Եվրամիությունը երկուշաբթի օրը պատժամիջոցներ կկիրառի 11 անձանց նկատմամբ, որոնք կապված են փետրվարի 1-ին Մյանմայում հեղաշրջման հետ։
Միջազգային «Ռոյթերս» լրատվական գործակալության փոխանցմամբ` Բրյուսելում ասել է Եվրոպական Միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության Բարձր ներկայացուցիչ Ջոզեպ Բորելը ԵՄ նախարարների հետ հանդիպումից առաջ։
Դաշինքը զենքի էմբարգո ունի Մյանմայի նկատմամբ, և 2018 թվականից ի վեր թիրախավորել է որոշ բարձրաստիճան զինվորականների։
«Մյանմայի ․․․ նկատմամբ մենք պատրաստվում ենք պատժամիջոցներ կիրառել հեղաշրջման ու ցուցարարների նկատմամբ բռնաճնշումների մեջ ներգրավված 11 անձի դեմ», - ասել է Բորելը՝ հավելելով, որ երկրում իրավիճակը վատթարանում է:
Reuters-ը մարտի 8-ին հաղորդել էր, որ ԵՄ-ն միջոցառումները նախապատրաստում է: Նախատեսվում է, որ անհատների անունները կհրապարակվեն այն ժամանակ, երբ նախարարները պաշտոնապես որոշեն պատժամիջոցները:
Սպասվում է, որ շուտով ավելի կոշտ միջոցառումներ կձեռնարկվեն, երբ դաշինքը շարժվի՝ թիրախավորելով բանակի կողմից ղեկավարվող բիզնեսները:
ԵՄ դիվանագետները «Ռոյթերսին» հայտնել են, որ, ամենայն հավանականությամբ, թիրախ կդառնան ռազմական կոնգլոմերատները՝ Myanmar Economic Holdings Limited (MEHL) ու Myanmar Economic Corporation-ը (MEC), որը ԵՄ ներդրողներին ու բանկերին կարգելի նրանց հետ գործարքներ իրականացնել:
«Կոլլոմերատները սփռված են ամբողջ տնտեսությունում՝ հանքարդյունաբերությունից և արտադրությունից մինչև սննդամթերք ու խմիչքներ, հյուրանոցներ, հեռահաղորդակցություն ու բանկային ծառայություններ: Նրանք դասվում են երկրի խոշոր հարկատուների շարքում ու գործընկերություն են փնտրում օտարերկրյա ընկերությունների հետ, քանի որ Մյանման բացվեց իր ժողովրդավարական ազատականացման ընթացքում», - գրել է միջազգային գործակալությունը։
2019-ին Միավորված ազգերի կազմակերպության փաստահավաք առաքելությունը խորհուրդ էր տվել պատժամիջոցներ կիրառել երկու ընկերությունների և նրանց մասնաճյուղերի դեմ՝ ասելով, որ «դրանք բանակին տալիս են եկամտի լրացուցիչ աղբյուրներ, որոնք կարող են ֆինանսավորել մարդու իրավունքների խախտումները»: