Քաղաքականություն

«Հրապարակ». Հռետորաբանության տարբերություն՝ ԱԳՆ շենքից ներս ու շենքից դուրս 

«Հրապարակ». Հռետորաբանության տարբերություն՝ ԱԳՆ շենքից ներս ու շենքից դուրս 

Արման Բաբաջանյանին չօգնեց նույնիսկ Շահումյանի արձանի պատվանդանին բարձրանալը, իսկ Արթուր Սաքունցին՝ լողավազան մտնելը: Որքան դրսում՝ ԱԳՆ-ի դիմաց Արման Բաբաջանյանն ու «ընկերները» փորձում էին հակառուսական կրքերը բորբոքել, այնքան շենքից ներս մեղմ էին Արարատ Միրզոյանի հռետորաբանությունն ու շեշտադրումները: Տպավորություն էր, թե իրենց ԱԺ խոսնակը չէր օրեր առաջ հայտարարում, թե Ռուսաստանը հիբրիդային պատերազմ է մղում Հայաստանի դեմ: Երեւանում գտնվող ՌԴ ԱԳ նախարար Լավրովի հետ հանդիպումը Միրզոյանն «ընդգրկուն ու կառուցողական» որակեց, Լավրովն էլ շեշտեց Հայաստանի անվտանգության հարցում ռուսական ռազմաբազայի դերը:

Ճիշտ է, Լավրովն ու Միրզոյանը խոսեցին Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում առկա զգայուն հարցերի մասին, բայց հայկական կողմի ուղերձներն առաջվանը չէին: Իսկ ՌԴ ԱԳ նախարարի ասելիքը հստակ էր՝ տարածաշրջանի հարցերը պետք է լուծվեն «այստեղ գտնվող երկրների եւ մերձակա հարեւանների կողմից»: Նա ասաց՝ դեմ չենք, որ արտատարածաշրջանային երկրներն իրենց հարաբերությունները զարգացնեն, բայց այդ համագործակցությունն ուղղված չլինի տարածաշրջանում լարվածության ստեղծմանը, այնտեղ գտնվող երկրների շահերն արհամարհելուն ու աշխարհաքաղաքական խաղերին: Նա հաստատեց Ռուսաստանի պատրաստակամությունը՝ աջակցել Երեւանին ու Բաքվին՝ «հասնել լիարժեք համաձայնության», ու հիշեց 2020-2022թթ․ եռակողմ հայտարարությունները՝ դրանք համարելով «կուռ հիմք»: 

Ռուս լրագրողը Միրզոյանին հարց ուղղեց՝ հիշեցնելով նրա իսկ հայտարարությունն այն մասին, որ տարածաշրջանային անվտանգության գոյություն ունեցող ճարտարապետությունն արդյունավետ չէ․ «Արդյո՞ք Երեւանը նոր ռազմավարական գործընկերներ է փնտրելու, օրինակ՝ Եվրոպայում»: Միրզոյանի պատասխանն էր՝ ոչ: Ապա ասաց, թե Հայաստանն իր ոչ լավ փորձից տեսավ, որ այդ ճարտարապետությունը չի աշխատում, ստիպված եղավ փորձել «վերակազմավորել, վերաքննել, չգիտեմ՝ կատարելագործել այդ համակարգը, եւ այդ գործընթացը շարունակական է»: Այս կմկմոցից հետո Միրզոյանը խոստովանեց, որ Հայաստանը չի պատրաստվում «Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունները վերաֆորմատավորել»:

«Ուզում եմ շատ ուղիղ պատասխանել՝ ոչ, մեր պարտավորությունները, իրավունքները եւ մտադրությունները միմյանց նկատմամբ հստակ գրված են թղթի վրա, ստորագրված են, վավերացված են, եւ դրանք որեւէ մեկը չի լուծարել, միեւնույն ժամանակ հայաստանյան կողմի մտահոգությունն է, որ նախատեսված միջոցառումները, մեխանիզմները ոչ անպայմանորեն միշտ եւ ոչ անպայմանորեն ամբողջությամբ կամ սահմանված կարգով են աշխատել։ Սա այլ հարց է, կարող ենք քննարկել արդյունավետ գործարկման հարցը, բայց այդ մեխանիզմները եւ, ընդհանրապես՝ հարաբերությունները վերաֆորմատավորելու մասին հարց մեր օրակարգում չկա»,-հայտարարեց նա: Սա թերեւս խոստովանություն էր, որ արեւմտյան հովանավորների կողմից, առնվազն, մինչ այս պահը որեւէ առաջարկ չեն ստացել, ու օդ են այդ մասին բոլոր խոսակցությունները, այնպես, ինչպես Հայաստանի՝ ԵՄ անդամակցության օրակարգը: Այս հարցը Միրզոյանը կարճ կապեց` Հայաստանը ԵՄ անդամակցության հայտ չի ներկայացրել, բանակցություններ չեն վարվում:

ՀԱՊԿ-ից էլ խոսք գնաց․ Միրզոյանը հիշեցրեց, որ հայկական կողմի գնահատականը գաղտնիք չէ՝ իրենք դժգոհ են ու սառեցրել են Հայաստանի անդամակցությունը կառույցին, բայց «այս պահին գոնե ավելի հեռուն գնացող հետեւություններ» ինքը չի անի: Ռուսաստանի ԱԳ նախարարն էլ նկատեց, որ «համաեվրոպական համակարգն ապացուցել է իր անարդյունավետությունը»: Ինչ վերաբերում է Ջերմուկի վրա հարձակմանը Ռուսաստանի ոչ համարժեք դիրքորոշման հարցին, որի հակառուսականության ենթատեքստը Միրզոյանը փորձեց մեղմել Հայաստանի ժողովրդավար լինելու մասին դիտարկումով, Լավրովը կրկեց այն, ինչ ռուսական կողմը մշտապես հայտարարում է, թե ՀԱՊԿ դիտորդներ ուղարկելու առաջարկը հայկական կողմը չի ընդունել: Ըստ Լավրովի, դրանից որոշ ժամանակ անց իրենց համար անսպասելի եղան ԵՄ դիտորդական առաքելության տեղակայման ու Պրահայում ԼՂ-ի պատկանելության հարցով հայկական կողմի հայտարարությունները: 

Ուշագրավ էին նոյեմբերի 9-ի փաստաթղթի վերաբերյալ ՌԴ ԱԳ նախարարի հնչեցրած մանրամասները: Նախ, նա ասաց, որ Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի ղեկավարներն ամբողջ գիշեր տեքստի վրա աշխատել են, ու շեշտեց. «ԼՂ-ի պատկանելության հարցը գիտակցաբար թողնվել էր փակագծերից դուրս՝ հետագա համաձայնեցման»: Արցախն Ադրբեջանին հանձնելու սլաքներն էլ Սերգեյ Լավրովն ուղղակիորեն դեպի ՀՀ գործող իշխանությունն ուղղեց, երբ հիշատակեց ռուսական կողմի առաջարկած լուծման բանաձեւը, որից Փաշինյանը հրաժարվել է, ու որը հայաստանյան ընդդիմությունն էլ է անդադար հիշեցնում ՔՊ-ականներին: Խոսքը 7 շրջաններից 5-ն Ադրբեջանին զիջելու, բայց Լաչինն ու Քարվաճառը պահելու, իսկ ԼՂ-ի վերջնական կարգավիճակն ապագա սերունդներին թողնելու տարբերակի մասին է, որը 2019-ին դրվել էր Փաշինյանի սեղանին:

«Դա երեւի ինչ-որ բանով ավելի լավ էր, քան այն, ինչ հիմա ստացվեց: Այո, ընտրության իրավունքն իրացվեց՝ հրաժարում այն բանաձեւից, որը ես հենց նոր նշեցի»,- հայտարարեց Լավրովը, իսկ Միրզոյանը փաստացի եւս մեկ անգամ վերահաստատեց, որ իրենք Արցախն Ադրբեջանի մաս են ճանաչում՝ հղում անելով Ալմա-Աթայի հռչակագրին ու հայտարարելով, որ Հայաստանն ընդունում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Չշրջանցվեց նաեւ Հայաստանին չմատակարարված ռուսական զենքի թեման: Վճարումները, ինչպես տեղեկացրեց Լավրովը, վերաուղղորդվել են այլ նպատակների համար: Խնդիրը նա պայմանավորեց ռուս-ուկրաինական պատերազմով: 
Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանում կայացած հանդիպման ժամանակ Սերգեյ Լավրովը նկատեց, թե Հայաստանն ու Ռուսաստանը հաղթահարել են անվստահության ու դժգոհության փուլը, իսկ դրանից առաջ նա դրվատել էր Փաշինյանին, որ, ի հեճուկս արեւմտյան պաշտոնյաների սպառնալիքների, հաղթանակի 80-ամյակի միջոցառումներին մասնակցեց: Օրվա ավարտին ռուսաստանցի հյուրը Փաշինյանի հետ է հանդիպել: Հայ-ռուսական հարաբերությունների դինամիկան Փաշինյանն «այս տարի դրական է գնահատել»:

Ամփոփելով օրվա մեսիջները, մեկ եզրակացության պետք է գանք՝ Մոսկվան չի գնում Երեւանի հետ հարաբերությունները սրելու ճանապարհով, Երեւանն էլ իր հերթին հասկանում է՝ դրա տակից դուրս գալ չի կարողանալու, ուստի «հա՛մ նալին, հա՛մ մեխին» քաղաքականությունը շարունակելու է էմոցիոնալ դաշտում, հայտարարությունների մակարդակով շարունակելու է կսմիթներն ու Արեւմուտքին հաճոյանալու քաղաքականությունը, բայց գործնականում ընդդեմ Ռուսաստանի իրական քայլեր չի անելու` գոնե այս փուլում ու իրերի այս դասավորվածության պայմաններում:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image