Հասարակություն

Պարգևավճարների համար փող ունեն, զինծառայողների համար՝ ոչ

Պարգևավճարների համար փող ունեն, զինծառայողների համար՝ ոչ

Զինծառայողների հետ կապված խնդիրները շարունակում են մնալ չլուծված։

Չնայած իմքայլականները և իրենց սպասարկող խմբերը միլիոնավոր դոլարների պարգևավճար են ստացել ու ստանում, զինծառայողներին տրված պատասխանները մոտավորապես այսպիսին են լինում՝ «Փող չկա», «Զբաղվում ենք այդ հարցերով», «Գնացեք, վաղն էկեք»։

Բացի զինծառայողներին հասանելիք բնակարանները, փոխհատուցումները տրամադրելը, ինչպես նաև ժամկետային ու պայմանագրային զինծառայողների համար Արցախի 44-օրյա պատերազմից հետո կեցության նորմալ պայմաններ ստեղծելը (քնում են վրաններում, կիսաքանդ շինություններում և այլն), պատերազմին մասնակցած մեծ թվով պահեստազորայինները դեռևս չեն ստացել իրենց հասանելիք դրամական փոխհատուցումը, ինչպես նաև զինվորական գրքույկներում դեռ նշված չէ պատերազմին մասնակցության իրական հաստիքը, մարտական ուղին, կամ էլ ընդհանրապես որևէ նշում չկա։

«Զինված ուժերի պահեստազորի զինծառայողների միության» նախագահ, ՊՆ Ռազմական ոստիկանության Հետաքննչական բաժնի պետի նախկին պաշտոնակատար (2014-16), «Իրավունքի սահման» ՍՊԸ տնօրեն, իրավաբան Գևորգ Հովհաննիսյանը «Հրապարակի» հետ զրույցում ասաց, որ թե՛ մինչպատերազմական շրջանում, թե՛ պատերազմի ընթացքում և հետո ստեղծված որոշակի փաստեր վկայում են այն մասին, որ Հայաստանի և Արցախի օրենսդրությունները սոցիալական և քաղաքացիական առումով պատրաստ չեն պատերազմական դրության ժամանակ զինծառայողների իրավունքները լիարժեք պաշտպանել։

Նկատենք, որ այս 3 տարվա ընթացքում «քայլող» իշխանությունները հիմնականում կենտրոնացած են մամուլի ազատությունը սահմանափակելու, Սահմանադրական դատարանի և ընդհանրապես դատական իշխանության վրա վերահսկողությունը մեծացնելու, ընդդիմադիրներին հետապնդելու վրա, իսկ պատերազմի ընթացքում և հետո Ադրբեջանին Հայաստանից ու Արցախից տարածքներ զիջելու վրա, որն էլ ավելի է վտանգավոր դարձնում կյանքը հայկական պետություններում։

Գևորգ Հովհաննիսյանի խոսքերով՝ կենսաթոշակառու սպաները և ենթասպաները, որոնք ոչ թե զինվորական կոմիսարիատների զորահամալրման ծառայության միջոցով էին մեկնել պատերազմի, այլ՝ կամավորական ջոկատներով, ըստ գործող կարգավորման տարեկան մեկ անգամ պետք է ներկայանային բանկ՝ ստորագրելու, որպեսզի իրենց կենսաթոշակը փոխանցվի քարտին այն հիմքով, որ իրենք Հայաստանի Հանրապետությունում են գտնվում։ «Գտնվելով ռազմական դրության մեջ, պատերազմական գործողությունների մասնակցության մեջ՝ տվյալ զինծառայողների կենսաթոշակները՝ կենսաթոշակառու զինծառայողների՝ բանկ չներկայանալու պատճառով, չեն փոխանցվել։ Կամավորական ջոկատներով մեկնած զինծառայողները, ըստ էության, չունենալով դրամական բավարարում, կանգնել են իրենց ընտանիքի գոյությունն ապահովելու և իրենց իսկ ստացած մարմնական վնասվածքների բուժման համար անհրաժեշտ դեղորայքի ձեռքբերման խնդրի առջև»,- մանրամասնեց պահեստազորի գնդապետը։

