Երեկվանից մամուլում երկու թեմա է քննարկվում, երկուսն էլ կապված են պետական կառավարման համակարգի խայտառակության, փնթիության, արարողակարգի տարրական կանոնները չիմանալու եւ չպահպանելու հետ։
Մեկը կապված է ՀՀ նախագահի պաշտոնին հայտնված Վահագն Խաչատուրյանի խայտառակ պահվածքի հետ, թե ինչպես է խնդրել իրեն լուսանկարել Անգլիայի թագուհու դագաղի ֆոնին՝ առիթ տալով միջազգային սկանդալի, մյուսը՝ ԱԺ աշխատակազմի ղեկավարի՝ ԱՄՆ ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսիի հետևում կանգնելու և ասուլիսի թարգմանությունը պատշաճ չկազմակերելու հետ։
2018-ից հետո Հայաստանում իշխանության եկած քաղաքական ուժը չորս տարվա ընթացքում չսովորեց իրեն ճիշտ պահել եւ արարողակարգային տարրական գիտելիքներ ձեռք չբերեց։ Հակառակը՝ այս փնթիությունը եւ տնավարի կառավարելը դարձա: ավանդույթ, եւ ամեն ինչ ներվեց նրանց։ Հավանաբար դա է պատճառը, որ ոչ երիտասարդ եւ բավականին փորձառու Վահագն Խաչատուրյանը նույնպես, որ ժամանակին Երեւանի քաղաքապետ է եղել, դարձավ թավշյա անփորձների նման եւ նրանց նման կոպիտ սխալներ սկսեց թույլ տալ։
Իսկ աշխատակազմերի ղեկավարներին թվաց, թե իրենք լուրջ մարդիկ են, լուրջ եւ ինքնուրույն գործիչներ, ուստի կարող են Նենսի Փելոսի դիմավորել կամ կողքին կանգնել։ Բայց եթե ԱԺ աշխատակազմի ղեկավարի այդ պահվածքը մարդիկ նկատեցին, չգիտես ինչու, չեն նկատել, որ կառավարության աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն էլ Նենսի Փելոսի է դիմավորում, ապա հաղորդագրություն տարածում, թե՝ կառավարության աշխատակազմում ընդունեցինք Նենսի Փելոսիին։ Վաղը կարող է գրել, թե Նիկոլ Փաշինյանն իր մոտ վարչապետ է աշխատում։ Տարիներ շարունակ աշխատակազմերի ղեկավարները՝ եւ կառավարությունում, եւ խորհրդարանում, եւ նախագահականում, համեստորեն ու աննկատ իրենց գործն են արել՝ առաջին պլան չգալով։ Արայիկ Հարությունյանը փորձում է փոխել ավանդույթները, եւ մյուս աշխատակազմերի ղեկավարների համար դա վարակիչ է դառնում։
Ո՞վ է Արայիկ Հարությունյանը՝ ընդամենը կառավարության գործերը կազմակերպողը-համակարգողը, որ այս կամ այն հանդիպումն անցկացվի պատշաճ մակարդակով, առանց բացթողումների, որ տնտեսական հարցերը կազմակերպվեն, ասենք, վերելակի կամ գորգերի գնման փաստաթղթերի տակ, կամ՝ կառավարության վարչությունների թղթաբանությանը հետեւել եւ կազմակերպել նրանց անխափան աշխատանքը։ Բայց Արայիկ Հարությունյանի հանդիպումների եւ գործունեության մասին ավելի շատ հաղորդագրություններ են տարածվում, քան վարչապետի։
Նույնը ԱԺ աշխատակազմի ղեկավար Վահան Նարիբեկյանին է վերաբերում։
Իհարկե, Նարիբեկյանն Արայիկ Հարությունյան չէ՝ ոչ իր մարդկային որակներով, ոչ ՔՊ-ական «փառավոր» կենսագրությամբ, բայց մինչ այստեղ տեղափոխվելը կահույքի բիզնեսով է զբաղվել՝ ընդամենը միջին կալիբրի մի գործարար է։ Արայիկ Հարությունյանը գոնե Սուքիասյանի մեդիահոլդինգում միջազգային լուրեր է կազմել-թարգմանել։ Բայց Նարիբեկյանի հայտնվելը Ալեն Սիմոնյանի և Նենսի Փելոսիի արանքում՝ ԱՄՆ դեսպանից առաջ, երեկվանից բուռն քննարկման թեմա է դարձել, հատկապես, որ նույն այդ աշխատակազմն է ձախողել Նենսի Փելոսիի՝ լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի թարգմանությունը։
Իսկ մինչ այդ ասուլիսը ԱԺ աշխատակազմի ներկայացուցիչները մեզ նախազգուշացնում էին, որ «ավելորդ բաներ» թույլ չտանք, որովհետև տիկին Փելոսիի անվտանգությունը շատ խիստ է, ասել է թե՝ հայերի նման դեմոկրատ ու հանդուրժող չեն, և եթե մի բան իրենց դուրը չգա, գործի կանցնեն։ Եվ ԱԺ-ում ամեն մետրի վրա անվտանգության աշխատակիցներն էին կանգնած։ Սակայն ոչ մեկը որեւէ ոչ կոռեկտ քայլ անելու մտադրություն չուներ էլ։ Հակառակը՝ բոլոր լրատվամիջոցները, անգամ Հանրայինը, կոռեկտ եւ պետականամետ հարցադրումներ արեցին։ Փոխարենը միջոցառումը ձախողեց ԱԺ աշխատակազմը՝ ԱԺ աշխատակազմի ղեկավարը, արարողակարգի պետը և այլն, որոնք հանրային պարսավանքի արժանացան, սակայն վստահ ենք՝ որևէ այլ պատասխանատվության չենթարկվեցին։
Չտեսության, անփորձության, օդից իշխանության մեջ հայտնվելու արդյունքում առաջացած խնդիրներ են սրանք։ ԱԺ-ից նայում են՝ կառավարությունն ինչ է անում, ինչպես են իրենց պահում կառավարության պաշտոնյաները, ու որոշում են նույնն իրենք անել՝ հետ չմնալ գործադիրի իրենց գործընկերներից։ ՀՀ նախագահը տեսնում է, թե վարչապետն իրեն ինչպես է պահում տարբեր հարթակներում, ինչ անփութությամբ է վերաբերվում իր պաշտոնին ու պարտականություններին, իրեն թվում է՝ ինքն էլ կարող է իր ուզած ձեւով իրեն պահել։ Եթե գործադիրի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը կարող է իրեն առիթ-անառիթ մեջ գցել, ինչո՞վ է նրանից պակաս օրենսդիրի աշխատակազմի ղեկավարը։
Վատ օրինակը վարակիչ է, իսկ երբ տգիտությունն ու թերացումները չեն պատժվում, դրանք կրկնվելու հատկություն ունեն։