Հասարակություն

«Հրապարակ»․ Արայիկ Հարությունյանն ատելության խոսք է կիրառում եւ թիրախավորում լրագրողին

«Հրապարակ»․ Արայիկ Հարությունյանն ատելության խոսք է կիրառում եւ թիրախավորում լրագրողին

Այս իշխանության առաջին դեմքերն ատում են լրագրողներին` լուռ ատելությամբ, բայց երբեմն նաեւ այդ լուռ ատելությունը վերածվում է ատելության խոսքի ու ատամների կրճտոցի: Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը վերջին օրերին թիրախային հարձակումներ է գործում «Ազատություն» ռադիոկայանի նախկին լրագրող Ազա Բաբայանի դեմ՝ նրան անվանելով «աղետ», պիտակներ կպցնում: 

«Աղետ․․․ Մինչեւ վերջերս սույն տիկինն աշխատել է «Ազատություն» ռադիոկայանում: Մի հատ նրա լրագրողական մակարդակը նայեք: Եվ սա փաստ է, ոչ թե մեկնաբանություն»,- գրում է Արայիկ Հարությունյանը՝ հրահրելով իր էջի հետեւորդների հարյուրավոր վիրավորական, կոյուղահոտ մեկնաբանություններն Ազայի եւ, առհասարակ, լրագրողների հասցեին: Չբավարարվելով մի գրառմամբ` 1 օր անց նոր գրառում է անում՝ նույն անձի եւ նույն հարցազրույցի հետ կապված. «Նոր աղետ եմ ներկայացնում: Տասնամյակներով տաքուկ տեղում՝ «Ազատություն» ռադիոկայանում ծվարած Ազա Բաբայան անուն-ազգանունով լրագրողը կոչ է անում՝ «սուր վերցնել ներքին թշնամու դեմ»: Եվ ինքը, լինելով այս սարսափելի արժեհամակարգի կրողը, տասնամյակներով չի դիմադրել ամերիկացի հարկատուների գումարն ուտելիս, այն ամերիկացիների, որոնց համար բռնության, հակաժողովրդավարական արժեքների դեմ պայքարն առաջնային է»:

Ամեն օր հարյուրավոր մարդիկ, քաղաքական գործիչներ, լրագրողներ, սոցցանցերի օգտատերեր ՔՊ-ականներին աղետ ու ներքին թշնամի են անվանում, բայց Արայիկ Հարությունյանն այս հազարավոր մարդկանցից ընտրել է հենց Ազա Բաբայանին, որի մեղքն այն է, որ  News.am կայքի համար հարցազրույց է արել Բագրատ սրբազանի հետ՝ շատ ակտուալ թեմայով: «Պատկերացրեք, որ ապագայի դասագրքերում գրելու են, որ հայերն իրենց անկախությունը պարտվել են, որովհետեւ իշխանության էր եկել խուլիգանը։ Դա սարսափելի է»,- ասում է լրագրողը՝ կրկնելով սոցցանցերը ողողած «խուլիգան» որակումը, որով հանրությունը բնորոշում է շրիշակից ցածր բառապաշարի սիրահար Փաշինյանին: 

Ատելության խոսքը, որն այս իշխանության կարծիքով թիվ մեկ հանցագործությունն է, որի մասին երկարաշունչ զեկույցներ է գրում մարդու իրավունքների պաշտպանը, տասնյակ վարույթներ են հարուցում` ընդդեմ քաղաքացիների, եւ որից բողոքում են «բուլինգի» ենթարկված ՔՊ-ականները` Ալեն Սիմոնյանից մինչեւ Աննա Հակոբյան, այժմ տարածվում է  երկրի թիվ մեկ պաշտոնյայի գրասենյակից՝ թիրախավորելով իր աշխատանքը կատարող լրագրողին: Արայիկ Հարությունյանի գրառումներին 500-ից ավելի մեկնաբանություն է արվել,  հայհոյախառն արտահայտություններ, վիրավորանքի տեղատարափ, կեղտաջրերի անձրեւ․ աշխատակազմի ղեկավարի աթոռին նստած անձը կարծես վերեւից մատով ճտացրել ու հրահանգել է՝ ֆաս։

