Հարցազրույց

ՀՀ կառավարությունը ՀՀ կառավարությունն է և ոչ ավելին, այդտեղ գաղափարական իմաստ չի կարող լինել․ Զարեհ Սինանյան

ՀՀ կառավարությունը ՀՀ կառավարությունն է և ոչ ավելին, այդտեղ գաղափարական իմաստ չի կարող լինել․ Զարեհ Սինանյան

Սփյուռքի գործերով հանձնակատար Զարեհ Սինանյանին հարցրինք՝ սփյուռքի դաշնակցականների հանդեպ Հայաստանի իշխանությունները հատուկ մոտեցո՞ւմ ունեն, որ նրանց թույլ չեն տալիս մուտք գործել Հայաստանի Հանրապետություն։

Հիշեցնենք, որ վերջերս արգելվել էր դաշնակցական Արենի Մարկոսյանի մուտքը Հայաստան, դրանից առաջ էլ մոտ 5-6 դաշնակցական սփյուռքահայերի թույլ չէին տվել մուտք գործել երկիր՝ նրանց հայտնելով, որ Հայաստանի համար անցանկալի անձինք են։

« Դա պիտի ԱԱԾ-ին հարցնեք, այսինքն՝ արգելանքի որոշում կայացնող մարմնին պետք է հարցնեք։ Չեմ կարծում, որ հատուկ որոշում կա, որովհետև Ձեզ հավաստիացնեմ, որ հիմա, հենց այս պահին Հայաստանում մեծ թվով դաշնակցականներ գտնվում սփյուռքից, հետևաբար չի կարող կատուկ մոտեցում լինել»,- պատասխանեց Սինանյանը։

Դիտարկմանը, որ ինքը սփյուռքի գործերով հանձնակատարն է, երկար տարիներ ինքն էլ է ապրել սփյուռքում՝ մտահոգություն չունի՞, որ իշխանությունների նման գործելաոճը կարող է խարխլել Հայաստան- սփյուռք կապը, և վերջիններս կարող են Հայաստանից երես թեքել, Սինանյանը պատասխանեց․ « Ոչ, չեմ վախենում։ Որոշ մարդիկ կարող է այդ պատճառով երես թեքեն, բայց սփյուռքը երես կթեքի, թե ոչ՝ ոչ»,- պատասխանեց Սինանյանը։

Սինանյանին հիշեցրինք այն բազմաթիվ դեպքերը, երբ աշխարհի ժողովրդավար երկրներում ղեկավարներին ավելի կոշտ քննադատության են ենթարկում, ընդհուպ մինչև հարվածում են ձվերով և այլն, օրինակ՝ կադրեր կան, թե ինչպես են հարձակվում Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի վրա։

Սինայնաին հարցրինք, թե ինչո՞ւ են այդ մարդկանց մուտքը արգելում Հայաստան ընդամենը Նիկոլ Փաշինյանի դեմ ակցիաներ անելու համար, չէ՞ որ Հայատսանը իրեն ժողովրդավարության բաստիոն է հռչակել, իսկ իրական ժողովրդավարական երկրների ղեկավարները ավելի հանդուրժող են նման ակցիաների նկատմամբ։ Մանավանդ, որ Սինանյանը երկար տարիներ ժողովրդավարության իրական բաստիոն համարվող ԱՄՆ-ում է ապրել․

« Ես չգիտեմ, թե Ջասթին Փրյուդոյի վրա ինչ հանգամանքներում են որևէ բան նետել․․․, ընդհանրապես ֆիզիկական ցանկացած վայրագություն դատապարտելի է, ես կարծում եմ Ջասթին Թրյուդոյի վրա Կանադայում են ձու նետել, կամ որևէ ուրիշ ղեկավարի, որի մասին որ խոսվում է, տեղի է ունենում հենց երկրի ներսում։ Որքան ես հասկանում եմ՝ ինչ-որ միջադեպ եթե եղել է, դրսում է եղել երկրի սահմաններից»,- պատասխանեց Սինանյանը։

Այսինքն՝ սփյուռքահայերը Նիկոլ Փաշինյանից դժգոհելու իրավունք չունե՞ն։

« Իհարկե ունեն, ինչ-որ չափաբաժին կա, որ ունեն, բայց ֆիզիկական հարձակումների ենթարկել, իհարկե չունեն ոչ այստեղ, ոչ այնտեղ։ Հենց Միացյալ նահանգներում էլ դա հանցագործություն է»,- պատասխանեց Սինանյանը։ Նիկոլ Փաշինյանն ու ձեր իշխանությունը, Ձեր ընկալմամբ, միայն ՀՀ քաղաքացիների՞, թե՞ ողջ հայության իշխանությունն է նաև գաղափարական իմաստով․

«ՀՀ կառավարությունը ՀՀ կառավարությունն է և ոչ ավելին, այդտեղ գաղափարական իմաստ չի կարող լինել, այդտեղ միայն օրինական իմաստ կա, որովհետև մենք ընտրվում ենք ՀՀ ժողովրդի կողմից, և արդյունքում մենք ներկայացնում ենք ՀՀ ժողովրդին։ Իհարկե, մենք ունենք սփյուռք, որը մեր ազգի անբաժան մասն է, բայց մենք չենք կարող ասել, որ ՀՀ կառավարությունը ներկայացնում է սփյուռքահայությունը, որովհետև նրանք մասնակցում են այլ պետությունների ընտրություններին, իրենց կենցաղային հարցերը լուծում է այլ պետությունը։ Այսինքն՝ նրանք մի այլ իրականության մեջ են բնակվում, այտեղ են հարկեր մուծում, հաճախ այնտեղի զինված ուժերում են ծառայում, հետևաբար այդտեղ պարզ, հստակ բաժանարար կա․ Հայաստանի կառավարությունը Հայաստանի կառավարությունն է»,- պատասխանեց Սինանյանը։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image