Հասարակություն

Ինչ վտանգներով է հղի պաղեստինա-իսրայելական ներկայիս էսկալացիան

Ինչ վտանգներով է հղի պաղեստինա-իսրայելական ներկայիս էսկալացիան

Մերձավոր Արեւելքը՝ իր ծայրահեղ լարված իրավիճակով, շարունակում է մնալ աշխարհի ուշադրության կենտրոնում։ Պաղեստինա-իսրայելական հակամարտության գոտուց գրեթե ամեն ժամ նոր շոկային լուրեր եւ կադրեր են հայտնվում, եւ փորձագետների համար թիվ մեկ հարց է դարձել այն, թե արդյոք տարածաշրջանը կպայթի՞, թե՞ այս անգամ էլ հնարավոր կլինի այդ պայթյունից խուսափել։ Իրավիճակը, իրոք, չափազանց բարդ է, քանի որ «գետնի վրա» բախումները շարունակվում են էսկալացիայի կանոններին համապատասխան՝ ավելի ու ավելի սրելով առանց այն էլ ծայրահեղ գերլարված իրադրությունը, մյուս կողմից՝ ներգրավված ավելի մեծ խաղացողները թեեւ հանդես են գալիս ուղղակիորեն հակամարտությանը միջամտելու հայտարարություններով, սակայն առայժմ դեռ բավարարվում են նախազգուշացումներով։

Այս ֆոնին, բնականաբար, ամենածանրը հիմա Իսրայելի իշխանությունների վիճակն է։ Թել-Ավիվը հայտարարել եւ հայտարարում է, որ վճռականորեն պատրաստ է ցամաքային գործողություններ սկսել Գազայի սեկտորում, սակայն նաեւ մյուս կողմից հասկանալի է՝ թե՛ բոլորի եւ թե՛ Նեթանյահուի կաբինետի համար, որ այդ գործողությունը կարող է իսրայելական կողմի համար վերածվել սարսափելի աղետի։ Հատկապես որ, անկախ հռետորաբանությունից, կյանքն էլ ցույց տվեց, որ իսրայելական բանակն առանձնապես լավ վիճակում չի գտնվում։ Եվ, բացի այդ, ոչ պակաս կարեւոր հարց է նաեւ իսրայելական տնտեսության դիմացկունության հարցը։ Ի վերջո, 9 միլիոնանոց Իսրայելի տնտեսությունից 300 հազար աշխատող ձեռք է հանվել՝ ռազմական մոբիլիզացիայի համար, ու դա անհետեւանք մնալ չի կարող։ Իսկ եթե հետեւանքները սկսեն իրենց զգացնել տալ, ապա ոչ մեկը չի կարող երաշխավորել, որ ներդրողները չեն սկսի իրենց կապիտալները դուրս բերել Իսրայելից եւ այլ տարածաշրջան կամ երկիր տեղափոխել իրենց բիզնեսները։ Իհարկե, իսրայելական կանոնավոր բանակն ունի գերազանցություն ՀԱՄԱՍ-ի հանդեպ, սակայն պարզ է նաեւ այն, որ ցամաքային ռազմական գործողությունները Գազայի սեկտորում Իսրայելի համար կարող են ունենալ ծանրագույն հետեւանքներ, եւ, բացի այդ՝ ելքը չափազանց անորոշ է դառնում։ Այս էսկալացիայով պակաս բարդ վիճակում չի հայտնվել նաեւ Միացյալ Նահանգները։

