Այլ

Երբ իշխանություն կա, բայց պետություն չկա՝ մարդիկ համախմբվում են․․․

Երբ իշխանություն կա, բայց պետություն չկա՝ մարդիկ համախմբվում են․․․

Ես այլ մոտեցում ունեմ Եկեղեցու շուրջ ծավալված իրադարձությունների շուրջ։  Մայր աթոռի վրա գրոհելու վերջին դեպքը այլ բան է հուշում։ Քաղաքական դաշտը այն բնութագրում է որպես պետությունը քանդելու վերջնական ավարտ։ Բայց ես այդպես չեմ կարծում․  Նիկոլ Փաշինյանի դասատուներն այնքան խելք կունենային, որ կասեին՝ նման կոպիտ քայլերը արդյունավետ չեն լինի։ Ընդհակառակը՝ կասեին․ պետությունը ներսից են քանդում։ Երևի հիշում եք, որ Ալիևն ասում էր՝ մենք քայլելով ենք մտնելու Հայաստան։ Այսինքն՝ եթե նուրբ գործելու տեխնոլոգիան գործում  է, ինչու՞ դրսի ուժերը Փաշինյանին պիտի հրահրեին, որ իրենց նուրբ ոսկերչական աշխատանքը մի օրում «ջուրը գցեր»։

Ընդհակառակը կասեին՝ պետությունը ներսից են քանդում ու այնպես են քանդում, որ տեսանելի չլինի։ Այնպես, որ ինստիտուտները արտաքինից աշխատեն, բայց իրականում ծառայեն ոչ թե հանրային շահին, այլ իշխանության վերարտադրությանը։ Այնպես, որ անվտանգությունը, կրթությունը, արդարադատությունը դառնան վերահսկման գործիքներ, և պետությունը դադարի լինել ընդհանուր բարիք։

Նիկոլ Փաշինյան, դու դա լավ ես կատարում։ Պառակտումը դարձրել ես կառավարման գործիք՝ վատ չէ, հասարակական հյուսվածքը քայքայել ես՝ հրաշալի է, Եկեղեցու ներսում պառակտում ես գցել՝ գերազանց է, կոնֆլիկտը օրակարգի մշտական վիճակ ես դարձրել՝ հրաշալի է, փլուզել ես պետական կառույցները՝ հիասքանչ է, նորաձև կրթությանբ «ընդհանուրի» գաղափարի նահանջ ես արձանագրել, գովելի է, ֆեյքային պատերազմով վարկաբեկել ես այլախոհներին, ձերբակալում ես «թպրտացողներին»՝ վերջն  է։ Մնում է ընդամենը նուրբ խորամանկություն բանեցնել և քաղել պտուղները։ Քաոս չստեղծել, այլ վերահսկելի թուլություն ապահովել։ Պայթյուն չստեղծել, այլ դանդաղ քայքայման տանել։ 

Բայց Փաշինյանը գրոհեց՝ կոպիտ միջոցներով,  ինչու՞ շտապեց։ Փաշինյանի բարձրագույն  նպատակը իշխանությունը պահելն է։ Ելնելով իր խարխուլ վիճակից, նա տեսնում է, որ կարող է կորցնել իշխանությունը ու մարդկային էմոցիաներով է առաջնորդվում։ Կատաղի պայքար է մղում։ Այստեղ նա դադարում է լինել հարմար գործիք և դառնում է ռիսկ այն ուժերի համար, որոնց շահերին անուղղակիորեն ծառայել է։ Դրսի ուժերը իրենցն են պահանջում, բայց նա հո տեսնու՞մ է, թե ինչ է կատարվում ներսում։ Եվ իր կռիվն է տալիս, սխալ կռիվը։ Պարզ բացատրեմ։ Մարդիկ կարող են վիճել, բաժանվել, լռել, բայց երբ հատվում են սրբության, մահվան, նվաստացման սահմանները, տեղի է ունենում հակառակ ռեակցիա՝ համախմբում։ Ոչ գաղափարական, ոչ ծրագրային, այլ պաշտպանական։ Համախմբում իրենց արժանապատվության շուրջ։ Եվ մարդիկ հեռացնում են իրենց սրբությունը ոտնահարողին, իրենց նվաստացնողին, իրենց դժբախտությունը ծաղրողին։ Փաշինյանը հենց դրան գնաց։ Նա վերջնական հեղինակազրկեց իրեն։ Մարդիկ տեսան ոչ թե Կճոյանին ու մնացած պառակտիչներին, այլ նրանց հետևում թաքնված Փաշինյանին։ Մարդիկ հասկացան, որ պետություն այլևս չկա, եթե դեռ անունով կա, բայց իրենցը չէ արդեն։ Դա մի փոքրիկ խմբակի պետություն է, որտեղ ինստիտուտները գործում են, բայց չեն ներկայացնում հանրային կամքը։ Սա այն փուլն է, երբ իշխանությունը դեռ գործում է, բայց մարդիկ պետություն չեն տեսնում։

Եվ հենց այստեղ մարդիկ համախմբվում  ու հասկանում են՝ իշխանությունը կա, պետությունը չկա։ Եվ այդ համախմբումը դեռ պետություն կառուցող չէ։ Դա  ահեղ կռիվ է՝ ոչ թե իշխանության, այլ պետության փշուրները փրկելու համար։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image