Հարցին, թե քանի հոգու մասով է ասում, Հովհաննիսյանը պատասխանեց, որ հիմնականում ինքը կապ է ունեցել Հայաստանի և Արցախի Հյուսիսային [պատերազմի ժամանակ Հայաստանի և Արցախի հյուսիսային հատվածի մարտադաշտ] թևի ստորաբաժանումների հետ։ «Ես հիմնականում կապված եմ եղել Քարվաճառի շրջանի, Վարդենիսի համալրումն իրականացնելու հետ։ Քանի որ ես ընդհանուր իշխանական լիազորություններ չունեմ՝ տիրապետելու կոնկրետ տվյալներին, որպես ԶՈւ ՊԶ միության նախագահ զանգահարել եմ ՀՀ Կենտրոնական բանկ, ներկայացրել եմ խնդիրը, ԿԲ հաճախորդների սպասարկման և նրանց շահերի պաշտպանության կենտրոնից ինձ հուշեցին, որ այդ հարցերով զբաղվում է Ֆինանսների նախարարության Սոցիալական քաղաքականության վարչությունը։ Զանգահարել եմ վարչություն, տեղեկացրել եմ իրավիճակի մասին։

Այնտեղից «մեծ ցավ» հայտնեցին, սակայն նշեցին, որ դա իրավական կանոնակարգմամբ իրականացվող գործընթաց է, և որևէ բան չեն կարող անել՝ իրավիճակը շտկելու համար։ Այսինքն՝ այն մարդիկ, որոնք իրենց ընտանիքն ու հանգիստ առօրյան թողել և գնացել են պաշտպանելու հայրենիքի սահմանները, օրենսդրության անկատարության, Ռազմական դրության ժամանակ համապատասխան օպերատիվ, արդյունավետ և նպատակային կարգավորման մեխանիզմների բացակայության պատճառով հայտնվել են այդ վիճակում։ Մեր՝ օրենսդրության ուսումնասիրությունները բերում են այն եզրակացությանը, որ թե՛ նախկին, թե՛ ներկայիս իշխանությունների կողմից, ըստ էության, անհրաժեշտ ու բավարար աշխատանքներ չեն կատարվել»,- շեշտեց իրավաբանը։

Ըստ Հովհաննիսյանի՝ ճանապարհ անցած, փորձված ու կրթված զինծառայողները շարունակում են ոչ լիարժեքորեն ընդգրկված լինել հանրային կառավարման համակարգում, մասնավորապես՝ տեղական ինքնակառավարման մարմիններում, իսկ հասարակություններն իրենց զարգացվածության մակարդակով ունեն շարժիչ սոցիալական խմբեր՝ ուսուցչական անձնակազմ, բուժանձնակազմ, զինծառայողների անձնակազմ և այլն։ «Մոդելային համակարգ դրված չէ։ Մինչդեռ ես կարևորում եմ ոլորտին քաջատեղյակ անձի ներկայությունը՝ սկսած ՏԻՄ-երից մինչև բարձրագույն իշխանության մարմիններ, քանի որ ունենք զինվորականների մեծ խավ, որ կարող է ներգրավված լինելով ավելի արդյունավետ, ավելի օպտիմալ, ավելի նպատակային կառավարման համակարգեր ստեղծել։ Համոզված եմ, որ իմ նշած նախորդ խնդիրը կլուծվեր, եթե կառավարման համակարգում մենք ունենայինք ներկայացուցիչներ։ Զինծառայողների մասով նաև շարունակվում է գրեթե չլուծված մնալ զինծառայողների բնակավորման համակարգային խնդիրը։ Նախորդ տարիներին հաշվառված պահեստային զինծառայողները կառավարության մոտ բողոքի ակցիաներ արեցին։ Անձամբ վարչապետը մի քանիսին դիմավորեց։ Մոտավորապես այսպիսի խոսք գնաց. «Եթե նույնիսկ դիմեք էլ դատարան, այս պահին բավարար ֆինանսական միջոցներ չկան»։ Ժամանակ տրվեց, ըստ էության, խնդիրը մասնակի լուծվեց»,- նշեց նա։

