Մշակույթ

Վաղն այդ կադրերի կարիքը չի լինի, նորից մի հրամանով կհանեն համակարգից ու կփակեն նրանց մուտքը դպրոցներ

Վաղն այդ կադրերի կարիքը չի լինի, նորից մի հրամանով կհանեն համակարգից ու կփակեն նրանց մուտքը դպրոցներ

ԱԺ նիստում երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ քննարկվել է «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը: Ի թիվս մի շարք փոփոխությունների, նախագծում ներառվել է նաեւ լիազորող նորմ՝ մանկավարժի որակավորում չունեցող բարձրագույն կրթությամբ անձանց որպես ուսուցիչ դպրոցներում աշխատանքի ընդունելու վերաբերյալ՝ մանկավարժական 30 կրեդիտ հավաքելու պայմանով: Այլ կերպ ասած, մանկավարժական կրթությունն այսուհետ պարտադիր չի լինի ուսուցիչ աշխատելու համար:

«Այս հնարավորությունն ընձեռվել էր դեռեւս 2022 թվականին կատարված «Հանրակրթության մասին» օրենքի փոփոխությամբ, որտեղ, սակայն, բաց էր մնացել ենթաօրենսդրական կարգավորմամբ գործընթացի կարգավորման հարցը: Այս ընթացքում մի քանի հարյուր քաղաքացիներ, որոնք տվյալ բնագավառում ունեցել են բարձրագույն կրթություն, օգտվել են նշված հնարավորությունից, ստանալով մանկավարժական 30 կրեդիտ` ներկայում հաջողությամբ աշխատում են դպրոցներում»,- ասել է ԿԳՄՍ նախարարը՝ հավելելով, որ գործընթացի կազմակերպման ընթացքում ի հայտ են եկել որոշ խնդիրներ, մասնավորապես` կապված այն հարցի հետ, թե տվյալ առարկայի դասավանդման համար բուհական որ մասնագիտությունները կարող են համարվել ոլորտային մասնագիտական բարձրագույն կրթություն, ինչպես պետք է կատարվի կրեդիտների հաշվարկը եւ այլն:

Ըստ նախարարի՝ օրենքի լիազորող նորմը հնարավորություն կտա՝ ենթաօրենսդրական կարգերի միջոցով կարգավորել նշված խնդիրները։ «Կարեւոր է, որ մանկավարժական 30 կրեդիտի մեխանիզմի կիրառումն առաջացրել է հանրային հետաքրքրություն, ինչը նպաստում է դպրոցներում ուսուցչական տեղերի համալրմանը»,- նշել է նա:

Կրթության փորձագետ Վիկտոր Մարտիրոսյանը, անդրադառնալով այս իրավակարգավորմանը, նկատում է, որ մի քանի ասպեկտով պետք է անդրադառնալ այս հարցին. «Նախ` այն, ինչ անում են, ստիպված են անում, որովհետեւ դպրոցներին այնքան քարկոծեցին, իսկ ուսուցիչներին այնքան վատաբանեցին, որ այսօր դպրոցում աշխատելը դարձել է ոչ ցանկալի բան: Մենք շատ լավ գիտենք, որ կա կադրային արտահոսք դպրոցից, բոլոր այն մարդիկ, ովքեր կարող են իրենց գլխի ճարը դրսում տեսնել` համազոր աշխատավարձով, երբեմն էլ՝ ավելի քիչ, լքում են դպրոցը: Անցել են ժամանակները՝ նվիրյալներից խոսելու համար, որովհետեւ «նվիրյալ» հասկացությունը վերացրին մյուս ֆունդամենտալ հասկացությունների հետ` հայրենասիրություն, զոհաբերություն եւ այլն: Այսինքն՝ դա, որպես արժեք, դուրս է եկել: Հիմա մնում է գործնական դաշտում մոտենալ այս հարցին, իսկ գործնական դաշտում առկա է ուսուցիչների կադրերի պակաս, որը պետք է լրացվի: Եվ հետո՝ նրանք չեն մտածում այն ուսուցիչների մասին, ովքեր դպրոցում աշխատել են, փորձառություն ունեն, ու ափսոս է նրանց բաց թողնելը: Այդ ափսոսանքը կառավարման այս համակարգում ընդհանրապես չկա, այսինքն՝ նրանք պրոֆեսիոնալին չեն ափսոսում, ուր մնաց թե` ոչ պրոֆեսիոնալին»: 

Վ. Մարտիրոսյանի կարծիքով, այս փոփոխությունն ուղղված է ուսուցիչների կադրային բացը լրացնելուն, բայց այդտեղ կա 2-րդ խնդիրը։ «Մի պահ մտածենք, որ նրանք բավարարում են պահանջներին, եւ ուսուցչական համակազմը լրացվում է ոչ մասնագետներով. հարց տվե՞լ են իրենց, թե դա որ չափով է նպաստելու մանկավարժական համալսարանների ապագա կադրերի պատրաստման գործընթացին, այսինքն` ընդունելությանը: Դրանով իրենք ջարդում են ընդհանրապես մանկավարժական կրթություն կոչված գաղափարը: Սա ընդամենը իրավիճակային, տեղային լուծում է եւ ո՛չ համակարգային մոտեցում: Վաղը, մյուս օրը այդ կադրերի կարիքը չի լինի, մի կարգով կամ մի հրամանով այդ մարդկանց նորից կհանեն համակարգից ու կփակեն նման մարդկանց մուտքը դպրոցներ: Այդ առումով այս կարգի որոշումները ողջունելի որոշումներ չեն: Ավելին ասեմ. երբ իրենք խոսում են դպրոցները մանկավարժական կադրերով համալրելու մասին, պիտի սկսեն հանրակրթությունից, մասնագիտական կողմնորոշման որակներ տալուց մինչեւ մանկավարժական բուհի ընդունելություն, մանկավարժական կրթություն եւ դրանից հետո՝ կադրերի տեղակայում համակարգում: Մինչդեռ այդ նույն տրամաբանությամբ իրենք հանեցին բուհերից պարտադիր գիտական աստիճան ունենալը, նույն ձեւով ակադեմիայում լրիվ ուրիշ մոտեցումներ են կիրառում։ Սրանք իրավիճակային լուծումներ են, որոնք ո՛չ ապագա ունեն, ո՛չ էլ որակական առումով որեւէ փոփոխություն են մտցնում»,- ընդգծում է փորձագետը:
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image