Հայգեյթ Քոնսալթ սոցիոլոգիական գործակալությունը 2022-ի վերջին եւ 2023-ի սկզբին սոցիոլոգիական ուսումնասիրություններ է կատարել Արցախում՝ տարբեր թեմաներով։ Նաեւ քաղաքական գործիչների ու պաշտոնյաների ռեյտինգներն է հաշվել, որի մասին մամուլում արդեն եղել են մի քանի հրապարակումներ։ Բայց ուսումնասիրության բովանդակության մեծ մասը չի հրապարակվել, մինչդեռ այնտեղ կան ուշագրավ տվյալներ։
Ասենք, հարցումների արդյունքում պարզվել է, որ արցախցիների հավաքական ամբողջությունն ավելի շատ է հետաքրքրված քաղաքական իրադարձություններով, քան հայաստանցիներն են հետաքրքրվում։ Միայն 13 տոկոսն է ասել, որ հետաքրքրված չէ։ Մնացած 87 տոկոսը տարբեր մակարդակի, բայց ակտիվ զանգված է, ինչն աննախադեպ ցուցանիշ է անգամ եւրոպական երկրների դեպքում։ Ըստ այդմ, ընտրություններին էլ մասնակցել է չափից դուրս մեծ քանակ՝ հազվադեպ եմ մասնակցել եւ երբեք չեմ մասնակցել ասել է հարցվողների միայն 11,3 տոկոսը։ Եւ դրանից բխող եւս մի հարց՝ որքանով է ձեր ձայնը որոշիչ ընտրություններում, ինչը նաեւ նշանակում է՝ որքանով են արդար ընտրությունները, որոշիչ չէ պատասխանել է միայն 27,8 տոկոսը, ինչը եւս բավականին խոսուն ցուցանիշ է։
Եւ այս կտրվածքով՝ եւս մի հարց․ որքանով է դեմոկրատական Արցախը։ Բոլորովին դեմոկրատական չէ ասել է հարցվողների 20,3 տոկոսը, դեմոկրատական է, բայց լուրջ խնդիրներով ասել է՝ 58,3 տոկոսը, լիովին դեմոկրատական է՝ 6,2 տոկոսը։