Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կոչ է արել բոլոր քաղաքացիներին պահպանել ու պաշտպանել թուրքերենը «Թուրքերեն. Համաշխարհային լեզու» արշավի շրջանակներում, որը մեկնարկել է թուրք բանաստեղծ ու սուֆի մտածող Յունուս Էմրեի (Դերվիշ Յունուս) մահվան 700-ամյակին:
Գրել է (17.02.2021) թուրքական «ԱՆԱԴՈԼՈՒ» լրատվական գործակալությունը։
«Առաջինը՝ լեզուն, ապա զինվորականներն են պահպանում հայրենիքը: Հետևաբար, մենք պետք է ամուր պաշտպանենք մեր թուրքերենը», - հայտարարել է Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ ելույթ ունենալով Բեշթեփեի Ազգային կոնգրեսի և մշակույթի կենտրոնում Յունուս Էմրեի թեմայով միջոցառման ժամանակ:
Հիշատակելով, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն Յունուս Էմրեի մահվան 700-րդ տարելիցը ներառել է իր հոբելյանների ցուցակում՝ իշխող «Արդարություն ու զարգացում» կուսակցության ղեկավարը շնորհակալություն է հայտնել Ադրբեջանի, Բոսնիա և Հերցեգովինայի, Հյուսիսային Մակեդոնիայի և Ուզբեկստանի ներկայացուցիչներին ՅՈՒՆԵՍԿՕ-ում այս հարցով աջակցելու համար:
«Ես ցավով ուզում եմ հայտնել, որ մենք մեր լեզվում անպտուղ դառնալու գործընթացի ենք առերեսվում: Օտար լեզուներին տրվող կարևորությունը, ցավոք, ստվերում է մեր թուրքերենը», - նշել է Թուրքիայի նախագահը:
«Մշակութային իմպերիալիզմի դեմ մեր պաշտպանության ամենաուժեղ գիծը, առաջին հերթին, պետք է լինի մեր լեզվի պահպանումը: Հասարակությունները, որոնք չեն կարողանա իրենց մայրենի լեզվով խոսել առավելագույնս պատշաճ և լավագույն կերպով, չեն կարողանա նպաստել ուրիշներին», - հավելել է նա:
«Մենք չենք կարող ո՛չ պաշտպանել մեր ազգային ինքնությունը, ո՛չ էլ ամուր կապեր պահպանել թյուրքական աշխարհի հետ կամ հասնել մեր համաշխարհային նպատակներին, քանի դեռ չենք պահպանել թուրքերենը»:
«Թուրքերեն. Համաշխարհային լեզու» արշավի շրջանակներում Ռեջեփ Էրդողանն ասել է, որ 2021 թվականի ընթացքում 22 նախարարություն, հաստատություն ու հասարակական կազմակերպություն կանցկացնի 224 միջոցառում։