2019 թվականի առաջին կիսամյակում է «ֆինանսական միջոցներ չլինելու» պատասխանը հնչել։ Նշենք, որ այս երեք տարվա ընթացքում իշխանական շրջանակները 100 միլիոնավոր դոլարների հասնող պարգևավճարներ են ստացել։ 

Հովհաննիսյանն ասաց, որ 2013 թվականից հերթագրված է որպես բնակարանի կարիքավոր ու բազմազավակ ընտանիք ունեցող զինծառայող, և արդեն 8-րդ տարին է, բնակավորման խնդիրը լուծված չէ։ «Հայաստանում զինված ուժերի անձնակազմի համար քաղաքացիական բավարարումը համարվում է պետության ռազմավարական նշանակության ոլորտ։ Չէ՞որ զինծառայողի՝ բնակարանով ապահովված լինելը կարևոր գործոն է։ Այսինքն՝ երկարամյա կենսաթոշակի իրավունքով զորացրվում է և տարիներ շարունակ շարունակում է բնակվել վարձով՝ ունենալով 3 և ավելի անչափահաս երեխա։ Կարծում եմ, պետությունը մտածելու բան ունի»,- շեշտեց պահեստազորի գնդապետը։

Հարցին՝ «մոտավոր թիվ կարո՞ղ է ասել թե՛ փոխհատուցում չստացած կամավորականների մասով», պատասխանեց. «Վերջին պատերազմի ժամանակ մոբիլիզացիոն, զորահամալրման և այլ աշխատանքների վերաբերյալ ոչ միայն իմ, այլեւ շատ մասնագետների կողմից տրվել են շատ բացասական գնահատականներ, քանի որ, ըստ էության, կազմակերպվածություն չի եղել։ Ես կզարմանամ, որ կլինի մեկ իրավասու պաշտոնյա անձ, որը կկարողանա կոնկրետ թիվ ասել։ Քանի որ այդ հարցն իրավական կարգավորման ու արդիականության տեսանկյունից դուրս է մնացել։ Կոնկրետ Հյուսիսային թևի ստորաբաժանումների զինծառայողները շուրջ 20-ն են։ Այսինքն՝ որքան նման ստորաբաժանումներ եղել են, բազմապատկենք 20-ով, ահագին թիվ է ստացվում»։

Հետագա քայլերի մասով Հովհաննիսյանն ասաց, որ այն իշխանությունները, որոնք «կպայքարեն հայրենիքի համար ու հայրենիքի հենասյուն հանդիսացող զինծառայող դասակարգի համար, ես դրա կողմից եմ»։ «Ազգային-պետական համակարգում ես իմ անելիքը տեսնում եմ այն ուժերի հետ, ովքեր պատրաստ են զինծառայողների համար հարցեր լուծել։ Անձնական մակարդակով ու որպես միավորման ղեկավար՝ օրենսդրության սահմանված կարգով նախաձեռնել եմ օրենսդրական որոշակի փոփոխություններ։ Այն իշխանությունների առջև, որոնց նկատմամբ կունենամ վստահություն, կներկայացնեմ լուրջ ծրագիր, որը կենթադրի և՛ արտադրողական ուղղություններ ու հոսքագծեր, աշխատատեղերի ստեղծում, և՛ տվյալ համայնքում գրանցված զինծառայողների համար բնակարանային ապահովման խնդիրների լուծում։ Ես բավարար ու փաստարկված վստահություն չունեմ ներկայիս իշխանությունների նկատմամբ, որպեսզի այս ծրագիրը տամ իրենց»,- ընդգծեց Գևորգ Հովհաննիսյանը։

Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշեն համայնքի բնակիչ, Հայաստանի բազկամարտի բազմակի չեմպիոն, Բալթիկայի գավաթի, Համահայկական խաղերի հաղթող, պահեստազորի սերժանտ Ազատ Սրապյանը հասանելիք փոխհատուցումը դեռեւս չի ստացել, զինգրքույկում մարտական ուղին չի գրանցվել, նույնիսկ զորացրման մասին ծանուցում չի ուղարկել Պաշտպանության նախարարությունը։
Նոյեմբերի 2-ից մինչև 8-ը Սրապյանը որպես հետախույզ, դասակի հրամանատար մասնակցել էր Արցախի Մարտունի քաղաքի պաշտպանության մարտական գործողություններին՝ Ն զորամասի 8-րդ վաշտի զինվորների հետ միասին։ Պայմանագրային սերժանտի ու իր ջանքերով շրջափակումից դուրս էին բերվել ժամկետային զինծառայողներ։ «Հրապարակը» Ազատ Սրապյանի խնդրին անդրադարձել էր դեռևս դեկտեմբեր ամսին, բայց մինչ օրս էլ այն մնում է չլուծված։ Ամեն անգամ խնդիրը բարձրացնելիս զինկոմիսարիատից տեղեկացնում են, որ խնդիրը լուծման փուլում է։
Մեզ հետ զրույցում այսօր նա ասաց, որ դեռևս իրավիճակը նույնն է։

«Հրապարակը» նաև օրեր առաջ՝ փետրվարի 2-ին, հարցում էր ուղարկել Պաշտպանության նախարարություն՝ զինծառայողների կեցության վատ պայմանների վերաբերյալ։

«1․ Վերջերս համացանցում տարածվեց մի տեսանյութ, թե ինչ վատ պայմաններում են իրենց ծառայությունն 
իրականացնում հայ ժամկետային զինծառայողները։ Տեսանյութում նրանք բնակվում են վրանի մեջ, որը զրկված է պահմման անհրաժեշտ պայմաններից։ Ի՞նչ քայլեր են կատարվում ժամկետային զինծառայողների պայմանները բարելավելու ուղղությամբ։

2․ Ինչո՞ւ են զինծառայողները բնակվում այսպիսի ծայրահեղ վատ պայմաններում, ինչո՞ւ պետական ինստիտուտները չեն կատարում իրենց պարտականությունները։ Ինչի՞ վրա են ծախսվում բյուջեի միջոցները, այն դեպքում երբ զինվորներն այսպիսի պայմաններում են ծառայություն տանում», - հարցերն էինք ուղղել։
Փետրվարի 5-ին ի պատասխան մեր հարցմանը տեղեկացրել էին, որ «հարցման մեջ նշված տեղեկությունները տրամադրելու համար լրացուցիչ ուսումնասիրության անհրաժեշտություն կա: Ըստ այդմ` հարցման պատասխանը կտրամադրվի ՀՀ օրենսդրությամբ սահմանված ժամկետներում»։

Փաստորեն ՊՆ-ն այս հարցերի պատասխանների դեպքում ժամանակ է ձգձգում։ Մեր հարցումը վերաբերում էր այն խդնրին, որ պատերազմից հետո ողջ մնացած զինծառայողները քնում են վրաններում, կիսաքանդ շինություններում՝ կեցության ծայրահեղ վատ պայմաններում։ Նույնիսկ հունվարի 31-ին գյումրեցի զինծառայող Անդրանիկ Պողոսյանն էր իր ֆեյսբուքյան էջում ցույց տվել, թե ինչ վատ պայմաններում են իրենք ծառայությունն իրականացնում։ 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image