Ընդամենը 6 ամիս առաջ` մայիսի 31-ին էր ՔՊ-ական Լյուդվիգ Գյուլնազարյանը ընտրվել համայնքապետ: Իսկ նոյեմբերի 16-ին տեղի ունեցած սպանությունից հետո, երբ ինքն էլ հրազենային վնասվածք ստացավ, ստիպված հրաժարական տվեց։ Նախորդ համայնքապետ Դավիթ Մինասյանը` «Դավիթ Մինասյան դաշինքի» առաջին համարը, ՔՊ-ի հետ կոալիցիա կազմեց եւ այդ գործարքի արդյունքում 2,5 տարի կառավարեց համայնքը: Բայց ժամկետը լրանալուց հետո հրաժարվում էր թողնել պաշտոնը։ Նրա նկատմամբ քրեական գործ հարուցեցին, իսկ պաշտոնից հեռացնելուց մեկ ամիս անց կալանավորեցին։ Մինասյանը մեկ անգամ չէ, որ հայտնվել էր սկանդալի մեջ։ Նախորդ տարվա ապրիլին գիշերային ակումբում հարբած եւ խուլիգանություն կատարած Փարաքարի գործող համայնքապետ Դավիթ Մինասյանին իրավապահները չկալանավորեցին միայն նրա համար, որ նա իշխանությունների դրածո համայնքապետն էր եւ մի քանի ամսից պաշտոնը կամովին պետք է հանձներ ՔՊ-ին։
Փաստացի` ՔՊ-ի ընտրած համայնքապետերը Փարաքարը խաղաղ կառավարելու ունակ չեն: Ավելին՝ նրանք «խուլիգանի» վարքագիծ ունեն եւ սկանդալների մեջ հայտնվելու սեր։ Հիշեցնենք, որ ավագանու կազմ անցած ուժերը քաղաքապետի կառավարումը կիսելու պայմանավորվածություն էին ձեռք բերել անցած տարվա հունվարին, երբ ընտրություններից հետո ոչ մի ուժ մեծամասնություն չէր ստացել: Երկար քննարկումներից, ծեծկռտուքներից ու բոյկոտներից հետո ամենաքիչ ձայներ հավաքած «Դավիթ Մինասյան» դաշինքը կոալիցիա կազմեց ոչ թե ընդդիմադիր «Ապրելու երկրի», այլ ՔՊ-ի հետ, որին էլ խոստացավ 2,5 տարուց զիջել իշխանությունը։
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց, որ դեռ անորոշ է Փարաքարի ապագան: Կա երկու տարբերակ. «Գործող օրենսդրությամբ հնարավորություն կա ավագանու կազմից համայնքապետ ընտրել: Եթե 14 օրվա ընթացքում համայնքապետ չի ընտրվում, կառավարությունը պարտավոր է լուծարել ավագանին եւ գնալ նոր արտահերթ ընտրությունների։ Այս պահին որեւէ պրոցես տեղի չի ունենում։ Սակայն ենթադրվում է, որ ՔՊ-ականներն իրենց մեջից ընտրելու են նոր համայնքապետ։ Եթե գնան այդ ճանապարհով, կստացվի ՔՊ-ն կունենա 3-րդ համայնքապետը: Եթե` ոչ, ապա կգնանք նոր ընտրությունների: Առաջիկա օրերին պարզ կլինի»,-նշեց նա։