Քաղաքականություն

Թրամփի նախագահության խելահեղ 100 օրը

Թրամփի նախագահության խելահեղ 100 օրը

Անցյալ շաբաթ լրացավ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնավարման 100 օրը։ 100-օրյա շրջանն ավարտվեց խառը արդյունքներով՝ դրական եւ բացասական, սակայն մի հաստատուն հատկանիշով՝ ոչ մի օր, ոչ մի այլ իրադարձություն երկրագնդի վրա ավելի մեծ միջազգային ուշադրություն չգրավեց, քան Թրամփը՝ ինքը։ Ամեն օր Թրամփը թերթերի առաջին էջերին էր ու հեռուստաէկրաններին՝ կա՛մ իր հայտարարությունների պատճառով, կա՛մ գործողությունների, կա՛մ դրանց հետեւանքների։ 

Ինչպիսի դիտարժան տեսարանների ու զարգացումների ասես, որ ամերիկացիները, հաճախ՝ նաեւ աշխարհը, ականատես չեղան վերջին 100 օրում` Սպիտակ տանն Իլոն Մասկի՝ առիթով ու անառիթ հայտնություններից մինչեւ Սթիվ Ուիտկոֆի՝ բոլոր միջազգային ճգնաժամերում Թրամփի բանագնացի վերածվել, Սպիտակ տանը Թրամփ-Զելենսկի հրապարակային լեզվամարտից մինչեւ Սուրբ Պետրոսի տաճարում tet-a-tet զրույցով հաշտվել, գրատախտակին գրված մաքսատուրքերի շնորհանդես անելուց ու այն ԱՄՆ-ի Ազատագրման օր կոչելուց մինչեւ մաքսատուրքերի գործողության կասեցում, Իսրայելի վարչապետին տեսախցիկների առջեւ ԱՄՆ-Իրան բանակցությունների մասին անսպասելի տեղեկացնելուց մինչեւ Գազայի գոտին մերձավորարեւելյան Ռիվերիայի, համարյա Gaz-a-Lago-ի վերածելու իդեա ու հոլովակներ, Սալվադորի CECOT բանտում շրջայց կատարող ԱՄՆ DHS քարտուղար Նոեմի՝ բանտարկյալների վանդակների առջեւ նկարվելուց մինչեւ Signalgate-ի սկանդալ, Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցի հրաժարական, ԱՄՆ դատական իշխանությանը հայտարարված փաստացի պատերազմ եւ այլն, եւ այլն։ 

Պաշտոնավարման 100 օրվա ընթացքում միայն միջազգային breaking news լուրեր գեներացրած Թրամփի արտառոց քայլերի ու հայտարարությունների թվարկումն ամբողջ մի հոդվածի ծավալ կզբաղեցներ։ Սակայն որքան էլ խայտաբղետ, միմյանց չկապակցվող, սկանդալային, հակասական հայտարարություններով ու քայլերով նշանավորված, այդուհանդերձ, Թրամփի վարչակազմին հարյուր օրում հաջողվեց աղմուկ-աղաղակով, ետուառաջ քայլերով, հախուռն կերպով, սակայն վերջնահաշվում բազմաթիվ ոլորտներում այնպես անիվը պտտել, այնքան հիմնարար տեղաշարժեր կատարել, որ դժվար տեսանելի ապագայում անիվն այլեւս ետ շրջվի, անկախ հանգամանքից՝ դեմոկրատները կլինեն իշխանության, թե հանրապետականները։ 

2 մարդկային սեռ, 10% մաքսատուրք, 0 ապօրինի միգրացիա 

Թրամփի կատարած առաջին հիմնարար տեղաշարժը, որ ողջույնի եւ ծափահարության է արժանի, տղամարդուց ու կնոջից բացի երրորդ սեռի գոյության խելագարությանը վերջակետ դնելն էր։ 2024-ի նոյեմբերին կրած դառը պարտությանից հետո, թվում է, Դեմոկրատական կուսակցությունում էլ գիտակցեցին, որ երրորդ սեռի խելագարություն ասպարեզ բերելը, DEI առաջ մղելը, առհասարակ՝  LGBTQW ու Աստված գիտե էլ ինչ տառերով ինքնաբնորոշվողների օրակարգեր սպասարկելը խորապես մերժվում է հասարակության կողմից։  Պատահական չէ, որ Կալիֆորնիայի նահանգապետ Գավին Նյուսոմը, որը 2028-ի նախագահական ընտրություններում Դեմոկրատական կուսակցության անթաքույց, գուցե նույնիսկ հիմնական հավակնորդն է, արդեն փոդքասթ է սկսել, որտեղ աջ պահպանողականների է զրույցի հրավիրում՝ այդկերպ Դեմոկրատական կուսակցության պրոգրեսիվ թեւից տարանջատվելու խնդիր լուծելով՝ նույնիսկ ի գին հրապարակային հակադրման։ 

