Համազգային հայ կրթական եւ մշակութային միության երեւանյան գրասենյակի եւ «Սփյուռք» գիտաուսումնական կենտրոնի համագործակցությամբ լույս է տեսել սփյուռքահայ ականավոր բանաստեղծ Զահրատի ծննդյան 100-ամյակին նվիրված «Զահրատ․ 100 բանաստեղծություն» գիրքը, որն ընդգրկում է բանաստեղծի տարբեր տարիների լույս տեսած ժողովածուներից ընտրված 100 բանաստեղծություն։ Գիրքը կազմել է գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր Սուրեն Դանիելյանը, ժողովածուի խմբագիրը Քնարիկ Աբրահամյանն է։
«Զահրատն առաջին կարգի մեծություն է, մի բանաստեղծություն ունի, որտեղ ասում է՝ մենք ավելի շատ փայլում ենք ապագայի մեջ, բայց այդ ապագան սարսուռով է ներկայացնում մեզ, ո՞րն է այդ սարսուռը, մենք իսկապես շողշողում ենք հողերի տակ, իսկ մեր առօրյա շփումները միայն ժամանակավոր երեւույթ են։ Բանաստեղծի մեծությունը նրա անմահության մեջ է, հողի տակ՝ ապագայում փայլելու տեսակետից»,- մեզ հետ զրույցում ասում է Սուրեն Դանիելյանն ու նկատում, որ պոլսահայ բանաստեղծը 60թ․-ից մուտք գործեց «բանաստեղծական կալվածք» ու իսկական հրաշքներ գործեց այնտեղ՝ մի նոր շրջափուլ բացելով պոլսահայ գրականության մեջ։
Գրքի ձեւաչափից ելնելով՝ շատ դժվարությամբ է 100 բանաստեղծություն ընտրել․ «Նա միայնակ բանաստեղծ էր, երգեց մարդուն, նրա մենությունը ու նրա հետ էլ տառապեց։ Իսկ տառապանքը մենության սահմանի մեջ բերեց հետաքրքիր հակադրությունների մի սահման։ Ո՞րն էր այդ սահմանը․ այն, որ ինքը, ճանաչելով մարդկային անհանգստությունների ուղին, երգում է մարդու տառապանքը եւ նրան կարեկից է։ Ի վերջո, սիրո մեջ էլ է մարդը տառապում, բայց այդ տառապանքը քրոնոտիպի արժեք ունի։ Զահրատի բանաստեղծությունը պոլսահայ գրականության մի նոր ու անծանոթ սահման բացեց մեզ համար, ու այդ ճանապարհին նա միայնակ չէր, Զարեհ Խրախունին՝ նույնքան սքանչելի բանաստեղծ, իսկ նրանց լավագույն տեսաբանը դարձավ Ռոբեր Հատեճյանը՝ «Մարմարա» օրաթերթի խմբագիրը։ Զահրատը դեռ նոր է բացահայտվելու, ինչպես Համո Սահյանը շատ ուշ բացեց մեր գրականության ընտրանու սահմանը, ճիշտ այդպես էլ Զահրատը բացում է այդ սահմանը մեր բանաստեղծության մեջ։ Անբանաստեղծական բանաստեղծության մեջ ամենից փառավոր դեմքերից մեկն է նա»։
Ավ․ Իսահակյանի անվան գրադարանում տեղի ունեցած գրքի շնորհանդեսին, ի թիվս մի շարք հյուրերի, ներկա էր նաեւ թարգմանիչ, երաժիշտ Պերճ Թյուրաբյանը, որին հիմնականում գիտեն որպես Ազնավուրի երգերի թարգմանիչ եւ կատարող, բայց Թյուրաբյանն ունի նաեւ հեղինակային երգեր, ինչպես նաեւ Զահրատի գործերն է կատարում՝ կիթառի նվագակցությամբ։
