ՀՀ կառավարության 2021-2026 թթ․ ծրագրով նախատեսված է մինչեւ 2026 թվականը կառուցել, հիմնանորոգել կամ վերանորոգել առնվազն 300 դպրոց եւ 500 մանկապարտեզ կամ նախակրթարան: ՀՀ կառավարության 2023 թվականի նոյեմբերի 30-ի N 2093-Ն որոշմամբ հաստատված «Մինչեւ 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 300 դպրոցներ» ծրագրում ընդգրկված դպրոցների ցանկին համապատասխան, Երեւանում նախատեսված է 36 դպրոցի կառուցում կամ վերակառուցում, որոնցից 12-ն արդեն ավարտված է:
Այս ոլորտների հետ կապված՝ որոշակի լուծումներ են տրված նաեւ Երեւան քաղաքի նոր գլխավոր հատակագծով: Նախագծի հիմնական տեխնիկատնտեսական ցուցանիշների համաձայն, Երեւանի բնակչության ապահովվածությունը դպրոցական օբյեկտներով 1000 բնակչին փաստացի կազմում է 2.54 հազ. քառ. մ, իսկ հեռանկարում (2030թ․) պետք է կազմի 2.62 հազ. քառ. մ: Այսինքն՝ ամեն 1000 բնակչի հաշվարկով մինչեւ 2030 թվականը Երեւանի բնակչության ապահովվածությունը դպրոցական օբյեկտներով պետք է ավելանա 80 քառ․ մ-ով, կամ մինչեւ 2030 թվականը բնակչության աճի մինչեւ 1 112 113 մարդ հեռանկարային ցուցանիշի դեպքում լրացուցիչ պետք է կառուցվեն 88 969 քառ․ մ ընդհանուր մակերեսով նոր դպրոցական օբյեկտներ:
Հատկանշական է, որ Երեւան քաղաքի նոր գլխավոր հատակագծի հիմնական տեխնիկատնտեսական ցուցանիշներում որեւէ անդրադարձ չկա նախադպրոցական ուսումնական հաստատությունների աճին:
Համաձայն ՀՀՇՆ 30-01-2023 «Քաղաքաշինություն. Քաղաքային եւ գյուղական բնակավայրերի հատակագծում եւ կառուցապատում» ՀՀ շինարարական նորմերի պահանջների, տարրական դպրոցների եւ նախադպրոցական կազմակերպությունների սպասարկման առավելագույն շառավիղը սահմանված է 500 մետր: Նորակառույց բնակավայրերում հանրակրթական դպրոցների սովորողների թիվն անհրաժեշտ է յուրաքանչյուր հազար մարդու համար ընդունել 180 տեղից ոչ պակաս: Նախադպրոցական կազմակերպությունների համար եւս, բնակավայրերի տարածքներում, ժողովրդագրական տվյալների բացակայության ժամանակ անհրաժեշտ է յուրաքանչյուր հազար մարդու համար ընդունել մինչեւ 180 տեղ, ընդ որում՝ բնակելի կառուցապատման տարածքում տեղադրել յուրաքանչյուր հազար մարդու համար ոչ ավել 100 տեղ հաշվարկից:
Երեւանի նոր գլխավոր հատակագծի բացատրագրում վերը նշված ոլորտների վերաբերյալ կան հակիրճ, մակերեսային եւ ընդհանուր ձեւակերպումներով տրված գնահատականներ, այսպես, օրինակ` Հանրակրթություն/Դպրոցական կրթության ոլորտ տողի տակ կարդում ենք.
«Երեւանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործում է 152 դպրոց, որից 141-ը՝ հիմնական, 12-ը՝ միջնակարգ, որից մեկը՝ կրթահամալիր։ 2023-2024 ուսումնական տարվա մեկնարկին, ընդհանուր առմամբ, աշակերտների թիվը կազմել է 106 068: Ներառական կրթության համատեքստում շարունակում է արդիական մնալ ինչպես ֆիզիկական միջավայրի բարելավման անհրաժեշտությունը՝ հարմարեցումների ապահովմամբ, այնպես էլ ներառող դասավանդման հմտությունների զարգացման (այդ թվում՝ էլեկտրոնային կրթական ռեսուրսների կիրառմամբ) կարեւորությունն ուսուցիչների շրջանում»։ Տեքստում կարեւորվում է մեծանուն մտավորականների հոբելյաններին, մայրենիի, գրքի տոներին, մերօրյա հերոսներին նվիրված, Ֆրանկոֆոնիայի շրջանակում եւ այլաբնույթ միջոցառումների կազմակերպումը, ինչպես նաեւ վերջիններիս խրախուսումը վարչության կողմից։ Բացի այդ, նշվում է տարբեր դպրոցական օլիմպիադաներին մասնակցած եւ գովասանագրեր ստացած աշակերտների թիվը:
Նույնը վերաբերում է նաեւ նախադպրոցական կրթության ոլորտին, որտեղ կարդում ենք. «Երեւանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործում է 162 մանկապարտեզ, որտեղ նախադպրոցական կրթություն է իրականացվում շուրջ 26 000 երեխայի համար: Նրանց ուսումնադաստիարակչական գործընթացին մասնակցում է 4 570 աշխատակից: Երեւանի մանկապարտեզների հերթագրման համար գործում է mankapartez.yerevan.am կայքը։ Երեւանի ենթակայության 11 դպրոցներում գործում է 11 նախակրթարան, ուր հաճախում է շուրջ 170 երեխա: Ծնողական համայնքի դիմումների հիմքով՝ նախադպրոցական ուսումնական