Մինչ Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցնում Իրանին, իսկ Իրանը փորձում է իր հնարավորության սահմաններում պատասխանել, Հայաստանում քննարկում են, թե ինչպես է հնարավոր բանակի կազմաքանդման հաշվին հավելյալ եկամուտ աշխատել: Հայաստանի ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովը նույն օրը քննարկում է Հայկ Սարգսյանի ներկայացրած նախագիծը, որով առաջարկվում է գումարի դիմաց զորակոչային տարիքի քաղաքացուն ազատել զինծառայությունից կամ էականորեն կրճատել ծառայության ժամկետը: Նման օրենքի նախագծի առկայությունն արդեն իսկ խայտառակություն է, իսկ դրա քննարկումը ցույց է տալիս, որ Հայաստանը վերածում են առեւտրականների`«տարգաշների» հասարակության, որտեղ ամեն ինչ, այդ թվում՝ եւ անվտանգությունը, կարելի է վերածել առքուվաճառքի առարկայի: Սա ծաղր է Հայաստանի պետականության եւ հասարակության նկատմամբ, որովհետեւ որեւէ պետություն չի կարող թույլ տալ, որ անվտանգությունը դառնա առեւտրի առարկա: Պաշտպանության նախարարը եւ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը վախենում են նախագծի վերաբերյալ ինչ-որ դիրքորոշում արտահայտել, քանի որ դեմ արտահայտվել՝ կնշանակի դեմ դուրս գալ Նիկոլ Փաշինյանին, որը, փաստացի, նախագծի հեղինակն է: Չնայած ԳՇ պետը չէր հերքել, որ շտաբը դեմ է եղել այս նախագծին: Մինչդեռ կողմ արտահայտվելը նշանակում է մասնակից լինել Հայաստանի բանակի եւ անվտանգության ամբողջ համակարգի կազմաքանդմանը, չէ՞ որ իրենք գոնե ի պաշտոնե պետք է զբաղված լինեին հակառակով:
Երբ եւ ինչու են առաջացել բանակները կամ զինված ուժերը: Համարվում է, որ երբ նախնադարյան համայնական կարգերը քայքայվել են, առաջացել են առաջին քաղաքները, եւ մարդիկ իրենց օրվա կամ տարվա ապրուստի համար անհրաժեշտ միջոցներից բացի կուտակել են հավելյալ հարստություն, առաջացել է այդ հարստությունը պաշտպանելու անհրաժեշտություն, հետո՝ նաեւ այլոց կուտակած հարստությանը տիրանալու գայթակղություն: Այդ ժամանակ էլ առաջացել են առաջին զինված կազմավորումները, երբ քաղաքային, ապա նաեւ պետական իշխանությունը սկսել է ձեւավորել զինված մարդկանց խմբեր, ովքեր զբաղվել են քաղաքների եւ պետությունների պաշտպանությամբ: Առաջացել է «քաղաքի, պետության սահման» հասկացությունը, որից ներս խուժումն արդեն զինված ընդհարման եւ պատերազմների առիթ է դարձել: Հանրային գիտակցության մեջ սկսել է արմատավորվել այն պատկերացումը, որ համընդհանուր անվտանգության ապահովման համար պետք է եւ անհրաժեշտ է զոհաբերել անհատական անվտանգությունը: Մարդիկ սկզբում կամավոր, հետո նաեւ հարկադրանքի ազդեցության տակ մասնակցել են հանրային անվտանգության ապահովմանը՝ որպես անհատական անվտանգության ապահովման լավագույն միջոց, որովհետեւ քաղաքի կամ պետության բնակիչներին ավելի հեշտ է պաշտպանել ընդհանուր ուժերով, քան անհատապես: Արդեն մեր թվարկության 16-րդ դարից այդ զինված ուժերը դարձել են կանոնավոր, այսինքն՝ զինված ուժերը կազմավորվել են ոչ թե պատերազմի սպառնալիքի դեպքում, երկիրը պաշտպանելու կամ հարձակողական ռազմական արշավներ կազմակերպելու համար, այլ ձեւավորվել է հասարակության մի շերտ`զինվորականությունը, որը մշտապես ներգրավված է եղել զինվորական ծառայության մեջ, անկախ նրանից՝ տվյալ պահին կա՞ երկիրը պաշտպանելու կամ այլոց դեմ հարձակվելու անհրաժեշտություն: Քանի որ հանրային անվտանգությունը կարեւորվել է անհատական անվտանգությունից, հասարակության յուրաքանչյուր անդամ վճարել է հանրային անվտանգության ապահովման համար:
Մինչդեռ հիմա Հայաստանի իշխանությունն ուզում է փոխել համաշխարհային զարգացման տրամաբանությունը`անհատական անվտանգությունն ավելի վեր դասելով հանրային անվտանգությունից: Ո՞րն է նոր կոնցեպտի տրամաբանությունը. մարդուն ասում են` քանի որ զինված ուժերում ծառայությունը հղի է քո անհատական անվտանգության համար սպառնալիքներով, դու կարող ես ազատվել այդ ծառայությունից եւ ապահովել քո անվտանգությունը` որոշակի գումար վճարելով դրա դիմաց: Գումար վճարելով, մարդը չի ստանում հանրային անվտանգություն, ընդհակառակը՝ դրանով նա էականորեն թուլացնում է հանրային անվտանգությունը, բայց ստանում է անհատական անվտանգություն, ինքն անձամբ չի մասնակցում երկրի եւ նրա սահմանների պաշտպանությանը, մնում է թիկունքում եւ դրանով իրեն անհատապես պաշտպանված է զգում: Իհարկե, եթե երկիրը ենթարկվի հարձակման, այդ դեպքում նրա կողմից գնված անհատական ապահովագրությունը ոչ մի կոպեկ չի արժենա, բայց դա վաճառականների հասարակությանը չի հետաքրքրում: Նրանք մտածում են ոչ թե թշնամուն կանգնեցնելու, թշնամու դեմ պայքարելու, այլ՝ պայմանավորվելու մասին: Փաշինյանի քաղաքականությունն ըստ էության ուղղված է նրան, որ Հայաստանը բավարարի իրեն առաջադրված բոլոր պայմաններն ու նախապայմանները, որն իբրեւ թե կապահովի հավերժ խաղաղություն: Հնազանդ ստրուկների դեմ դեռեւս որեւէ մեկը պատերազմ չի վարել, մեծ հաշվով՝ ստրուկները բանակ էլ չեն ունենում, որովհետեւ նրանց անվտանգությունն ապահովում են իրենց տերերը:
Այս օրենքի նախագիծն ունի մեկ այլ վտանգավոր գործողության շրջանակ եւս, այն պահանջելու է մշտական վտանգի առկայություն, որպեսզի հնարավորինս մեծ թվով մարդկանց շահագրգռի օգտվել տված հնարավորությունից: Մի պահ պատկերացրեք, որ այդ օրենքն ընդունվում է եւ մտել է գործողության մեջ: Որպեսզի ոչ միայն շատ հարուստները, այլեւ միջին խավը եւ նույնիսկ աղքատները որոշեն մուծվել իշխանությանը, ի՞նչ պետք է անի իշխանությունը. հասարակության մեջ առաջացնի սարսափ` բանակային ծառայության նկատմամբ, մոտալուտ պատերազմի մասին լուրեր տարածի, բանակում սպանությունների մասին հաղորդագրություններ: Որովհետեւ մի բան է, երբ ամեն զորակոչի ժամանակ այս օրենքից օգտվում է 10 զինծառայող` 60 հազար դոլար անգամ 10, ստացվում է 600 հազար դոլար, ինչը չնչին գումար է Փաշինյանի համար, եւ այլ բան է, երբ դրանից օգտվում է հազար մարդ, եւ գումարը դառնում է 60 միլիոն դոլար, որն արդեն բավական գրավիչ է հնչում անգամ Փաշինյանի համար: Ստացվելու է, որ իշխանությունը դառնալու է բանակում սպանությունների իրական շահառուն. ինչքան բանակում շատ մարդ զոհվի եւ սպանվի, այնքան իշխանությունն ավելի շատ փող կաշխատի: Սա փաստացի բիզնես է՝ մարդկանց կյանքերի կամ, ավելի ճիշտ` մահերի հաշվին: