Քաղաքականություն

Ինչ սցենարով կզարգանա Գյումրու ճակատագիրը․ ովքեր կպայքարեն քաղաքի համար

Ինչ սցենարով կզարգանա Գյումրու ճակատագիրը․ ովքեր կպայքարեն քաղաքի համար

Արդեն հայտնել էինք, որ «Բալասանյան դաշինքի» 14 ավագանու անդամների այդ թվում՝ Գյումրիի քաղաքապետ Վարդգես Սամսոնյանի հրաժարականը Գյումրիի քաղաքապետարանի աշխատանքը պարալիազացրել է։ Հանրապետության երկրորդ քաղաքը այս պահի դրությամբ քաղաքագլուխ չունի։

Այս իրավիճակում Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը նոյեմբերի 8-ին՝ ուրբաթ օրը,  համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել։ Նշենք, որ նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել,  իսկ փոխքաղաքապետը տնային կալանքի տակ է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Նիստերի դահլիճը, սակայն, այդ օրը  բաց կլինի, նիստը կկայանա, եթե ավագանու գործող 20 անդամներից 17-ի մասնակցությունն ապահովվի։ Գյումրիի գործող ավագանու որոշ խմբակցությունների ղեկավարների կարծիքով` Գյումրիի քաղաքապետարանում ստեղծված իրավիճակի միակ հանգուցալուծումը ՏԻՄ արտահերթ ընտրություններն են, որովհետև Գյումրիում քաղաքապետի պաշտոնակատարի նշանակումը կլինի ոչ իրավաչափ։

Ի դեպ, արտահերթ ընտրությունների գնալուն իշխանականներն այնքան էլ հակված չեն, մեր տեղեկություններով, փորձելու են ամեն գնով քաղաքապետի պաշտոնակատար նշանակել իրենց  թեկնածուին՝ Ազգային ժողովի պատգամավոր, Շիրակի նախկին մարզպետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության տարածքային կազմակերպության ղեկավար Կարեն Սարուխանյանին։ Իսկ եթե անցկացնել արտահերթ ընտրություն, ապա՝ ոչ հիմա ։ Իշխանությունն արտահերթ ընտրություն է պլանավորել գարնանը կամ ամռանը, որպեսզի հասցնեն ապահովել սեփական թիմի հաղթանակը։ Թե ինչ սցենարով կզարգանա Գյումրիի ճակատագիրը, դեռ անորոշ է, սակայն հստակ է մի բան, որ քաղաքական որոշ ուժեր արդեն իսկ լրջորեն արտահերթ ընտրությունների են նախապատրաստվում ։

Ավագանու «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավար Կարեն Մալխասյանը hraparak.am-ին ասաց, որ խմբակցությունն արդեն իսկ քննարկել եւ նախնական որոշում է կայացրել՝ մասնակցել ընտրություններին։ ՀՀԿ -ն դեռևս չի շտապում դիրքորոշում հայտնել, ՀՀԿ ավագանու ներկայացուցիչ Նարեկ Միրզոյանի խոսքով՝ դեռ վաղ է խոսել արտահերթ ընտրություններից։ Գյումրիում խոսակցություններ են պտտվում, որ սպարապետ Վազգեն Սարգսյանի եղբոր՝  Արամ Սարգսյանի ղեկավարած  «Հանրապետություն» կուսակցության ցուցակով  քաղաքապետի թեկնածու  է առաջադրվելու ժամանակին Կաթողիկոսի դեմ ակցիաներ կազմակերպած, ՀՊՏՀ Գյումրիի մասնաճյուղի տնօրեն Կարեն Պետրոսյանը։ Վերջինս թեև  իր՝ «Հանրապետություն» կուսակցության ցուցակով առաջադրվելու մասին լուրերը հերքում է, սակայն չի բացառում, որ ընտրություններին որևէ մասնակցություն հնարավոր է ունենա ։

Նշենք, որ ավելի վաղ եթերով  Գյումրու ՏԻՄ ընտրություններին մասնակցելու ցանկություն էր հայտնել նաև «ԴՕԿ» կուսակցության նախագահ Վարդան Ղուկասյանը։ Ի դեպ, նա մոտ մեկ շաբաթ առաջ գյումրեցիների հետ հեռավար հանդիպում է կազմակերպել՝ «Տեքստիլագործների ակումբում։ «ԴՕԿ» կուսակցության առաջնորդն առաջարկել է գյումրեցիներին համագործակցել, ներկայացնել այն մարդկանց ցուցակը, որոնց կարող են ներգրավել ՏԻՄ ցուցակում, եւ« ամենամաքուրին» էլ ընտրել քաղաքապետի թեկնածու։  Այս պահին դեռ հայտնի չէ, թե ովքեր են նրա առաջարկը ընդունողները, բայց ասացին, որ կան մարդիկ, որոնք պատրաստակամություն  են հայտնել ընդգրկվել կուսակցության ցուցակում։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image