ԱՄՆ-ն փաստացի հայտնվել է փակուղում, որտեղ, մի կողմից, իր սատելիտ Իսրայելն է, մյուս կողմից՝ իր համար դաշնակից համարվող Արաբական Արեւելքի երկրները ու նախեւառաջ՝ Սաուդյան Արաբիան, որին Իսրայելի հետ հաշտեցնելու համար Վաշինգտոնը վերջին շրջանում քիչ ջանքեր չի գործադրել։ Իհարկե, Միացյալ Նահանգներում կան այն տեսակետի կողմնակիցներ, որ Մերձավոր Արեւելքում մեծ պատերազմը կարող է աշխուժացնող ազդեցություն ունենալ ամերիկյան ռազմական արդյունաբերության համար, սակայն նաեւ քիչ չեն նրանք, ովքեր հիշում են, թե ինչպես Օբամայի նախագահության շրջանում, երբ սաուդական շահերի դեմ՝ «Սեպտեմբերի 11-ի գործով» ինչ-որ փաստաթղթերի գաղտնազերծման հարց առաջացավ, Սաուդյան Արաբիայի թագավորը պարզապես սպառնաց, որ գաղտնազերծման դեպքում կվաճառի սաուդական միապետության ունեցած ամերիկյան բոլոր պետական արժեթղթերը, որով լրջագույն հարված կհասցվի դոլարին եւ ամերիկյան տնտեսությանը։ Հարցը փակվեց նրանով, որ գաղտնազերծում չեղավ։

Ասել կուզի՝ Միացյալ Նահանգներում նաեւ հասկանում են, որ արաբական միապետությունների ձեռքում էլ քիչ «հաղթաթղթեր» չկան, եւ հարկ եղած դեպքում դրանք կնետվեն խաղի մեջ՝ ընդդեմ ԱՄՆ-ի։ Իսկ այսօրվա գլոբալ առճակատման պայմաններում դա կատեգորիկ է հակասում ամերիկյան շահերին։ Կա նաեւ երրորդ հարցը։ Ոչ ոք չի երաշխավորում, որ իսրայելական բանակը, Գազայի սեկտորում սկսելով ցամաքային գործողություններ, կկարողանա հաջողության հասնել։ Իսկ եթե ձախողվի, արդյոք ամերիկյան կողմը պատրա՞ստ է իր զորքերը մտցնել Գազայի սեկտոր։ Եվ արդյոք ձեռնտո՞ւ է Միացյալ Նահանգներին՝ միանգամից երկու ճակատում «խրվել»՝ ուկրաինական եւ մերձավորարեւելյան։ Գուցե այլ խաղացողներ հենց դրան էլ սպասում են, որ երրորդ ճակատ բացեն, ինչպես, ասենք՝ Պեկինը որոշի գրավել Թայվանը։

Եվ, ի վերջո, այս բոլոր հարցերն ամերիկյան իրականությունում արդեն ներքաղաքական՝ առանց այն էլ անհանգիստ վիճակի վրա կունենան լուրջ պրոյեկտումներ, այն էլ՝ ընտրությունների նախաշեմին, ինչը եւս ձեռնտու չէ երկրորդ կառավարման ժամկետի գնալու վճռականություն հայտնած Բայդենի կաբինետին։ Արաբական Արեւելքի կամ Գլոբալ Հարավի երկրների համար իրավիճակը բավականին հետաքրքիր է։ Արաբական աշխարհը հասկանում է, որ ինքն ուժ է, եւ հետո՝ ժամանակը եւ ընդհանուր իրավիճակն իր օգտին են աշխատում։ Ու թեեւ առկա են բազմաթիվ խնդիրներ թե՛ Գլոբալ Հարավում՝ առհասարակ, թե՛ արաբական միապետություններից յուրաքանչյուրում՝ մասնավորապես, սակայն զգուշորեն եւ հաստատուն կերպով այս առիթից չօգտվելն ու «կցորդի» կարգավիճակը թոթափելուց «լիարժեք խաղացողի» չվերածվելը պարզապես հիմարություն կլինեին։ Ու, կարծես թե, այստեղ նման վճռականություն եւ կամք կա։ Հատկապես, որ գլոբալ առճակատման ներկայիս իրավիճակում գործող համակարգի «ողնաշարը ջարդող» ճամբարում նրանց շատ ավելի լավ եւ արժանապատիվ պայմաններում «բեւեռներից մեկը» լինելու հեռանկար կա։ Մոտավոր ուրվագծմամբ՝ հենց այս վիճակում են գտնվում գործերը Մերձավոր Արեւելքում։
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image