Իրանում ավարտվել են նախագահական ընտրությունները: Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ է ընտրվել Մասուդ Փեզեշքիանը: Հիշեցնենք, որ վերջինս Իրանի հոգևոր առաջնորդի՝ Ալի Խամենեի վստահելի անձն է, նրա՝ միջուկային համաձայնության գործերով վստահորդն է եղել: Ոմանք նրա հետ հույսեր են կապում այն առումով, որ նա Միացյալ Նահանգների հետ հարաբերությունների կարգավորման կտանի, քանի որ դասվում է բարեփոխականների ճամբարին:
Նիկոլ Փաշինյանն արդեն շնորհավորել է Փեզեշքիանին՝ Իրանի նախագահ ընտրվելու առթիվ և խոսել է երկու երկրների բարեկամության մասին:
«Հրապարակի» հետ զրույցում քաղաքագետ Արմեն Բաղդասարյանից հետաքրքրվեցինք, թե ինչ հարցերի շուրջ պետք է ՀՀ-ն նոր նախագահի հետ նորովի սկսի համագործակցություն, քաղաքագետը պատասխանեց, որ Իրանը լուրջ ավանդույթներ ունեցող, խորքային պետություն է և պետության հիմնական, արտաքին ռազմավարական ուղղությունները կախված չեն կոնկրետ անձից։ Այսինքն, մեծ հավանականությամբ Իրանն իր հիմնական արտաքին քաղաքական առաջնահերթությունները չի փոխի և կշարունակի նույն քաղաքականությունը:
«Հետևաբար Հայաստանն էլ առանձնապես կարիք չունի փոխել իր քաղաքականությունը, այսինքն, Հայաստանի առջև ծառացած խնդիրները մնում են նույնը. այն է` փորձել մեր հարաբերությունները կարգավորել հարևանների հետ՝ հաշվի առնելով տարածաշրջանային իրողությունները, հույս չդնել դրսի աջակցության վրա և հաշվի նստել իրողությունների հետ: Այսինքն, մեծ հաշվով, Իրանի ընտրությունների արդյունքները էական ազդեցություն չեն ունենալու Հայաստանի նկատմամբ Իրանի արտաքին քաղաքականության վրա»,-ասաց Բաղդասարյանը:
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանն էլ «Հրապարակի» հետ զրույցում ասաց, որ Հայաստանն առաջին հերթին պետք է իր հարաբերությունները խորացներ տարածաշրջանային երկրների հետ և հաշվի առնելով, որ Ադրբեջանն ու Թուրքիան շատ են ուժեղացել և սերտաճել, ապա բնականաբար այնպիսի ֆորմատ էր պետք, որտեղ կներգրավվեին Իրանը, Ռուսաստանը և Վրաստանը:
«Դա կարող ենք անվանել 3+3 կամ կարող ենք անվանել Հարավային Կովկասի գծով ինչ-որ կոնֆերանսի հրավիրում, որտեղ կփորձեինք բոլոր հարցերը լուծել, նաև անվտանգության նոր համակարգի ձևավորման հարցերը լուծել, բայց քանի որ Հայաստանը տարածաշրջան է հրավիրել արտատարածաշրջանային այլ երկրների, որին թշնամական են մոտենում թե Ռուսաստանը, թե Իրանը, թե Ադրբեջանն ու Թուրքիան, և արդեն նաև Վրաստանը, ապա Հայաստանը դառնում է իզգոյ երկիր իր հարևանների շրջապատում»,-ասաց Դանիելյանը:
Քաղաքագետը նկատում է, որ տրամաբանորեն Իրանի հետ հարաբերությունները պետք է սերտանային և հաշվի առնելով նոր նախագահի ընտրության փաստը, որի միսիան պետք է լինի լարվածության թուլացումն ու բանակցությունների վարումը Միացյալ Նահանգների հետ՝ առաջին հերթին Գազայի մասով և երկրորդը, միջուկային ծրագրի հարցերով։ Ընդ որում այդ լարվածության թուլացմանը ձգտում է, թե Իրանը, թե Միացյալ Նահանգները, որպեսզի վերահսկելի կետում կանգնեցնեն վտանգավոր լարվածությունը։
«Դա նոր հնարավորություն է ստեղծում, որպեսզի Հայաստանը ավելի սերտ համագործակցություն սկսի Իրանի հետ, բայց Հայաստանն այսօր դեստրուկտիվ քաղաքականություն է վարում` շատ վտանգավոր, որը մեծ վտանգների առաջ է կանգնեցնում Հայաստանի գոյությունը»,-եզրափակեց Ստեփան Դանիելյանը: