Իրեն «ժողովրդավարության բաստիոն» հռչակած ՀՀ կառավարությունը լրագրողների համար հատուկ պայմաններ է մոգոնել, որ մենք առհասարակ չկարողանանք որևէ նախարարի այլևս հանդիպել և նրանց ինչ-որ հարց ուղղել։ Նախ, չգիտես ինչու, կառավարության աշխատակազմը որոշել է, որ պիտի վերանորոգի կառավարության գլխավոր մուտքն ու դրա հարակից սրահը։ Այդ պատճառով մի քանի օր է՝ փակ է գլխավոր մուտքը, և կառավարության պաշտոնյաները, այդ թվում՝ լրագրողները, ելումուտ են անում Մելիք Ադամյան փողոցի մուտքից։ Ու քանի որ գլխավոր մուտքը փակել են, իսկ մամուլի սրահն էլ հենց այդ հատվածում է, լրագրողների համար շենքի մյուս հատվածի երկրորդ հարկի միջանցքում առանձին «մամուլի սրահ» են ապահովել՝ այնտեղ տեղավորելով հեռուստացույց, մի քանի աթոռ և կառավարության լոգոյով բաներ, որ պաշտոնյաները գան և դրա դիմաց կանգնեն՝ ճեպազրույց ունենան։
Այսօր կառավարության հերթական նիստից հետո, սակայն, այդպես էլ որևէ նախարարի երես մենք չտեսանք։ Կառավարության լրատվականի աշխատակիցները իբրև թե պիտի կազմակերպեին նախարարների ու լրագրողների հանդիպումն այդ սրահում, բայց դա այդպես էլ տեղի չունեցավ։ Մեզ ասացին՝ նախարարները, այսպես, թե այնպես, այս մուտքով են դուրս գալու, աստիճաններով իջնելիս նրանց «կբռնեցնենք» ու կհրավիրենք բանեռի մոտ հարցազրույցի։ Բայց նախարարները, արի ու տես, ավելի խորամանկ գտնվեցին՝ այն պահին, երբ մենք երկրորդ հարկում նրանց էինք սպասում, նրանք վերևից միանգամից վերելակով իջան առաջին հարկ ու «ծլկեցին»։ Միայն սփյուռքի հանձնակատար Զարեհ Սինանյանն ու մի քանի երկրորդական պաշտոնյա՝ ոչ կառավարության անդամ, իջան ոտքով։ Սինանյանին խնդրեցինք մի քանի հարցի պատասխանի, սակայն վերջինիս դուր չեկավ լրագրողներից մեկի տված հարցն ու կեսից ընդհատելով դեռևս չսկսված զրույցը՝ նա հեռացավ։
Մի պահ Էդմոն Մարուքյանը երևաց աստիճանների վրա՝ բարձրանում էր վերև, հավանաբար՝ հատուկ հանձնարարություններ ստանալու, սակայն նա էլ հրաժարվեց մեզ հետ խոսել։ Անգամ մշտական խոսող դեմքերը՝ Անահիտ Ավանեսյան, Վահրամ Դումանյան, Վահան Քերոբյան, լրագրողների մոտով չիջան, քանի որ պարզվեց՝ վերելակով էին հեռացել։ Իսկ այն պաշտոնյաները, որոնք Անվտանգության խորհրդի անդամ են համարվում, առհասարակ ետնամուտքից դուրս եկան՝ բակի միջով, քանի որ նրանց մեքենաներն իրավունք ունեն մտնելու կառավարության բակ։ Այդ պաշտոնյաները երբևէ չեն էլ իջնում լրագրողների մոտ ճեպազրույցի, միայն ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն է երբեմն իջնում, այն էլ՝ երբ կոնկրետ թեմայով իրեն պետք է լինում խոսել։ Իսկ ուժային կառույցների ղեկավարները, այդ թվում՝ պաշտպանության նախարարը, երբևէ ճեպազրույցի չեն իջել, փոխվարչապետերի մասին էլ խոսք չկա՝ նրանք չեն էլ մտածում իջնելու մասին, քանի որ նրանց կաբինետները հենց գլխավոր շենքում են՝ դահլիճից դուրս են գալիս ու անմիջապես մտնում իրենց սենյակ։ Անգամ ՄԻՊ-ն է վերջին շրջամնում խուսափում լրագրողների հետ շփումներից։ Արդյունքում մենք երեկ լրիվ «դատարկաձեռն» վերադարձանք կառավարությունից։ Նիստում քննվող հարցերի 90 տոկոսը չզեկուցվող է ու գաղտնի, մնում է նիստերի ուղիղ հեռարձակումն էլ վերացնեն, և Հայաստանը՝ որպես «ժողովրդավարության բաստիոն», աշխարհին կներկայանա իր ամբողջ հմայքով։