Երկրորդ հիմնարար տեղաշարժը ԱՄՆ անմաքս ապրանքներ ներմուծելու շրջանում Թրամփի վարչակազմի կողմից դրված վերջակետն էր։ Այո, Թրամփը սկանդալային հայտարարություններ արեց, 25%, 36%, 45%, 125% ու չգիտես էլ ինչ էկզոտիկ մաքսատուրքերով այսուայն պետությանը սպառնաց կամ նրանց դեմ սահմանեց, բորսաները տակնուվրա արեց, ԱՄՆ գանձապետական պարտատոմսերի ակնհայտ արժեզրկման հասավ, հետո անդունդի եզրից թատերական էֆեկտով ետքայլ կատարեց՝ իր իսկ սահմանած էկզոտիկ մաքսատուրքերը կասեցնելով եւ այլն, եւ այլն․․․ Բայց այդ ողջ գեներացված աղմուկ-աղաղակի, թոհուբոհի մեջ, վերջնահաշվում, ԱՄՆ կատարվող բոլոր ներմուծումների վրա համատարած 10% մաքսատուրքը մտավ ուժի մեջ։ Եվ դա որեւէ վարչակազմ այլեւս չի փոխի, որովհետեւ եկամուտ է ու ներքին շուկայի արդարացի պաշտպանություն։ Մնացյալ՝ լրացուցիչ, փոխադարձ, չգիտես էլ ինչ մաքսատուրքերի գծով ներկա վարչակազմը, ապագա վարչակազմերը կբանակցեն, հիմնականում գուցե դրանք կչեղարկեն, բայց ԱՄՆ անմաքս ներմուծումների ժամանակը Թրամփի թեթեւ ձեռքով ավարտվեց։

Երրորդ հիմնարար տեղաշարժը, որտեղ անիվն այլեւս ետ չի պտտվի, ապօրինի միգրանտների արտաքսման դաշտում էր։ Թրամփի վարչակազմը երեւի ԱՄՆ պատմության մեջ առաջին անգամ, տարիներով ԱՄՆ-ում բնակված, ԱՄՆ-ում ծնված երեխաներ ունեցող միգրանտների սկսեց արտաքսել։ Իհարկե, խոսքն այն միգրանտների մասին է, ովքեր թեկուզ տասնյակ տարի առաջ, բայց ապօրինի են ԱՄՆ մուտք գործել կամ ապօրինի մնացել են այնտեղ։ 
Թրամփի վարչակազմի իրականացրած զանգվածային արտաքսումները բոլոր ապօրինի եւ պոտենցիալ ապօրինի միգրանտներին բացատրեցին, որ ո՛չ ԱՄՆ հողում ծննդաբերելը եւ երեխային արհեստականորեն ԱՄՆ քաղաքացի դարձնելը, ո՛չ ԱՄՆ-ում աշխատել-հարկ մուծելը, ո՛չ նոր ժամանածների՝ եկեղեցիներում կամ դպրոցներում պատսպարվելը, ո՛չ այլ «հնարամտություններ» այլեւս միջոց չեն՝ ԱՄՆ-ում մնալու։ Բոլոր այդ արկածախնդրություների վերջը կարող է լինել ինքնաթիռով ԱՄՆ-ից արտաքսվելը, ընդսմին՝ երբեմն նույնիսկ ոչ այն երկիրը, որտեղից ժամանել ես։ Իսկ նման դաժան վերջաբանը հույս է, որ բազմաթիվ մարդիկ՝ Լատինական Ամերիկայից մինչեւ Աֆրիկա, ավելի երկար կմտածեն ապօրինի ԱՄՆ տեղափոխվելուց կամ տարբեր ձեռնածություններով այնտեղ մնալուց առաջ։ 
Վենեսուելացի հանցագործներին էլ առանց դատավարությունների Սալվադորի հանրահայտ դարձած CECOT ուղարկելը, որտեղ ազատազրկումը ցմահ է, արտաքին աշխարհի հետ կապը՝ լիովին խզված, ողջությունը իմաստազրկված, առօրյան՝ պրիմատների գոյության վերածված, մեկ այլ նորարարություն էր, որ կարող է եւ միանգամայն արդյունավետ լինել միգրանտների ստեղծած հանցագործ կարտելների դեմ պայքարում։   

Ռուսաստանի վատագույն смута-ի ուրվականը

Չորրորդ հիմնարար տեղաշարժին երեւի թե ականատես կլինենք շուտով՝ Ռուսաստանի հետ հարաբերություններում։ 
Մի երկու ամիս Սթիվ Ուիտկոֆֆի՝ Մոսկվա թռիչքներից ու ՌԴ նախագահի հետ բանակցելուց հետո անցյալ շաբաթ ԱՄՆ սենատում անհրաժեշտ թվով ստորագրությունները հավաքվեցին օրինագծի ներքո, որով մինչեւ 500 % երկրորդային մաքսատուրքեր կսահմանվեն բոլոր այն պետությունների դեմ, որոնք Ռուսաստանի Դաշնությունից էներգակիրներ են ներմուծում։ Հասկանալի է, որ թիրախում երկու հիմնական սպառողների՝ Հնդկաստանի եւ Չինաստանի կողմից ռուսական էներգակիրների գնումներին վերջակետ դնելն է (Թուրքիան էլ ձեռքի հետ ոտքի տակ կընկնի ու թերեւս տնտեսական կոլապսի կենթարկվի)։ 

