Հասարակություն

Ասֆալտը փոխարինվեց վարձու բանդաներով

Ասֆալտը փոխարինվեց վարձու բանդաներով

Պատահական չէ, որ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի թիվ մեկ հերոս էր հռչակել հարկ վճարողին: Այս տարվա փետրվարի 8-ին նա Ֆեյսբուքի իր էջում գրել էր․ «Հայաստանի Հանրապետության թիվ 1 հերոսն աշխատող եւ հարկ վճարող քաղաքացին է: Ես խոնարհվում եմ աշխատող եւ հարկ վճարող քաղաքացու առաջ: Նրա հերոսությունը շատ-շատերը, երբեմն նույնիսկ ինքը չի նկատում: Կառավարությունը նկատում է: Ես՝ ինքս, նկատում եմ: Շնորհակալություն»: Իսկապես, հարկ վճարողը Նիկոլ Փաշինյանի հերոսն է, եւ Փաշինյանը չի կարող չնկատել նրան, պետք է շնորհակալություն հայտնի եւ պարտավոր է խոնարհվել նրա առաջ: Առանց այդ թիվ 1 հերոսի եւ նրա վճարած հարկերի հիմա նա չէր կարողանա պահել իր իշխանությունը, չէ՞ որ այսօր իշխանությունը նա պահում է բացառապես այդ հարկերով, փողով:

Փողոցներում եւ հրապարակներում ոստիկանական ուժերը ծեծուջարդի են ենթարկում հերոսներին`Հայաստանի Հանրապետության հարկ վճարողներին: Նրանք կատարում են Նիկոլ Փաշինյանի հրամանը: Այդ հրամանը նրանք կատարում են, քանի որ Փաշինյանը նրանց վճարում է եւ բավականին շռայլ է վճարում: Բայց այդ մարդկանց դժվար է ոստիկան անվանել, նրանք օրենքի եւ իրավակարգի պահապաններ չեն, քանի որ չեն պաշտպանում օրենքը եւ օրինականությունը: Նրանք ավելի շատ ապօրինություն են գործում՝ բռնություն կիրառելով ցուցարարների նկատմամբ: Նրանք սովորական վարձկաններ են, որոնք հագել են ինչ-որ համազգեստ եւ դրանով տարբերվում են մյուս մարդկանցից: Նրանք վարձկաններ են, որովհետեւ համաձայն են վճարի դիմաց կատարել այն, ինչ իրենց կհրամայի վարձակալը: Փաշինյան վարձակալի եւ վարձկանների միջեւ կա պայմանավորվածություն, ըստ որի՝ երբ վարձակալներն առանձնակի դաժանություն եւ բիրտ ուժ են կիրառում շարքային քաղաքացիների նկատմամբ, դրա դիմաց պետք է ստանան լրացուցիչ վճար` պարգեւավճար: Այսպիսով վարձկանները շահագրգռված են բիրտ ուժ կիրառելու, հնարավորինս մեծ թվով մարդկանց կալանավորելու, ազատությունից զրկելու մեջ, որովհետեւ դրա դիմաց նրանց վարձատրության չափը մեծանում է: Փաշինյանը փողով խրախուսում է բռնությունն ու ապօրինությունը, որովհետեւ դա միակ միջոցն է՝ քաղաքացիներին լռեցնելու, սեփական իշխանությունը պահելու համար:

