ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության 2023 թվականի բյուջեն 68.7 մլրդ դրամով կամ 11.9 տոկոսով ավելացել է, քան 2022 թվականի բյուջեն էր։ Նախարար Նարեկ Մկրտչյանը մեզ հետ զրույցում ասաց, որ այդ ավել գումարն ուղղվելու է տարբեր խմբերի թոշակների բարձրացմանը, նպաստների, ինչպես նաեւ մինչեւ 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի չափի մեծացմանը, ժողովրդագրական իրավիճակի բարելավմանը եւ ոչ միայն։
Նախարարից հետաքրքրվեցինք՝ այդ ավելացված գումարը նախատեսվում է ուղղել նաեւ հետպատերազմյան հետեւանքները մեղմելո՞ւն, թե՞ այդ առումով նախարարությունն իր առաքելությունը կատարել է, եւ շահառուներ այլեւս չկան։
«Իրականում, պատերազմի հետեւանքով, օրինակ, վիրավորված տղաների մասով հիմա մենք մտել ենք մի փուլ, որ պետք է նրանց հնարավորություն տանք, որ իրենց զբաղվածությունն ապահովեն։ Աշխատանքի ապահովման առումով, գիտեք, 2016 եւ 2020 թթ․պատերազմների մասնակիցների համար զբաղվածության ծրագիր ունենք, բացի այդ, նաեւ առանձին շրջաններից տեղահանված մեր արցախցիների համար բնակարանային ապահովման ծրագիրն ունենք, որը որոշակիորեն լավարկեցինք այդ ծրագիրը, որում ե՛ւ ֆինանսական ավելացում տեղի ունեցավ, ե՛ւ առանձին կտոր ավելացրինք ՀՀ սահմանամերձ բնակավայրերում բնակվելու մասով»,- ասաց նախարար Մկրտչյանը, ով զրույցի ընթացքում մի քանի անգամ շեշտեց շատ քաղքենիական հնչող «լավարկել» բառը, որն այս իշխանության ներկայացուցիչների համար, կարծես, մոդայիկ տերմին է դարձել։
- Խոսքը 10 մլն դրամի վաուչերների՞ մասին է։
- 10 միլիոն չէ, ավելի շատ՝ ըստ բաղադրիչի։ Եթե սահմանամերձ համայնքում է բնակարան ձեռք բերում, 14 միլիոն է, եթե կառուցում է՝ 16 միլիոն, Երեւանում՝ 8 միլիոն, մարզերում՝ 10 միլիոն, Արցախում՝ 10 միլիոն։
- Ես արդեն դժգոհություններ եմ լսում, որ Արցախից տեղահանվածները ստացել են իրենց վաուչերները 10 մլն դրամի չափով, բայց բազմանդամ ընտանիք են, եւ այդ 10 մլն դրամով, այն էլ՝ այսօրվա անշարժ գույքի գների պայմաններում, ուղղակի անհնար է անգամ մեկսենյականոց բնակարան ձեռք բերել, նույնիսկ՝ մարզում։
- Մենք միշտ իրենց հետ կապի մեջ ենք, ըստ էության, եւ ծրագիրն արդեն հայտարարել ենք, եւ այս ծրագրի լավարկումն իրականացրինք՝ նաեւ լսելով իրենց դժգոհությունները, այսինքն՝ նաեւ այս չափերը եւ այլն, իրենց հետ քննարկել ենք, իրենց ներկայացրել ենք։ Դրա համար այս ծրագիրն ունի հինգ բաղադրիչ։ Մենք միշտ քննարկման մեջ ենք մեր հայրենակիցների հետ, այս պահին բաժանվել է 1200-ից ավելի վաուչեր, 4 հազարից ավելի ցուցակ ենք ստացել Արցախից, եկեք սպասենք որոշակի ժամանակահատված։
- Դուք, ամեն դեպքում, նախատեսե՞լ եք, որ 10 մլն դրամով էլ կարող են առանձին բնակարան ձեռք բերել։
- Առանձին բնակարան ձեռք բերելու բաղադրիչը մենք դրել ենք սահմանամերձ բնակավայրերում, դրա համար 14 միլիոնի հնարավորություն ենք տվել, նաեւ մենք ունենք առանձին սահմանամերձ համայնքներում բնակարանային ապահովության ծրագիր, եւ ուսումնասիրություն է կատարվել, այսինքն՝ հնարավոր է, իհարկե, այդ թվերով սահմանամերձ համայնքներում ե՛ւ կառուցել, ե՛ւ ձեռք բերել բնակարան։
