Քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Վահագն Վերմիշյանը, պարզվում է, Նիկոլ Փաշինյանի թշնամիների ցուցակի առաջին հորիզոնականում է։ Առաջին ատյանի դատարանը, Մնացական Մարտիրոսյանի գլխավորությամբ, շուրջ 3 տարի անազատության մեջ գտնվող Վահագն Վերմիշյանին դատապարտեց 8 տարվա ազատազրկման, թեեւ Վերմիշյանին առաջադրված մեղադրանքները դատաքննության ընթացքում հերքվում էին։ Սակայն պարզվում է, որ սրանով Նիկոլ Փաշինյանի սիրտը չի հովացել, եւ Վերմիշյանին ունեզրկելու գործընթաց էլ է սկսվել։ Հիշեցնենք, որ Վերմիշյանը մեղադրվում էր կաշառք վերցնելու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ։
Նրա պաշտպան Ալեքսանդր Կոչուբաեւին նախ հարցրինք, թե ինչ փուլում է Վերմիշյանի դատավճռի բողոքարկումը։ «Ճիշտն ասած, Մնացական Մարտիրոսյանն արդեն մեկ ամիս է՝ մեզ դատավճիռը չի հանձնել՝ օրենքի խախտումներ թույլ տալու գնով, քանի որ եռօրյա ժամկետում մեզ դատավճիռը պետք է տրամադրվեր, սակայն մեկ ամիս է՝ չի տրամադրվել, այդ պատճառով դեռեւս չենք բողոքարկել»,- պատասխանեց Կոչուբաեւը։ Պարզվում է նաեւ, որ դատախազությունն «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի շրջանակներում վարույթ է սկսել Վերմիշյանի դեմ` գույքը պետականացնելու նպատակով։
Սրա կապակցությամբ Կոչուբաեւն ասաց․ «Այդ վարույթը ծայրահեղ անհեթեթություն է, քանի որ Վահագն Վերմիշյանը 1989 թվականից Հայաստանի Հանրապետությունում չի բնակվել մինչեւ 2019 թվականը ներառյալ, Հայաստանում որեւէ պետական պաշտոն չի զբաղեցրել, իր ամբողջ մասնավոր կապիտալը եղել է Մոսկվայում, Պետերբուրգում, Շանհայում, Սուդանում, Դուբայում, եւ նրա կապիտալը հարյուրապատիկ, հազարապատիկ անգամ շատ ավելին է, քան ապօրինի գույքի օրենքով ներկայացվել է։ Վահագն Վերմիշյանն ունի կենսագրություն, մինչեւ պաշտոն ստանձնելը ունեցել է հաջողված բիզնեսներ՝ ճարտարապետության ոլորտում գործող, եւ իր կապիտալը ձեւավորվել է մասնավոր սեկտորից։ Ըստ էության, իշխանությունները շարունակում են ճնշումները եւ արդեն հարձակվել են իր կապիտալի վրա»։
Կոչուբաեւի խոսքով՝ վարույթը նոր է սկսվել, եւ պատասխանողի կողմից առարկություններ ներկայացնելու փուլն է․ «Խորհրդանշական է, որ դատախազությունը ժամանակ չի տրամադրել, որ մենք Ռուսաստանի Դաշնության իրավասու մարմիններից ձեռք բերենք եւ դատախազությանը ներկայացնենք պատշաճ ապացույցներ առ այն, որ Վահագն Վերմիշյանը մասնավոր ընկերություններ է ունեցել, մասնավոր կապիտալներ: Հապճեպորեն` ազատազրկումից հետո միանգամից ներկայացրին նաեւ այս հայցադիմումը»։ Փաստաբանից հետաքրքրվեցինք նաեւ, թե դատախազությունը կոնկրետ ինչ գույքի օրինական ծագումն է կասկածի տակ դրել։ «Երկու բնակարան Երեւան քաղաքում, 2004 թվականի արտադրության «Վոլվո» մեքենա եւ բռնագանձման անհնարինության դեպքում՝ մոտ 303 մլն դրամ գումար։
Իրականում այն, ինչը որակվել է ապօրինի, Վահագն Վերմիշյանի իրական կապիտալից հազարապատիկ փոքր է, որը նա ունեցել է արտերկրում։ Վերմիշյանն արտերկրում մասնավոր ճարտարապետական ֆիրմաներ է ղեկավարել, սեփականատեր է հանդիսացել, որոնք հաջողությամբ գործել են Սուդանում, Մոսկվայում, Դուբայում, Շանհայում։ Վերմիշյանը նախագծել է Դուբայի Կեմպինսկի հյուրանոցը, «Շերեմետեւո» օդանավակայանի մի քանի սեկտորներ, իր ղեկավարած ճարտարապետական ընկերություններն առաջատար դիրքերում են եղել ողջ աշխարհում։ Նաեւ չափազանց բարձրաստիճան պաշտոնատար անձանց տներ, բազմաթիվ այլ շինություններ է նախագծել, եւ Վահագն Վերմիշյանի նախագծած շինությունները 5 մլն քմ ծավալով շինություններ են։ Կարծում եմ՝ սա խոսուն թիվ է այն մասին, թե որտեղից Վահագն Վերմիշյանին կապիտալ։ Այս ամենը մենք բացառապես համարում ենք քաղաքական հետապնդման շարունակություն։ Ըստ էության, իշխանությունները չբավարարվեցին միայն ազատազրկումով»,- պատասխանեց Կոչուբաեւը։