Փարաքարը Մեքսիկա սարքած ՔՊ-ականները տեղները հանգիստ չեն նստում։ Քրեական պատմություններով հայտնի Փարաքարի համայնքապետ Լյուդվիգ Գյուլնազարյանն իր համայնքում կատարված սպանության օրն անհետացել էր, մինչդեռ այժմ շատ ակտիվ ձեռնամուխ է եղել համայնքապետի աթոռը սեփականացնելու գործին։
Փարաքարում, ինչպեսեւ Գյումրիում, մարտի 30-ին ընտրություններ են նշանակված:
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը կրկին իր նորահայտ փրայմերիզն արեց, որի արդյունքում հաղթեց Լյուդվիգ Գյուլնազարյանը, որը ՔՊ-ի ցուցակն է գլխավորելու: Ինչքան մոտենում են Փարաքարի ընտրությունները, այնքան իշխանություններն ավելի մեծ ռեսուրս են կիրառում «Ապրելու երկիր» կուսակցության թեկնածու Վոլոդյա Գրիգորյանի դեմ, որը հաղթելու բավականին մեծ շանսեր ունի։ Վերջերս Մերձավանում տեղի ունեցած ողբերգության ֆոնին, իշխանություններն առիթը բաց չթողեցին՝ հերթական քայլն անել Գրիգորյանի դեմ՝ կալանավորելով նրա եղբորը, որն իբր եղել է դեպքի վայրում։ Սակայն տեսագրությունները եւ ականատեսները փաստում են, որ Վոլոդյա Գրիգորյանի եղբայրը չի եղել դեպքի վայրում։
Ըստ «Ապրելու երկիր» կուսակցության՝ դա ակնհայտ քաղաքական հետապնդում է։ Ի դեպ, միջադեպի հիմնական դերակատար, Մերձավանի վարչական ղեկավար Մհեր Ախտոյանն էլ է անցնում քրեական մի վարույթով։ Նա ընտրությունների նախաշեմին է կալանքից ազատվել եւ, փաստորեն, նոր ողբերգության պատճառ ու մասնակից դարձել։ Նա եւ նախկին համայնքապետ Դավիթ Մինասյանը մեղադրվում են համայնքի հողերն աճուրդով իրենց ծանոթներին վաճառելու մեջ։
Դավիթ Մինասյանին փոխարինած, փրայմերիզով համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակված Լյուդվիգ Գյուլնազարյանն էլ մի քանի ամիս առաջ էր հրաժարական տվել՝ մեկ այլ սպանության միջադեպի պատճառով, որի ժամանակ ինքն էլ էր հրազենային վիրավորում ստացել։
Դատելով Փարաքարում տեղի ունեցած վերջին ՏԻՄ ընտրությունների արդյունքներից՝ ՔՊ-ն գիտի, որ Վոլոդյա Գրիգորյանն իրենց միակ մրցակիցն է։ Նա նախորդ ընտրություններին միայնակ ավելի շատ ձայներ էր հավաքել, քան ՔՊ-ն՝ «Դավիթ Մինասյան» դաշինքի հետ միասին։ Ընդամենը 1 ձայնի առավելությամբ կոալիցիա կազմած այս ուժերը «զավթեցին» Փարաքարի համայնքապետի աթոռը։ «Ապրելու երկրի» թեկնածուի ընտրվելու շանսերը բարձր են գնահատվում նաեւ հիմա, ուստի ՔՊ-ականները փորձում են անգամ ողբերգական սպանության փաստը շահարկել՝ Գրիգորյանի ռեյտինգը գցելու համար։ Արդեն զարմանալի չէ, որ նման նենգ քաղաքական պայքարին աջակցում է նաեւ իրավապահ համակարգը։ Ինչպես արդեն նշեցինք՝ Մերձավանում տեղի ունեցած սպանության գործով կալանավորվել է Վոլոդյա Գրիգորյանի եղբայրը, որն անգամ դեպքի վայրում չի եղել։ Հիշեցնենք, որ ՔՊ-ականները Մերձավանի սպանությունից հետո լուրեր են տարածել, թե կրակել են վարչական ղեկավար Մհեր Ախտոյանի տան վրա, սակայն դեպքի վայրում «Հրապարակ»-ը պարզեց, որ սպանության պատճառ դարձած «ռազբորկան» եղել է Ախտոյանի ուղղակի տան մոտ, որին անմիջական մասնակից է դարձել նաեւ վարչական ղեկավարը, եւ որի արդյունքում նրա ազգականը սպանվել է, մեկ այլ անձ` վիրավորվել։