հաստատություններում ձեւավորվում եւ գործում են երկարօրյա խմբեր: Նախադպրոցական ուսումնական հաստատություններին հատկացվել են զարգացնող սեղանային խաղեր, ուսուցողական պաստառներ, Երեւանի տեսարժան վայրերով ուսուցողական գրքեր: ՀՀ կառավարության՝ 300 դպրոցի եւ 500 մանկապարտեզի կառուցման ծրագրի շրջանակում հիմնանորոգված մանկապարտեզներին տրամադրվում են կոշտ գույք եւ կենցաղային տեխնիկա: Անհրաժեշտություն կա թարմացնելու եւ կրթական ռեսուրսների կիրառելիությունն ապահովելու իմաստով հագեցնելու մանկապարտեզների համակարգչային տեխնիկան»,- շարադրված է քաղաքաշինական փաստաթղթում, որտեղ մանրամասնվում են նաեւ չափորոշիչների, վերապատրաստումների, տարակարգի շնորհման գործընթացները:
Միաժամանակ նշվում է, որ աղիքային վարակիչ հիվանդությունների, թունավորումների դեպքերը կանխելու նպատակով իրականացվել է սեմինար-իրազեկում՝ Երեւանի մանկապարտեզների սննդի պատասխանատուների հետ: Նաեւ՝ 7 մանկապարտեզներում իրականացվել է «Անվտանգ երթեւեկության կանոններ» թեմայով պիլոտային ծրագիրը: 2 մանկապարտեզներն էլ մասնակցել են «Կայուն էներգիայի շաբաթ» միջոցառմանը: Ու այս ամենը տեղ է գտել ոչ թե «իքս» մանկապարտեզի տարեկան ծրագրում, այլ՝ Երեւան քաղաքի գլխավոր քաղաքաշինական փաստաթղթում:
Հետաքրքրական է, որ նույնիսկ դպրոցների, մանկապարտեզների մասով դուրս բերված հիմնախնդիրների մեջ դարձյալ արված են ոչ թե քաղաքաշինական, այլ հիմնականում կրթական շեշտադրումներ, ինչպես, օրինակ. «Ներառական եւ մատչելի ուսումնական միջավայրի ապահովում, դպրոցների նյութատեխնիկական բազայի համալրում անհրաժեշտ նյութերով եւ համապատասխան սարքավորումներով, ինչպես նաեւ լաբորատորիաների (նաեւ՝ էլեկտրոնային) ձեւավորում, պարտադիր կրթությունից դուրս մնալու ռիսկերի կանխարգելում, նման երեխաներին հայտնաբերում՝ ուսուցման համակարգ վերադարձնելու նպատակով, հանրակրթության պետական չափորոշչի գործարկում ուսումնական հաստատություններում, մանկավարժական հաստիքների թափուր տեղերի համալրում համապատասխան կադրերով, կրթության ոլորտի բարելավման եւ լավագույն փորձի փոխանակման նպատակով համագործակցություն տարբեր շահառու կազմակերպությունների հետ»:
Ըստ այդմ, պետք է արձանագրել, որ նշված տեղեկանքը որեւէ առնչություն չունի գլխավոր հատակագծի պահանջների հետ, ավելին` մասնակիորեն ուղղակի արտագրված է՝ ոչ ավել, ոչ պակաս, Երեւանի քաղաքապետարանի պաշտոնական կայքի «Հանրակրթություն» բաժնից: Մինչդեռ հարկ էր նշել, թե որքան է կազմում Երեւանում աշակերտական տեղերի եւ նախադպրոցական օբյեկտների պահանջարկը` ըստ վարչական շրջանների կամ թաղամասերի: Բացի այդ, ինչպե՞ս է ապահովվելու ՀՀ կառավարության 300 դպրոցի եւ 500 մանկապարտեզի կառուցման ծրագրի իրականացումը Երեւանում: Իսկ, ընդհանրապես, Երեւանի զարգացման քառամյա կամ տարեկան զարգացման ծրագրերն ավելի գրագետ եւ մանրամասն ծրագրեր ու միջոցառումներ են պարունակում, ավելի շատ ոլորտներ են ընդգրկում, քան Երեւանի նոր գլխավոր հատակագիծը:
Ի դեպ, նորակառույց համալիրների ու թաղամասերի տարատեսակ գովազդներից ակնհայտ է, որ ներկայում, բացի Տիչինա փողոցում նոր կառուցվող թաղամասից, Երեւանում կառուցվող մեծաքանակ բնակելի շենքերի կամ թաղամասերի ապագա բնակիչների համար դպրոցների եւ մանկապարտեզների կառուցում նախատեսված չէ (Նոյ թաղամաս, Մոնթե Մելքոնյան պողոտայի եւ Ծիծեռնակաբերդի խճուղու միջեւ գտնվող նորակառույց թաղամաս, «Երազ», «Նոր Երեւան» թաղամասեր, Դավթաշենի եւ Ավանի նոր թաղամասեր, Մամիկոնյանց եւ Տիգրանյան փողոցների միջեւ գտնվող թաղամաս եւ այլն):
Երեւանի նոր հաստատված գլխավոր հատակագիծը թերեւս նաեւ այս հարցերին պետք է պատասխաներ, թե որտեղ պետք է սովորեն նորակառույց թաղամասերի երեխաները, ո՞վ պետք է համակարգի հանրակրթական եւ նախադպրոցական օբյեկտների պահանջարկի հաշվառման եւ ապահովման ծրագրերը, արդյո՞ք համապատասխան հողամասերի հատկացումներ կատարվել են, ո՞վ է պատասխանատու կրթության ոլորտի համար եւ ո՞վ պետք է կառուցի նշված շենքերը, որ մինչեւ 2026-ը սահմանվել է առաջնահերթություն ՀՀ կառավարության համար: