Ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակում, ընթացող մոտեցումների տրամաբանության մեջ, ամենակարևոր հանգամանքը էմոցիաներից զուրկ կամ զուսպ լինելն է։ Սա ասում եմ, քանի որ վերջին շրջանում թե միջազգային տարբեր հարթակներում, թե ներքին քաղաքական դիսկուրսում ես շատ եմ տեսնում գնահատականներ, որոնք էմոցիայով են լցված ու չեն նախանշում խնդրի որևէ լուծում։ Այս մասին քիչ առաջ «Գործոններ, որոնք ազդելու են տարածաշրջանի վրա․ փոփոխությունների որակը և ծավալները» թեմայով հրավիրված քննարկման ժամանակ իր ելույթում ասաց Ազգային ժողովի պատգամավոր, ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը։
«Ամենակարևորն այս պարագայում ռացիոնալ լինելն է։ Ամենակարևոր բաներից մեկն այն է, որ հասկանաք, որ խաղը հայերի շուրջ չէ, այսինքն՝ աշխարհը հայերի շուրջ չի պտտվում։ Այո, մենք դարձել ենք գլոբալ որոշ զարգացումների իրականացման գործողններից մեկը։ Ու այսօր տարբեր աշխարհաքաղաքական կենտրոններ հենց այդ գործոն տարբեր ձևերով փաստորեն կարողանում են օգտագործել։ Այլ հարց է, թե Հայաստանի այսօրվա իշխանությունների վարած քաղաքականությունը որքանով է գոհացնում հայ հասարակությանը ու ինչքանով է այն բավարարում տարբեր աշխարհաքաղաքական կետնրոնների պատկերացումներն ու սպասումները։ Իմ պատկերացումներով այսօր երեք շատ հստակ ռազմավարական նպատակ կա, որի շուրջ ծավալվում են նաև մեր տարածաշրջանի զարգացումները։ Առաջինը Ռուսաստանին աշխարհաքաղաքական առումով տարածաշրջանում չեզոքացնելն է։ Երկրորդը կասպյան ավազանի էներգիառեսուրսների տիրապետմանը ու դրանց տեղափոխման ազատ հնարավորությունների ստեղծումն է։ Երրորդ խնդիրը այն է, որ սահմանափակեն Ռուսաստանի տարանցիկ հնարավորությունները, ինչպես նաև Չինաստանի։ Այո, սա այսպես է, քանի որ այն ձգտումները, որոնք վերջին տասնամյակներում դրսևորվում են տարբեր միջանցքներում, խիստ անհանգստացնում են այլ աշխարհաքաղաքական կենտրոնների, որոնք փորձելու են ամեն ինչ անել, որ այդ հնարավորությունները մաքսիմում սահմանափակվի»,- հավելեց նա։