Տարիներ առաջ, երբ Զահրատն այցելում է Նյու Յորք՝ մասնակցելու մի հանդիսության, Պերճ Թյուրաբյանը երգում է իր «Կաղանդի ծառ մը» բանաստեղծությունը․ «Այդ ժամանակ նա պատմեց, որ երբ երգապնակը ստացել է ու Խրախունու հետ լսել է իրենց բանաստեղծությունները՝ իմ կատարմամբ, ինքն ասել է՝ իմ երգս ավելի լավն է, Խրախունին էլ ասել է՝ իմ երգս է ավելի լավը․․․ ու այդպես սկսեցի երգերի վերածել հայ արեւելահայ եւ արեւմտահայ բանաստեղծներին»։
Ասում է՝ դժվար է պոլսահայ բանաստեղծներին, այդ թվում՝ Զահրատին, երգեցիկ դարձնելը․ «Փնտրում ես համապատասխան վանկեր, բայց, ամեն ինչից անկախ, երգը քեզ թելադրում է, իսկ Զահրատի պոեզիան խենթանալու է, որը շատ-շատ եմ սիրում եւ միշտ զարմացել եմ՝ ճանաչելով իրեն ու իր բանաստեղծությունը»։
Թե ինչպիսին էր Զահրատը կյանքում, իր գրվածքների նման լակոնի՞կ էր, Պերճ Թյուրաբյանը մի պատմություն է հիշում․ «Ինքն էր, Խրախունին եւ Հատեճյանը, եկել էին Նյու Յորք, իրենց համար ընդունելություն էին կազմակերպել ինչ-որ մի ռեստորանում եւ բոլորիս սեղաններին դրել էին հատվածներ այս երեք գրողների գործերից։ Մեր սեղանին Զահրատի գործերից մեկն էր։ Մոտեցանք նրան եւ սկսեցինք խոսել այդ բանաստեղծության մասին, ինքն արագ ներգրավվեց զրույցին, բայց այդ պահին եկավ մատուցողը եւ հարցրեց, թե ինչ է ուզում ուտել։ Զահրատը միանգամից մոռացավ բանաստեղծության մասին իր խոսքը եւ սկսեց մատուցողի հետ խոսել։ Զարմացած ասացինք՝ պարոն Զահրատ, այս ի՞նչ եք անում․․․, ասաց՝ էհ, ձուկն ալ կարեւոր է...»։
Համազգային հայ կրթական եւ մշակութային միության երեւանյան գրասենյակի ղեկավար Ռուզան Առաքելյանն էլ իր խոսքում նշեց, որ իրենց համար արդեն ավանդույթ է դարձել մեր նշանավոր բանաստեղծների 100-ամյակները նշանավորել առանձին գրքերով, եւ «Զահրատ 100»-ը 3-րդ գիրքն է այս շարքում՝ Վահագն Դավթյանից ու Պարույր Սեւակից հետո․ «Քչերը կպատկերացնեին, թե ինչպես կարող է մասնագիտությամբ բժիշկ Զահրատը 40 տարեկանում այսպիսի գրականություն ստեղծել, որը հայ գրականության պատմության մեջ արդեն հետագիծ է թողել։ Զահրատի բանաստեղծությունը նշանավոր է 3 կարեւոր հանգամանքով, նախ՝ շատ պարզ է լեզուն, ինչպես ինքն է ասում՝ իմ լեզուն պարզ է իմ թաղի մարդկանց նման։ 2-րդ՝ անշուշտ, բանաստեղծության մեջ նորություն չէր բերում Զահրատը, բայց ստեղծել է պատմողական բանաստեղծություն, եւ նրա բանաստեղծությունները կարդալիս կարծես հեքիաթ կարդաս։ Եվ 3-րդ․ Զահրատն իր բանաստեղծության մեջ կերպարներ է ստեղծում, որոնց միջոցով խոսում է համամարդկային արժեքներից եւ անձնական զգացումներից։ Շատ գրականագետների կարծիքով, Կիկօյի կերպարում Զահրատը գրում էր հենց իր մասին, խոսում էր հայրենիքի ու իր ազգի, ժողովրդի անցած ճանապարհի մասին»։