Հասարակություն

Հայաստանը փոքր երկիր է, ինչքան էլ պեռաշկի ու կուկուռուզ ուտեք, իսկ տանը՝ ճաշի գդալով սև խավիար, ոչինչ թաքցնել հնարավոր չէ

Հայաստանը փոքր երկիր է, ինչքան էլ պեռաշկի ու կուկուռուզ ուտեք, իսկ տանը՝ ճաշի գդալով սև խավիար, ոչինչ թաքցնել հնարավոր չէ

Եթե մեր երկրին այսքան վնաս ու ավեր բերած չլիներ Փաշինյանի իշխանությունը, լիքը բանի վրա կարող էինք աչք փակել և շատ բանի հանդեպ ներողամիտ լինել:

Ասենք, եթե Արցախը հայկական լիներ` թեկուզ 1988-ի սահմաններում ու կարգավիճակով, այնտեղ այսօր հայեր ապրելիս լինեին...5 հազար մատաղ կյանք «հանուն ոչնչի» հողին հանձնած չլինեինք: Եթե Հայաստանի տարածքում օտար զորք չլիներ ու մեր «ձյունոտ սարերն» էլ հայ զինվորները հսկելիս լինեին...Եթե 40 կիլոմետրանոց «անխոչընդոտ ճանապարհ», իմա` միջանցքի խոստում տված չլինեիք մեր թշնամուն... Եթե ժողովրդավարությունից այսքան հետնահանջ եղած չլիներ, և մեր եկեղեցին ու հոգևորականներն այսքան հալածանքների ենթարկված չլինեին, քննադատության համար էլ մարդիկ բանտում չլինեին...ո՞վ կնկատեր իրենց պեռաշկի ու կուկուռուզ ուտելը, ո՞վ կդատապարտեր թմբուկ զարկելն ու ռաբինի գլխարկ դնելը... կծիծաղեինք` կանցնեինք առաջ...

Հանրությանը բացարձակապես չէր հետաքրքրի` ամուսնանում են, բաժանվում, թե չորրորդ անգամ նշանվում...կասեին` իրենց անձնական կյանքն է, ինչպես ասում էր հայտնի ֆիլմի հերոսը. Влюбляйтесь, жинитесь, разводитесь, топитесь - море рядом!

Մարդիկ առհասարակ չէին էլ նկատի, թե ինչ են հագնում-ուտում, որտեղ են ծնունդ ու կնունք նշում, ինչ հարաբերություններ ունեն միմյանց հետ: Չէին հետաքրքրվի անգամ իրենց գնած եռահարկ տներով ու ամառանոցներով, պետության հաշվին աշխարհաճանաչողական վոյաժներով, ու միլիոնների հասնող պարգևավճարներով:

Նույնիսկ իրենց կուսակցության` ՔՊ-ի խոհանոցը, ներկուսակցական քվեարկություններն ու մանդատակռիվը չէր հուզի մարդկանց, եթե երկրում այսքան տոքսիկ միջավայր ստեղծած չլինեին և իրենք բոլոր սահմաններն անցած չլինեին: Եթե իրենց քիթը խոթած չլինեին ուրիշների անձնական կյանք: ԱԱԾ-ով ու իրավապահներով տեռորի մթնոլորտ ստեղծած չլինեին: Եթե հայտարարած չլինեին, թե պայքարում են կոռուպցիայի դեմ և 8 տարում այնպես հիմնովին չթաղվեին կոռուպցիայի մեջ, որ անգամ նախկինները նախանձեին:

Ի վերջո, Հայաստանը փոքր երկիր է` ոչինչ, այն էլ երկար ժամանակով, թաքցնել հնարավոր չէ, ինչքան էլ մարդկանց բերանը փակեք և ձեր ունեցվածքն էլ ուրիշների անունով ձևակերպեք: Ինչքան էլ պեռաշկի ու կուկուռուզ ուտեք, իսկ տանը ճաշի գդալով` սև խավիար...

ՀԳ. Արարատի սիմվոլից, Արևմտյան Հայաստանից, Արցախից ու ցեղասպանության հիշողությունից հրաժարված իշխանությունը իր «չորրորդ հանրապետության» սիմվոլ կարող է ընտրել պեռաշկին...չզարմանաք, եթե մի օր (եթե վերընտրվեցին) գերբի վրա այս նկարը տեսնեք` որպես աչքածակության, երեսպաշտության ու չքավորի հոգեբանության սիմվոլ, մարդկանց հիմարացնելով` իշխանություն պահելու խորհրդանիշ:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image