏԻՄ-երին, Արա Զոհրաբյանի «Զարթոնք» կուսակցությունը, Էդմոն Մարուքյանի «Լուսավոր Հայաստանը»։ Տեղեկացանք, որ մասնակցության հայտ է ներկայացնում նաեւ ռուսամետ ուժերից Տիգրան Ուրիխանյանի «Ալյանսը»։ Մեզ հետ զրույցում կուսակցության նախագահ Տիգրան Ուրիխանյանն ասաց․ «Համամասնական ցուցակով կազմ ենք ներկայացնելու Գյումրի, Վանաձորում, ինչպես նաեւ մի քանի տեղերում՝ ավագանիներ, օրինակ՝ Արարատում»։
Հիշեցնենք, որ ՏԻՄ ընտրություններ նշանակված են հոկտեմբերի 17-ին, նոյեմբերի 14-ին եւ դեկտեմբերի 5-ին՝ Գյումրի, Գորիս, Տաթեւ, Տեղ, Մեղրի, Կապան, Դիլիջան համայնքներում: Վերջիններում ընտրությունները տեղի են ունենալու համամասնական ընտրակարգով, Շամիրամ, Ֆերիկ, Ֆիոլետովո համայնքներում՝ մեծամասնականով։ Սա կախված է ընտրողների քանակից․ մեծ համայնքներում համամասնական է, փոքրերում՝ մեծամասնական։ Դեկտեմբերի 5-ին համայնքապետեր են ընտրելու 4 շրջաններում` Մարտունի, Վարդենիս, Գավառ եւ Սեւան:
Տիգրան Ուրիխանյանը չհայտնեց, թե ով է Վանաձորի եւ Գյումրու քաղաքապետի իրենց թեկնածուն (Ուրիխանյանը՝ ինքը, չի առաջադրվում, քանի որ, ըստ օրենքի պահանջների, քաղաքապետի թեկնածուն պետք է լինի տվյալ համայնքի բնակիչ)։
Մեկ շաբաթ հետո կայանալու է «Ալյանսի» համագումարը, որի ժամանակ «փակագծեր կբացվեն»։ Տիգրան Ուրիխանյանը բավականին խորհրդավոր տոնով ասաց՝ մի քիչ ավելի մանրամասն էլ կխոսեն սեպտեմբերի 11-ին կայանալիք Նիկոլ Փաշինյան-արտախորհրդարանական ուժեր հանդիպման ձեւաչափի հայտարարության մեջ, «որը հատկապես Ձեզ շատ կհետաքրքրի»,- խոստացավ Ուրիխանյանը։ Մենք տեղեկություն ունեինք, որ Ուրիխանյանի կուսակցությունը պատրաստվում է ՏԻՄ-երին մասնակցելու համար միավորվել նախկին սոցապնախարարներ Մեսրոպ Առաքելյանի եւ Մանե Թանդիլյանի «Ապրելու երկիր» քաղաքական ուժի հետ, ինչը, սակայն, Տիգրան Ուրիխանյանը հերքեց։ «Ոչ մեկի հետ միավորման պլաններ չունենք, բայց կուսակցությունների մեծ ցանկ կա, որոնց հետ որոշակի ֆորմատ լինելու է, այդ թվում՝ ստորագրվելու է փաստաթուղթ, եւ այդ ուժերը ներկա կլինեն սեպտեմբերի 25-ին «Ալյանսի» համագումարին։ Դա չի վերաբերելու ՏԻՄ-երին»։
Հունիսի 21-ից արտախորհրդարանական դարձած ԼՀԿ-ն էլ առաջադրվելու է հանրապետության 2-րդ եւ 3-րդ քաղաքներում՝ Գյումրիում ու Վանաձորում։ Էդմոն Մարուքյանի եղբայրը, որն այդպես էլ նախորդ ընտրություններում չկարողացավ դառնալ Վանաձորի քաղաքապետ՝ հայտնի պատմությունների եւ Մամիկոն Ասլանյանի համառության պատճառով, ասաց, որ անպայման մասնակցելու են, բայց իր թեկնածության հետ կապված վերջնական որոշում դեռ չկա։
ԲՀԿ-ն՝ Գագիկ Ծառուկյանի քաղաքական ուժը, մշտապես մասնակցել է Գյումրիի եւ Վանաձորի ՏԻՄ ընտրություններին։ Գյումրեցի Վարդեւան Գրիգորյանն ասաց, որ դեռ որոշում չկա։ «Կլինի, բայց ինչ վերաբերում է ինձ, ապա ես չեմ լինելու ո՛չ որպես քաղաքապետի թեկնածու, ո՛չ որպես ավագանի»,- ասաց նա։ Որոշումը նրանն է, ասաց, որ 30 տարի մասնակցել է համապետական ու ՏԻՄ ընտրություններին։ Նրանց կուսակցությունից Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանն էլ մի քանի անգամ հայտարարել է, որ չի առաջադրվելու։
Պակաս հետաքրքիր չեն նաեւ խորհրդարանական ընդդիմության մտադրությունները։ ՀՀԿ-ն, հիշեցնենք, արդեն հայտարարել է Գյումրիում մասնակցելու մասին։ Քաղաքապետի թեկնածուն էլ ԱԺ նախկին պատգամավոր Վարդան Ղուկասյանի հորեղբորորդի Արտյոմ Ղուկասյանն է։ ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադեւոսյանը «Հրապարակին» հայտնեց, որ առաջիկայում մյուս քաղաքներում առաջադրումների հետ կապված որոշում կլինի, եւ գործկոմի նիստից հետո կհայտարարեն։ «Որտեղ որ կնշանակեն, բոլոր տեղերում էլ տարբեր ձեւաչափերով կմասնակցենք։ Մտածում ենք, քննարկում ենք, եւ ընթանում են աշխատանքները»,- ասաց Ռուբեն Թադեւոսյանը։
ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանն էլ ասաց, որ քննարկում են ՏԻՄ-երին մասնակցության հարցը, բայց դեռ որոշում չունեն։