- Հիմա դուք ուզում եք 5 հազար դրամով ավելացնել նվազագույն կենսաթոշակը, բայց մարդիկ տեսնում են, որ մի քանի հարյուր հազարով էլ ավելացնում եք պաշտոնյաների աշխատավարձը։ Չե՞ք կարծում, որ սոցիալական դժգոհություն կլինի, երբ մարդիկ տեսնում են՝ ինչ չափով է բարձրանում պատգամավորների, նախարարների աշխատավարձը, եւ ինչքան քիչ չափով են ավելանում իրենց թոշակը, նպաստը, աշխատավարձը։ Սոցիալական անարդարության խնդիր չե՞ք տեսնում այստեղ։
- Նախ, եկեք մի բան արձանագրենք, եկեք տեսնենք էն լավարկումները, էն ծրագրային փոփոխությունները, բյուջեում կատարվող ավելացումները, որ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը հետպատերազմյան այս իրավիճակում, այսքան մարտահրավերների համատեքստում իրականացնում է։ Մեկ տարվա ընթացքում, օրինակ, եթե հաշվի առնենք նաեւ քեշբեքի ներդրած համակարգը, ըստ էության, երեք անգամ թոշակի բարձրացում է տեղի ունեցել։ Իսկ Դուք գիտե՞ք, թե 1000 դրամ թոշակ բարձրացնելու համար պետությունից որքան գումար է պահանջվում՝ 6 մլրդ դրամ։
- Հիմա կարող է հանրության դժգոհությունը նաեւ պոպուլիստական թվա, որ պաշտոնյաների աշխատավարձը միլիոնի է հասնում, իսկ հասարակ քաղաքացիների թոշակը՝ ընդամենը մի քանի տասնյակ հազարի, պարզապես մարդիկ հիշում են նաեւ, որ ձեր իշխանությունն է մշտապես պոպուլիզմով աչքի ընկել, 2018-ին էլ պոպուլիստական հայտարարություններով իշխանության եկաք՝ խոստանալով, որ․․․
- Այսինքն՝ մեր իշխանությանը մեղադրում են, որ աշխարհում գնաճային ֆո՞ն է։
- Ոչ, մեղադրում են, որ, միեւնույն է՝ ձեզ ավելի լավ եք նայում, քան հասարակ ժողովրդին, այսինքն՝ դուք եկաք ու սկսեցիք նախ ձեր կյանքը բարելավել, իսկ հասարակ ժողովրդին գրոշներ եք տալիս։
- Չկա նման բան, Հայաստանը սոցիալական երկիր է, եւ մենք շատ մեծ ուշադրություն ենք դարձնում սոցիալական ոլորտին։ Առհասարակ, մարդը բարձրագույն արժեք է, եւ մեր քաղաքականությունը մարդու կյանքը բարելավելն է։
- Համենայնդեպս, 2018 թվին, երբ գալիս էիք իշխանության, չէիք խոստանում, որ ձեր աշխատավարձն եք բարձրացնելու, ասում էիք՝ ժողովրդի համար է լավ լինելու։
- Երկիրն անցել է երկու մեծ ճգնաժամի միջով՝ քովիդ եւ պատերազմ, ու այս համատեքստում եթե դուք նայեք, թե ինչքան ծրագրեր են իրականացվել եւ իրականացվում, եւ եթե մի քիչ լավատեսություն ունենաք, կարծում եմ՝ Ձեր մոտեցումը կփոխվի։
- Միեւնույն է, մարդկանց աչքը ծակում են ձեր բարձր աշխատավարձերը։ Ես դեմ չեմ, որ պաշտոնյաներն էլ բարձր աշխատավարձ ստանան, հատկապես՝ վարչության պետերը, բաժնի պետերը, ավելի ցածր օղակի պաշտոնյաները։
- Առհասարակ, ե՛ւ լրագրողը, ե՛ւ քաղաքական գործիչը, ե՛ւ ՏԻՄ մարմնում աշխատող համայնքային ծառայողը պետք է ստանա բարձր կամ, հաճախ ասում ենք՝ արժանապատիվ աշխատավարձ, որովհետեւ իր կայացրած որոշումներից ճակատագրեր են կախված։ Այսօր մենք ունենք միասնական սոցիալական ծառայությունում սոցիալական աշխատողներ, որոնց կայացրած որոշումների գինը կարող է անցնում է 18-20 միլիարդը։ Դուք պատկերացրեք, որ եթե այդքան մեծ պատասխանատվությամբ աշխատող պաշտոնյան չստանա համապատասխան աշխատավարձ։