Մոսկվայի «Արարատ Հայաթում» նշվեց Ռուսաստանի Հայերի Միության հիմնադրված ամենամյա միջազգային «Համաձայնություն»՝ «Согласие» մրցանակաբաշխության տասնամյակը, եւ տեղի ունեցավ 2023-ի տարեկան պարգեւատրման արարողություն։ Այն ամեն տարի տեղի է ունենում Մոսկվայի իշխանությունների եւ ՌԴ նախագահին կից միջազգային հարաբերությունների խորհրդի օժանդակությամբ: Արարողությանը ներկա էին պետական այրեր ՌԴ կառավարությունից, Մոսկվայի իշխանության ներկայացուցիչներ, տարբեր պաշտոնյաներ, ՌՀՄ մարզային կառույցների ներկայացուցիչներ, հյուրեր: Ռուսական բալալայկայի և հայկական քյամանչայի նվագակցմամբ եւ վիրտուոզների կատարմամբ հնչեց «Հաղթանակի օր» հայտնի երգի հայերեն տարբերակը։ «Согласие» մրցանակին արժանանում են նշանավոր անհատներ, ովքեր նշանակալի ավանդ են ներդրել ժողովուրդների միասնականության ամրապնդման, մշակութային, քաղաքական, մարզական, տնտեսական և սոցիալական կյանքի զարգացման գործում: Դափնեկիրներին շնորհվում են հին հռոմեական աստվածուհի Կոնկորդիայի բրոնզե արձանիկներ եւ դիպլոմներ:
Մրցանակաբաշխության անվանակարգերը շատ էին: «Ազգի հպարտություն» անվանակարգում դափնեկիրն էր Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը: «Ունենալով բարձր ոգեղենություն, ինչպես վայել է իր կյանքը Աստծուն ծառայելուն նվիրած մարդուն, Բագրատ Սրբազանը մեծ հարգանք ու սեր է վայելում իր քաղաքացիական դիրքորոշման և այն ամենի հանդեպ, ինչ կատարվում է այսօր Հայաստանում և աշխարհում».- նշվում է մրցանակաբաշխության հանձնաժողովի հաղորդագրության մեջ:
«Ժողովրդի հերոս» անվանակարգում մրցանակի արժանացավ արցախցի 12-ամյա Արեն Նազարյանը: Ընտանիքին Արցախից Հայաստան բերող դժվար, գրեթե դժոխային ճանապարհը Արենը հաղթահարել էր հասուն տղամարդու խիզախությամբ. նա 40 ժամ մեքենայի ղեկին էր եղել՝ վարելով մեքենան, իր ընտանիքը հասցրել էր Հայաստան: Արենի պատմությունը հայտնվեց լրատվամիջոցներում, նա դարձավ խիզախության ու հերոսության օրինակ իր հասակակիցների համար:
2023 թվականի «Համաձայնություն» մրցանակաբաշխության երաժշտական մրցանակը «Երաժշտական ավանդույթներին հավատարմության համար» անվանակարգում շնորհվեց Մոսկվայի օպերետային թատրոնի մենակատար, Առնո Բաբաջանյան հիմնադրամի մեներգչուհի Կարինե Ամիրյանին:
Միջոցառմանը ներկա էր նաեւ ԽՍՀՄ զրահատանկային զորքերի գլխավոր մարշալ Համազասպ Խաչատուրի Բաբաջանյանի դուստրը՝ Լարիսա Համազասպի Բաբաջանյանը: Ռուսաստանի հայերի միությունը հայկական սփյուռքի ամենամեծ կազմակերպություններից է աշխարհում, այն իր մասնաճյուղերն ունի ՌԴ բոլոր մարզերում և 640 քաղաքում: Բացի «Համաձայնություն» մրցանակաբաշխությունից, այն կազմակերպում է համազգային տարբեր միջոցառումներ՝ «Հայ գրի օրը» Մոսկվայում, միջազգային «Ծիրանի» տոնը, Հայոց ցեղասպանությանը նվիրված գիտաժողովները։ ՌՀՄ-ն հանդես է գալիս նաեւ այլ տարատեսակ նախաձեռնություններով:








