Բացի համավարակից Հայաստանում զբոսաշրջության ոլորտի վրա լուրջ բացասական ազդեցություն ունեցավ ավիատոմսերի գների բարձրացումը:
Ամեն տարի փետրվարի 23-ին Ծաղկաձորում բոլոր հյուրանոցները լեփ-լեցուն էին, հիմնական այցելուները Ռուսաստանից էին. «Այսօր Ծաղկաձորում գրեթե շարժ չկա. կան հյուրանոցներ, որոնք տրամադրվել են Արցախից եկած մեր հայրենակիցներին, մնացածը՝ դատարկություն է: Այս օրերին ունեինք 15 ամրագրում, որից 6-ը հրաժարվել են, քանի որ հետադարձ տոմսերը թանկ են եղել: Ոչ մի բանով պետությունը չի փորձում աջակցի տուրիզմի ոլորտին: Մի կողմից կորոնավիրուսը, պատերազմը, հիմա էլ տոմսերի գներն են թանկ են, անգամ ռուսները չեն գալիս»- ասում է զրուցակիցս:
Ծաղկաձորի «Նաիրի» հյուրանոցից մեզ ասացին, որ անգամ1 ամրագրում չի եղել, հյուրանոցը դատարկ է: Նույն պատկերն է գրեթե մյուս հյուրանոցներում:
«Դեպի Հայաստան ունենք 0 ամրագրում, իսկ Հայաստանից հիմնականում գնում են Եգիպտոս, մի փոքր էլ՝ Դուբայ: Այլ ուղղություններ բաց չեն: Մեկ էլ Մալդիվներ ունենք, բայց այնտեղ էլ թանկ է, չեն գնում: Ռուսատանից ավելի քիչ գալիս են, Հայաստանից ավելի շատ են գնում»,-մեզ հայտնեցին «ԱՆՌԻՎԱ-ՏՈՒՐ» տուրիստական գործակալությունից: Հարցին՝ որքա՞ն է մեկ տոմսի արժեքը. «Աստղաբաշխական թվեր են, 210հազար դրամ, օր կա 300 հազար դրամ»:
Սեւանի զբոսաշրջային կենտրոնի ղեկավար Դավիթ Թորոսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ 2020 թվականին զբոսաշրջության ոլորտում Սեւանում ունենցել են 0 ցուցանիշ. «Տարին դեռ նոր է սկսվում, ինձ թվում է, որ հունիսին կարատինը կավարտվի, ինչ որ քանակի դրական շարժ կունենք, բացառում եմ, որ կունենք 2019 թվականի ՀՀ մուտք գործած զբոսաշրջիկների քանակ, բայց լավ աշխատանքի դեպքում հնարավոր է գրանցել 2018 թվականի տենդենցը: Փետրվար, մարտ ամսին օդային սահմանի բացումը Ռուսատանի հետ՝ հուսանք կտա իր արդյունքը»: