Քաղաքականություն

Բիզնես հիմնե՞նք

Բիզնես հիմնե՞նք

Քանի որ 66-ամյակս արդեն լրացել է՝ որոշեցի պարզել, թե որքան իրական է իմ տարիքում բիզնես դնելը: Ինչը խորհուրդ էր տվել «իրական» Հայաստանի «մեծարգո», հա, չմոռանամ, նաև «հզոր» վարչապետ Փաշինյանը: Բայց պետք է հաշվի առնենք, որ, լինելով թոշակառու, չունեմ մոտիկ ընկեր կամ ազգական, որը պաշտոնյա լինելով՝ կհովանավորեր իմ գործը: Այսինքն, լինելու եմ ես, իմ հաճախորդն ու հարկային տեսուչը: Իսկ թե ինչ է նշանակում միայնակ լինել տեսուչի դեմ-դիմաց՝ գիտեն նրանք, ովքեր իրենց գործը սկսել են զրոյից: Քանի որ առևտուրն իմ բանը չէ՝ դրանով փորձել եմ զբաղվել տասնամյակներ առաջ, սակայն թարգել եմ՝ հասկանալով վերն ասվածը, սկսեցի մտածել, թե ուրիշ ինչ է հնարավոր անել: Անկեղծ ասած, ոչ մի խելքը գլխին բան չգտա, քանի որ կրթությունս տեխնիկական չէ: Որոշեցի դիմել Գուգլի օգնությանը՝ թե որքանով իրական կլինի նման պայմաններում բիզնես դնելը: Որոնումն ինձ նշված պայմանների առումով ոչինչ չտվեց, սակայն ընդհանուր առմամբ լայն տեղեկություն տրամադրեց:

Պարզվեց, որ, օրինակ, առկա չէ միասնական վիճակագրություն, թե որքան է կազմում նոր սկիզբ առնող բիզնեսի հաջողության մակարդակը: Այն տարբերվում է հիմնականում ըստ երկրի և ոլորտի՝ տատանվելով 10%-ից 70%-ի միջակայքում: Կա տարածաշրջանի և ժամանակաշրջանի գործոնների պահը ևս, բայց մտածեցի, որ դրանք իմ դեպքում էական չեն: Իմացա նաև, որ ըստ ինչ-ինչ ուսումնասիրությունների տվյալների, փոքր բիզնեսների մոտ 30%-ը հաջողությամբ գործում է առաջին 10 տարվա ընթացքում: Մինչդեռ, ըստ այլ տվյալների, այդ ընթացքում հաջող են գործել մոտ 70%-ը: Դե, արի ու իմացիր՝ քո հիմնադրած բիզնեսը կլինի հաջողակ 30, թե 70 տոկոսի, կամ էլ անհաջող՝ մնացած 30 տոկոսի շրջանակում: Պարզվեց, որ առկա է նաև մեդալի մյուս կողմը. ժամանակի ընթացքում զգալիորեն նվազում է հաջողության հասածների թիվը: Տվյալ հարցի վերաբերյալ ԱՄՆ-ում ստացված  վիճակագրական տվյալների համաձայն, 1 տարի անց գոյատևում է նորաստեղծ բիզնեսի մոտ 80, երկու տարի անց՝ մոտավորապես 70, իսկ 5 տարի անց՝ մոտ 50 տոկոսը: Իսկ 15 տարի անց մնում է ընդամենը մեկ քառորդը, բայց դա երևի ինձ նման թոշակառուներին դժվար թե հուզի:

Լավ, անցնենք առաջ: «Գուգլը»  նաև ներկայացրեց, թե որոնք են փոքր բիզնեսի հաջողության վրա ազդող հիմնական գործոնները: Ահա ցանկը՝ իմ փակագծային մեկնաբանություններով.

• Ձեռնարկատիրական փորձ. Բիզնես փորձ ունեցող ձեռնարկատերերն ունեն հաջողության ավելի բարձր հնարավորություն (վայմե՝ մեջս կանչեց երբեմնի թիֆլիսեցին):  

• Ֆինանսավորման հասանելիություն. Սկզբնական կապիտալի և կառավարության աջակցություն սատանալը կարող է մեծացնել գոյատևման և աճի հնարավորությունները (բնական է, որ թիվ չասվեց՝ այն ըստ ոլորտների տարբեր է, իսկ ինչ մնում է կառավարության աջակցությանը, ապա …):

• Բիզնես պլան. Հստակ բիզնես պլան ունենալը և շուկայի ըմբռնումը նույնպես կարևոր դեր են խաղում (իհարկե, առանց դրա չի լինի, բայց ո՞վ պետք է կազմի. կրկին ֆինանսի հարց է):

• Մրցակցություն. Արդյունաբերության մեջ մրցակցության մակարդակը նույնպես կարևոր գործոն է, քանի որ որոշ ոլորտներում հաջողության հնարավորությունն ավելի բարձր է, քան մյուսներում (սա ինչպես իմանաս՝ կրկին ֆինանսի հարց է):

Սակայն անհոգի ու անխիղճ արարածը դրանով չբավարարվեց և ներկայացրեց նաև, թե ինչն է օգնում փոքր բիզնեսին մնալու ջրի երեսին.

• Բազմազանություն. Ապրանքների և ծառայությունների տեսականու ընդլայնումը կարող է օգնել ներգրավելու ավելի շատ հաճախորդների: 

• Ակտիվություն. Նոր հաճախորդներ և գործընկերներ փնտրելը, առևտրային ցուցահանդեսներին և այլ միջոցառումներին մասնակցելը կարող է խթանել աճը:

• Ճկունություն. Շուկայի փոփոխություններին և հաճախորդների կարիքներին հարմարվելու ունակություն:

• Աջակցություն. Կառավարության, բիզնես ինկուբատորների և այլ կազմակերպությունների օգնությունը նույնպես կարող է օգնել։

Եվ վերջապես, «Գուգլը» խորհորդ տվեց նաև, թե ինչպես մեծացնել նորաստեղծ բիզնեսի հաջողության հնարավորությունները.

• Հետազոտե՛ք շուկան. Ուսումնասիրե՛ք ձեր մրցակիցներին և որոշե՛ք, թե շուկայական որ խորշն է մատչելի ձեզ համար։

• Մշակե՛ք բիզնես պլան (հասկացանք, այ մարդ, արդեն ասել ես). Ձեր նպատակների և ռազմավարության հստակ պատկերացումը կօգնի ձեզ մնալ ճիշտ ուղու վրա։

• Օգտագործե՛ք կառավարության աջակցությունը, տեղեկացե՛ք ձեր տարածքում գործող փոքր բիզնեսի աջակցության ծրագրերի մասին։

• Ստեղծե՛ք ուժեղ թիմ. Շրջապատեք ձեզ մարդկանցով, ովքեր կիսում են ձեր արժեքները և ունեն անհրաժեշտ հմտությունները։

Ընդամենը ասեմ, որ եթե մինչև «իրական» Հայաստանի «մեծարգո», հա, չմոռանամ, նաև «հզոր» վարչապետ Փաշինյանի հորդորը մեկ-մեկ մտածում էի բիզնես հիմնելու մասին, ապա այսքանն իմանալուց հետո հասկացա, որ դա վեր է իմ հնարավորություններից: Ու որոշեցի շարունակել հրապարակախոսությամբ զբաղվելը, քանի որ այն ինձ մոտ այնքան էլ վատ չի ստացվում:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image