Այսօր Ռուսաստանը, ճարահատյալ, միջազգային շուկայի կես գնով է Հնդկաստանին եւ Չինաստանին նավթ վաճառում, բայց դա թույլ է տալիս Ռուսաստանի տնտեսությանը գոյատեւել եւ ռազմական արդյունաբերությանը՝ աշխատել։ Այժմ հարկավոր է, որ ՌԴ եկամուտների այդ վերջին աղբյուրներն էլ փակվեն։ ԱՄՆ Սենատում ցանկանում են տեսնել ՌԴ տնտեսության նույնպիսի ամբողջական փլուզում՝ crush, ինչպես ԽՍՀՄ փլուզման ժամանակ, եւ երկրորդային մաքսատուրքերի օրինագիծը դրան է կոչված։ Ըստ Bloomberg-ի տեղեկությունների, օրինագծի ներքո արդեն հավաքվել է 72 սենատորի ստորագրություն՝ այն դեպքում, երբ 67-ն արդեն ձայների 2/3 է ապահովում։ Իսկ Սենատի ձայների 2/3-ով ընդունված որեւէ օրինագծի վրա ԱՄՆ նախագահի վետոյի իրավունքն անգամ այլեւս չի տարածվում։ 

Հասկանալի է, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վրա Թրամփը չի էլ փորձի վետո դնել։ Հանուն արդարության պետք է նշել, որ պաշտոնամուտից 2-3 օր անց Դավոսի գագաթնաժողովում Թրամփը հրապարակային եւ պաշտոնապես հայտարարեց, որ կա՛մ Ռուսաստանը հրադադարի եւ պատերազմի ավարտի կգնա բանակցությունների ուղիով, ինչը կլինի դյուրին ուղի։ Կա՛մ պատերազմն Ուկրաինայում ավարտի կհասցվի բարդ ճանապարհով՝ Ռուսաստանի տնտեսությունը փլուզելով, ՌԴ-ից էներգակիրների ներմուծող երկրների դեմ կսահմանվեն երկրորդային մաքսատուրքեր, եւ համաշխարհային շուկայում կհաստատվի 1 բարել նավթի դիմաց 50-60 դոլարի վերին շեմ։  

Այժմ երկրորդային մաքսատուրքերի օրինագիծն ԱՄՆ Սենատում է եւ ցանկացած պահի կարող է քվեարկության ներկայացվել, իսկ նավթի համաշխարհային արդյունահանման ծավալները 18 ամիս շարունակ օրական 180 հազար բարելով մեծացնելը, որն անխուսափելիորեն բերելու է նավթի միջազգային գնի նույնպիսի արհեստական իջեցման, ինչպես ԽՍՀՄ-ը փլուզելիս, 2025-ի ապրիլի 1-ից արդեն սկսվել է։ Ավելին՝ մայիսին արդյունահանվող հավելյալ ծավալները հասցվել են 411 000 bpd (բարել՝ օրական) ցուցանիշին, եւ դա պահպանվելու է հունիսին։ 

Այսինքն՝ ԱՄՆ վարչակազմը երկու ուղիով էլ հավասարապես առաջ է շարժվել, եւ ՌԴ-ից է կախված ընտրությունը՝ կա՛մ պատերազմն ավարտել, դուրս գալ Ուկրաինայի տարածքից, ԱՄՆ-ի հետ ստորագրել Սիբիրի հազվագյուտ հանածոների համատեղ շահագործման պայմանագիր, ինչպիսին ԱՄՆ-ն Ուկրաինայի հետ ստորագրեց, եւ առանց դրամատիկ փլուզման, նոր իրականությունում ապրել։ Կամ էլ շարունակել ներկա կուրսը եւ ենթարկվել նույն տնտեսական դեմպինգին ու ճնշումներին, որոնք փլուզեցին ԽՍՀՄ-ը։ Կրեմլում դժվար մնացած լինի մեկը, որ չգիտակցի նավթի գնի ագրեսիվ դեմպինգը՝ համակցված երկրորդային պատժամիջոցների հետ մի քանի ամսում կփլուզեն ՌԴ-ի, նվազագույնը՝ տնտեսությունը, եթե ոչ սոցիալական համակեցությունն առհասարակ՝ բացելով Ռուսաստանի պատմության երեւի վատագույն смута-ի դուռը։
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image