Քաղաքականություն

«Հրապարակ». Լոլիկը թող Շառլ Միշելին ու Մակրոնին վաճառեն, իսկ մնացածով՝ Շիրինյանն ու Խզմալյանը պոմիդորով ձվածեղ սարքեն

«Հրապարակ». Լոլիկը թող Շառլ Միշելին ու Մակրոնին վաճառեն, իսկ մնացածով՝ Շիրինյանն ու Խզմալյանը պոմիդորով ձվածեղ սարքեն

Վրաստանի կառավարության շահերից չի բխում Հայաստան-Վրաստան հարաբերությունների վատացումը՝ դա հակասում է Վրաստանի շահերին: «Հրապարակի» հետ զրույցում ասաց Թիֆլիսի հայ գաղութի ակտիվ գործիչ Գուրգեն Մխիթարյանը: «Վրաստանի իշխանությունները շահագրգռված չեն Հայաստան-Վրաստան հարաբերությունների վատացմամբ, եւ չեն էլ ուզում դա, իմ կարծիքով: Ես չեմ նկատել նման միտում ու չեմ հասկանում, թե Հայաստանում ինչից են ենթադրել, որ Հայաստան-Վրաստան հարաբերությունները լարված են»,-ասաց Մխիթարյանը: 
Վրացահայ գործիչը համոզված է, որ հայ-վրացական հարաբերությունների վատթարացումը ձեռնտու է միայն Հայաստանի եւ Վրաստանի թշնամիներին: «Հայազգի որոշ բլոգերներ կան, որոնք վրացահայերին շուռ տված են անվանում, ուզում եմ հասկանալ, թե ո՞ւմ շահերն են սպասարկում այդ հիմարները: Եվ եթե վրացահայերը շուռ տված են, ապա ո՞վ են իրենք եւ ինչու են այդ նարատիվն առաջ տանում»,-ասաց Մխիթարյանը: Վրաստանի իշխանությունների վերաբերմունքը Վրաստանի հայկական գաղութի հանդեպ շատ դրական է գնահատում վրացահայ գործիչը: 

«Մեզ ոչ մի բանով չեն խանգարում եւ չեն էլ ուզում խանգարել: Եթե ներսից տեղի հայությունը ունի ցանկություն հայ մնալու, զարգանալու որպես էթնիկ հայկական միավոր Վրաստանի տարածքում, որեւէ արգելափակում չկա, գուցե նաեւ ավելի օգնեն, բայց արգելափակված ոչինչ չկա՝ ես այդպես եմ տեսնում, հատկապես հայոց եկեղեցին Վրաստանում շատ հարգված է՝ մենք դա պարզ տեսնում ենք»,- հավելում է Մխիթարյանը: Բացի այդ հայկական հանրույթը ակտիվ է, նույնիսկ հայկական թատրոնի բոլոր ծախսերը հոգում է Վրաստանի կառավարությունը: 

Մենք հետաքրքրվեցինք` Վրաստանում հետեւո՞ւմ են հայաստանյան անցուդարձին, գիտեն, օրինակ, որ այսուհետ սահմանը հատելիս` հայ-վրացական անցակետով անցնելիս անձնագրում դրվող կնիքից բացակայելու է Արարատ սարի սիմվոլը: Անդրադառնալով փաշինյանական ռեժիմի այս հերթական որոշմանը, թիֆլիսահայ գործիչն ասաց` Արարատը կնիքի վրայից կհանեն Հայաստանում, թե ոչ, դա Հայաստանից դուրս բնակվող հայերի խնդիրը չի: «Մենք այդ կնիքը մեր սրտում ունենք դրած եւ մեր ուղեղում` որպես գաղափար, Արարատն է: Իսկ Հայաստանում կնիք կդնեն, կնիքից կհանեն Արարատը, ինչ կանեն, դա հայաստանցիների խնդիրն է: Ոչ հայաստաբնակ հայերը պարտավոր են հարգել ՀՀ քաղաքացիների ընտրելու իրավունքը եւ նրանց որոշումները»,-ասաց վերջինս: Նմանատիպ պատասխան տվեց նաեւ Ցեղասպանության հուշահամալիրում իրականացվող վերանորոգման եւ դրա անվան տակ համալիրն ապամոնտաժելու մասին տարածված կասկածների մասին հարցին: Ասաց, որ փաստերին է վստահում, հայտնի չէ՝ քանդում են, թե վերանորոգում: Հուշարձանը գտնվում է Հայաստանի տարածքում, Հայաստանի տարածքում է բնակվում նաեւ հայ մտավորականության այն շերտը, որն իրեն համարում է հայ ազգի առաջնորդ եւ թող բարի լինեն իրենք այդ հարցերը որոշել: 