Ինչո՞ւ է Արայիկ Հարությունյանն ատում լրագրողներին: Գուցե նրա մականո՞ւնն է ատելության հիմքը` առ մամուլ։ Հակառակ դեպքում ինչպե՞ս բացատրել այն, որ անգամ մայիսի 2-ին՝ Մամուլի օրվա նախօրեին, նա մամուլի ազատությանը նվիրված գրառում է անում եւ նշում, որ այս ցուցանիշով համաշխարհային ինդեքսում Հայաստանը շատ բարձր՝ 34-րդ տեղում է, նա մի թույլբերան գոնե չի շնորհավորում մեր տոնը, չի զսպում չարությունը` գրելով. «Այս լուրը գրելուց վերնագրերը կրկին կլինեն մանիպուլյատիվ»: 
Ազա Բաբայանն այնքան ինտելիգենտ է, այնքան չի տիրապետում ատելության խոսքի արվեստին, որ ընդամենը թույլ հակադարձել է․ «Նախ՝ տարօրինակ է, որ այնպիսի աղետալի իրավիճակում, որում գտնվում է Հայաստանը, մեր պաշտոնյաները ժամանակ են գտնում նման ստատուսներ գրելու իմ համեստ անձի մասին։ Եվ երկրորդը․ ես այս իշխանություններին քննադատում  եմ դեռ 2020 թվականի աշնանից՝ շատ ակտիվ։ Հիմա մեր «պաշտոնյաները», ամբողջական պատկեր ստանալու համար,  ստիպված կլինեն ուսումնասիրել իմ հնգամյա ֆեյսբուքյան արխիվը։ Ինչ արած՝ զբաղվելու ուրիշ բան չունեն։ Այդպես էլ  չեն հասկացել, որ պետություն ղեկավարելը եւ ստատուսներ գրելը նույն բաները չեն»։ Ազան Դոգ չէ, որ «լակիրովաննի» դագաղը դնի Արայիկին եւ փղերով գնա նրանց տուն… Նույնիսկ Սյուզի Բադոյան չէ, որ մի տեղ բռնացնի ու խոսափողով հարցակոխ անելով` հետապնդի մինչեւ մոտակա աշխատասենյակի կամ զուգարանի դուռը։ Նա նույնիսկ Նարեկ Կիրակոսյան չէ, որ շշպռի, ասելով՝ մի խփեք ինձ։ Ազայի հակադարձումը նույնիսկ ավելի թույլ է, քան մանկական «գիժը դու ես»-ը։ 

Ինչպե՞ս է վերաբերվում օմբուդսմեն Անահիտ Մանասյանն այն իրողությանը, որ բարձրաստիճան պաշտոնյան ատելության խոսք է տարածում ու թիրախավորում չորրորդ իշխանությանը, թե՞ նա միայն իշխանավորներին ուղղված վիրավորանքներն է տեսնում: Երկու անգամ զանգահարեցինք Մանասյանի գրասենյակ, մեր հարցի պատասխանը չստացանք: Խոսնակն ասաց, որ իր ծննդյան օրն է, որ պետք է ծանոթանա գրառմանը, հետո ասաց, որ ՄԻՊ-ը գործուղման է, եւ նրանից արձագանք ստանալու համար ժամանակ է պետք: 

Նախկին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանը լրագրող Ազա Բաբայանի կողմից արված ոչ մի դատապարտելի արարք չի տեսնում: Այդպիսի հարցեր՝ վարչապետի խուլիգանական պահվածքի, նրա՝ ներքին թշնամի լինելու մասին, կարող էր ձեւակերպել ՀՀ ցանկացած քաղաքացի: «Լրագրողը  բնութագրում է որպես խուլիգանություն այն արտահայտությունները, որոնք վերջին ժամանակներում վիրավորում են հասարակությանը, առանձին մարդկանց: Օգտագործելով նորմատիվային լեքսիկա՝ նա բնութագրել է այս իշխանությանը եւ այն, թե ինչպես պետք է իրենք բնութագրվեն ապագայի դասագրքերում»: Նա խորհուրդ է տալիս Ազա Բաբայանին՝ դիմել դատարան, քանի որ Արայիկ Հարությունյանն իր սուտ գրառումներով հրահրել է հարյուրավոր վիրավորական մեկնաբանություններ լրագրողի հասցեին՝ արատավորելով նրա համբավը: 

«Եթե նույն խոսքերով բնութագրվեր ընդդիմության որեւէ ներկայացուցիչ, նման արձագանք իշխանության կողմից, բնականաբար, չէր լինի»,- նկատում է Լարիսա Ալավերդյանը: «Իշխանությունը փորձում է պաշտպանել ինքն իրեն անգամ այն դեպքում, եթե ինքն է թույլ տվել արարքներ, որոնք ընդգրկված են ՀՀ քրեական օրենսգրքում: Դա կարելի է հստակ տեսնել, թե ինչ է խուլիգանությունը, եւ ինչ հետեւանքներ են լինում ոչ նորմատիվային լեքսիկա օգտագործելու համար: Պարզվում է, որ ոչ թե սովորելն է նորաձեւ, այլ հայհոյելն է նորաձեւ»,- նշում է Լարիսա Ալավերդյանը: 

Արայիկ Հարությունյանի գրառման տակ դրված 266 լայքերը նրան չեն զարմացնում: «Նրանք այդքան ապագա ընտրող ունեն»,- ասում է Լարիսա Ալավերդյանը: Ըստ նրա՝ դրանք այն քաղաքացիներն են, որոնք ունեն դեպի Թուրքիա եւ Ադրբեջան կողմնորոշում: «Եթե համեմատեք լայքերը, կտեսնեք, որ նրանք ընտրողների մոտ 10 տոկոսն են: Եվ այս 10 տոկոսը սպիտակ ձիու վրա տանում է հայ ժողովրդին դեպի Տեր Զոր եւ Բերձոր: Երկուսն էլ ցեղասպանության եւ հայրենազրկման ճանապարհներն են»,- ասում է նա:
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image