Հասարակություն

«Հրապարակ». Պուլյան պատուհանի ապակին ծակել ընկել ա անկողնու մեջ

«Հրապարակ». Պուլյան պատուհանի ապակին ծակել ընկել ա անկողնու մեջ

Սյունիքի սահմանամերձ գյուղերի բնակիչները երկու շաբաթից ավելի է՝ լարվածության ու վախի մթնոլորտում են ապրում: Գիշերը վախերն ավելանում են, քանի որ թշնամին սկսում է կրակել` մինչեւ լուսադեմ: Պաշտպանության նախարարությունը, որը նախ փորձում էր հերքել անհերքելին, ապա ցինիկաբար հայտարարեց, թե կան կրակոցներ, բայց դրանց թիրախը ՀՀ տարածքը չէ, արդեն նախօրեին ստիպված է եղել փաստացի ընդունել, որ վերջին կրակոցների թիրախում ոչ միայն ՀՀ տարածքն է, այլեւ կոնկրետ բնակելի տներ՝ խաղաղ բնակիչները:

«Մարտի 31-ին, ժամը 00:50-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խնածախ բնակավայրի ուղղությամբ, ինչի հետեւանքով վնասվել է բնակելի տուն: Տուժածներ չկան»,- կարդում ենք պաշտոնական հաղորդագրության մեջ, որի շարունակությունը Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի՝ ավելի վաղ արած հայտարարության հիշեցումն ու վերահաստատումն է Բաքվին, թե եկեք հետաքննենք հրադադարի խախտումները: Սա, իհարկե, ընդամենը քմծիծաղ է առաջացնում իրականությունը տեսնող ու գնահատող ցանկացած մեկի մոտ: ՀՀ ՊՆ-ն ադրբեջանական կողմին կոչ է անում՝ «հետաքննել Խնածախ բնակավայրի բնակելի տան գնդակոծման փաստը եւ հանդես գալ հրապարակային պարզաբանումներով»․ ողորմելի ու անատամ հերթական ձեւակերպումը, որն ի ցույց է դնում այս իշխանության ու նրա ՊՆ-ի ամբողջ «պերճանքն ու թշվառությունը», որ անգամ «դուխ» չունի պահանջել՝ դադարեցնել խաղաղ բնակչության թիրախավորումը:

Ադրբեջանական գնդակը, որը ծակել է Խնածախի բնակելի տան պատուհանը, հասել է մինչեւ անկողին, որտեղ մարդիկ քնած են եղել, ու միայն երջանիկ պատահականությամբ նրանք չեն տուժել: Տունը Խնածախի վարչական ղեկավար Սեյրան Միրզոյանինն է: Նա ամբողջ օրվա ընթացքում չպատասխանեց մեր հեռախոսազանգերին: «Հրապարակ»-ին հաջողվեց զրուցել Խնածախի բնակիչներից Կարոյի հետ, որի խնդրանքով հրապարակում ենք միայն անունը:

- Ի՞նչ վիճակ է հիմա գյուղում, էլի՞ են կրակում:

- Հիմնականում կրակում են գիշերները, ժամը 10-ն անց կեսից սկսում են, մինչեւ հինգը-հինգն անց կես, ժամը մեկ կրակում են, վերջինը գիշերը 4-ն անց կես են կրակել: Ավտոմատի կրակոցների ձայներ ենք լսում:

- ՊՆ-ն հայտնեց, որ գյուղի տներից մեկին է հասել գնդակը, ո՞ւմ տունն է, ի՞նչ վիճակում են մարդիկ:

- Պուլյան պատուհանի ապակին ծակել, ընկել ա անկողնու մեջ: Գյուղի ամենածայրի տունն ա, Միրզոյան Սեյրանի տունը:

- Վախեցա՞ծ են գյուղացիները, ի՞նչ տրամադրություններ են գյուղում:

- Ամսի 20-ից կրակում են, ցանկացած գիտակից մարդ վախ ունի՝ չգիտես, թե ինչ կլինի, որ ուղղությամբ կկրակեն:

-Իսկ կառավարությունից, իրավասուներից այս ընթացքում որեւէ մեկը եկե՞լ է գյուղ:

- Էսօր ՊՆ-ից են եկել, էդ դեպքի հետ կապված, բայց մինչեւ դա ոչ ոք էլ չի եկել:

- Ձեր կարծիքով, ի՞նչ է ուզում թշնամին, ինչո՞ւ է կրակում:

- Վախ, խուճապ առաջացնի, հրաման կա, որ մեր կողմից չկրակեն, իրենք ուզում են, որ պատասխան կրակ լինի, միջադեպ ստեղծեն, էլի:

- Գյուղին շա՞տ մոտ են ադրբեջանական դիրքերը:

- Իմ տնից, ուղիղ գծով՝ 100-150 մետր, էս պահին բակում եմ ու իրենց տեսնում եմ: Իմ տունն էլ գյուղի ծայրին ա: Իրիկունը վախենում ենք լույսերը վառել, որ դուրս ենք գալիս, մթնով ենք գնում բակ․ լույսը տեսնեն՝ կկրակեն:

- Իշխանությունը խաղաղության մասին է խոսում, հավատո՞ւմ եք խաղաղությանը, երբ մյուս կողմն անդադար կրակում է:

- Խաղաղությունն ամենացանկալին ա, բայց էս պահին՝ անհասանելի: Ալիեւը նոր հարցեր ա առաջ քաշում՝ Սյունիքում միջանցք ա ուզում, Սահմանադրությունը փոխելու հարց ա դնում… Մենք հեռու ենք խաղաղությունից: 

- Բայց իշխանությունը հերթով կատարում է Ալիեւի պահանջները:

- Խնդրելով, տալով, հարց չես լուծի: Իմ կարծիքով՝ խաղաղությունը միայն մեր ուժեղ լինելով ա հնարավոր, պիտի դու ինքդ լինես ուժեղ:

- Իսկ այս օրերի ընթացքում, ինչ թշնամին կրակում է, գյուղից հեռացող եղե՞լ է: Քանի՞ ծուխ է հիմա գյուղում:

- Կրակոցներն ամսի 20-ից են, դեռ գյուղից մարդ դուրս չի եղել, բայց վերջին տարիներին՝ պատերազմից հետո, շատ են պակասել, ահագին մարդ գնացել ա: Առաջ 286 տուն էր, հիմա, եթե չեմ սխալվում, հազիվ կեսը՝ 140-ից ավել չի լինի: Իմ դպրոցական տարիներին 500 աշակերտ ուներ գյուղի դպրոցը, հիմա՝ ընդամենը 55:

ՀԳ․ Ադրբեջանական կողմը տեւական ժամանակ շարունակվող ինֆորմացիոն գրոհից՝  հրադադարը խախտելու վերաբերյալ հայկական կողմին ուղղված կեղծ մեղադրանքներից հետո, շուրջ 15 օր է՝ կրակի տակ է պահում Սյունիքի մարզի գյուղերը: Կրակում է Սոթքի, Ներքին Հանդի, Խնածախի ուղղությամբ: Սոթքի գյուղապետ Սեւակ Խաչատրյանից փորձեցինք պարզել՝ իրենց մոտ ի՞նչ վիճակ է: Նա պատասխանեց մեր հեռախոսազանգին, սակայն ասաց՝ կրակոցների վերաբերյալ ոչ մի տեղեկություն հայտնել չի կարող. «Իրավասու չեմ որեւէ բան ասել, այդ հարցով դիմեք ՊՆ-ին»: Պատասխանից ակնհայտ է՝ իշխանությունը շարունակում է պարտակել սահմանային իրավիճակն ու հստակ հրահանգել է գյուղապետերին ու վարչական ղեկավարներին՝ չխոսել այդ մասին: Ամեն ինչ անում են, որ իրականությունը թաքցնեն հասարակությունից:

Լրահոս

Ամենաընթերցված

Սոչիում արտակարգ իրավիճակ է

Սոչիում արտակարգ իրավիճակ է

Սոչիի միջազգային օդանավակայանում վերջին մեկ օրվա ընթացքում աշխատանքային ռեժիմի բազմակի փոփոխությունն...

Նիկոլն այլևս օրինական չէ

Նիկոլն այլևս օրինական չէ

Ժամանակին ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձն ուներ հիմնական՝ մեկ կարմիր ու մեկ կանաչ գիծ: Առաջինի ա...

×
Gallery Image