«Ցեղասպանությունը մնում է մեր սրտի ցավը, մեր ցավը: Հայաստանցիները, եթե կարծում են, որ համալիրը քանդում են ու իրենք դրա դեմ չեն ընդվզում՝ դա հայաստանցիների խնդիրն է: Ես ուղղակի զարմանում եմ, որ Հայաստանում Ուջան, Ներքին Սասնաշեն, Վերին Սասնաշեն, Իրինդ գյուղերը, որոնք բոլորը Ցեղասպանության զոհերի զավակներն են եւ դեպորտացիայի պատճառով են հայտնվել ՀՀ տարածքում, Արեւմտյան Հայաստանից այդքան գաղթածներ կան, եթե դա նրանց չի անհանգստացնում, մենք չենք կարող ստիպել նրանց անհանգստանալ: Մենք մեր սրտում կունենանք Ցեղասպանության հիշատակը եւ պահանջատեր էլ կմնանք միշտ: Հայաստանը թող որոշի, ինքն է հրաժարվել Սփյուռքից, Հայաստանն է հրաժարվել՝ մենք ի՞նչ կարող ենք անել»,-ասաց Մխիթարյանը:

Թիֆլիսահայ գործիչը հավելում է, որ ԿԳՄՍ նախարարն առաջարկել է քրեական հետապնդում սահմանել ստախոսության եւ զրպարտության համար, այդ օրենքի ընդունումը շատ դրական կլիներ: «Լավ կլինի, որ եթե այդ օրենքն ընդունվի՝ ընդունվի հետադարձության սկզբունքով, որ անցյալում ստախոսությամբ զբաղվածներին էլ կարողանան պատասխանատվության ենթարկել: Խզմալյան, Լեւոն Շիրինյան, հատկապես պատմություն աղավաղողներին պետք է պատասխաատվության ենթարկեն իրենց ստախոսությունների համար: Հայ ազգն այսօր կանգնած է լինել-չլինելու գոյաբանական խնդրի առաջ ու դա հնարավոր դարձավ հավասարության նշանի առկայության պարագայում՝ հավասարության նշան դրվեց ստախոսության եւ խոսքի ազատության միջեւ: Խոսքի ազատության իրավունքից օգտվում եւ ինչ սուտ ասես, խոսում են: Ինչ վերաբերում է Վրաստանի անցակետում օրերով կանգնեցված ու արագ փչացող սնունդ տեղափոխող բեռնատարներին, ապա դրանք թող Թրամփի միջանցքով տեղափոխեն Պրահա, մի մասը վաճառեն Շառլ Միշելին, մի մասն էլ Մակրոնին, մնացած մասը այդ նույն միջանցքով հետ բերեն Հայաստան ու ձրի տան Լեւոն Շիրինյանին, Տիգրան Խզմալյանին: Այնտեղ լոլիկ էլ կար, այս խոսքերն անպայման գրեք, խնդրում եմ, իրենք գիտեն ես ինչ նկատի ունեմ` թող այդ լոլիկը վերցնեն ու պմիդորով ձվածեղ անեն ու առավոտյան 8-ին ուտեն այդ մարդիկ, երեկոյան 8-ին արդեն պատասխանատվության ժամը կգա»,-եզրափակեց վրացահայ գործիչը:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image