Փաշինյանն այդ մարդկանց վարձել է Հայաստանի քաղաքացիների վճարած հարկերի հաշվին: Ստացվել է այնպես, որ մարդիկ հարկեր են վճարում, որ դրանցով ուսուցիչների, բժիշկների, պետական այլ աշխատողների աշխատավարձերը, սոցիալապես անապահով խավերի նպաստները, մոտ կես միլիոն թոշակառուների թոշակները վճարվեն, կառուցվեն դպրոցներ եւ ճանապարհներ, բայց Փաշինյանն այդ գումարը ծախսում է իր հայեցողությամբ`ցույց ցրող «բանդաների» վարձակալության վրա: Նրան այլեւս չի հետաքրքրում ասֆալտը, այն այլեւս իր իշխանության պահպանմանը եւ երկարաձգմանը չի ծառայում: Մի ժամանակ նա այդ փողը ծախսում էր ասֆալտ անելու վրա, մարդկանց խաբելու համար, որ տեսեք` ես ձեզ համար ճանապարհներ եմ կառուցում՝ դրանով գնելով մարդկանց դրական վերաբերմունքն իր եւ իր իշխանության նկատմամբ: Բայց հիմա արդեն ասֆալտը չի աշխատում` մարդիկ տեսան, որ այդ ասֆալտը նախ անորակ է եւ մի քանի ամսվա կամ ամենաշատը մեկ տարվա ընթացքում քանդվում է, բացի դա` ի՞նչ իմաստ ունի ունենալ ասֆալտապատ ճանապարհ, եթե երկիրն ամբողջությամբ անցնում է թշնամու ազդեցության տակ, եթե մարդիկ չունեն անվտանգ ապրելու հնարավորություն եւ արժանապատվություն: Քանի որ ասֆալտով հնարավոր չէ այլեւս հանրային աջակցություն գնել, Փաշինյանը մտածեց, որ դա անարդյունավետ ծախս է, եւ արդեն մեկ-երկու տարի փողը նույնիսկ ասֆալտի վրա չի ծախսում, այդ միջոցները գերադասելով ծախսել նման «բանդաների» ֆինանսավորման վրա: Նա կարծում է, որ դա ավելի արդյունավետ ներդրում է սեփական իշխանությունը պահելու համար, քան ասֆալտը: Միեւնույն է` անշնորհակալ քաղաքացին չի գնահատում իր արածը, հանրային աջակցությունը զրո է: Ավելի արդյունավետ է՝ փողն օգտագործել ոչ թե քաղաքացու դրական վերաբերմունքը գնելու, այլ այդ փողով նրան վախեցնելու, հնազանդեցնելու, կաշառելու վրա:

Բայց Փաշինյանի բիզնես-իդեան նոր չէ, այդ բիզնես-իդեան ինքը չի հորինել: Աշխարհի բազմաթիվ բռնապետեր իրենց իշխանությունը պահում են նույն ձեւով` վարձկաններին ժողովրդի վրա հարձակվելու հրաման տալով, բռնությամբ, բանտեր նետելով, ահաբեկմամբ: Միայն թե պատմության փորձը ցույց է տալիս, որ միշտ չէ, որ այդ մեխանիզմն աշխատում է, միշտ չէ, որ վարձկանները մինչեւ վերջ հավատարիմ են մնում վարձակալին եւ ճշգրտորեն կատարում նրա հրամանները: Նույնիսկ շվեյցարացի վարձկանները, որոնք համարվում էին ամենահավատարիմն ու արդյունավետը, եւ որոնց ծառայությունից միջնադարում օգտվում էին եվրոպական բազմաթիվ միապետներ, ինչ-որ պահի ինքնակամ թողնում էին վարձակալին` կա՛մ վարձակալի անվճարունակության պատճառով, կա՛մ համարելով, որ վարձավճարը համարժեք չէ մատուցված ծառայությանը եւ իրենց կրած վնասներին, կա՛մ ուղղակի զգում էին, որ վարձակալը կորցնում է իշխանությունը եւ հետագայում չի կարողանա կատարել իր պայմանագրային պարտավորությունները: Փաշինյանական «բանդաները» եւս մի պահի կարող են կորցնել հավատն իրենց վարձակալի կենսունակության նկատմամբ, կարող են հասկանալ, որ մատուցվող ծառայությունների դիմաց նա կարող է չհասցնել վճարել, եւ կարող են միակողմանի դադարեցնել իրենց պայմանագրային պարտավորությունները կատարելը: Այդ ժամանակ Փաշինյանի վարձկանները շատ սիրով իրենք կկալանավորեն վարձակալին` նոր տերերի մոտ ծառայության անցնելու հույսով:

Ավետիս Բաբաջանյան
 

Լրահոս

Ամենաընթերցված

Ա՜յս աստիճանի ցինիկ...

Ա՜յս աստիճանի ցինիկ...

Մարդ մեկ-մեկ մտածում է, որ եկել է մեր քաղաքակրթության վերջը: Ճիշտ այնպես, ինչպես մեկուկես հազարամյակ...

×
Gallery Image