Մշակույթ

Ոչ թե` որտեղ հաց, այնտեղ կաց, այլ՝ որտեղ հայրենիք, այնտեղ պատմություն եւ ապագա

Ոչ թե` որտեղ հաց, այնտեղ կաց, այլ՝ որտեղ հայրենիք, այնտեղ պատմություն եւ ապագա

Բրյուսովի անվան համալսարանի նախկին պրոռեկտոր Ցոլակ Ակոպյանը 2024-ը, ընդհանուր առմամբ, կրթական համակարգում ձախողումների տարի է համարում, ինչքան էլ որ իշխանությունն այս ոլորտում իրականացվող ցանկացած քայլ ներկայացնում է բարեփոխումների քողի ներքո։  

Հերթական «ձեռառնոցին»

Վերջին ամիսներին վարչապետի կնոջ սկսած անհասկանալի կրթարշավը` «Կրթվելը նորաձեւ է» խորագրի ներքո, Ց․ Ակոպյանի գնահատմամբ, իշխանությունների կողմից հերթական բացասական վերաբերմունքի դրսեւորումն է կրթության նկատմամբ. «Նախ՝ կրթությունը չի կարող նորաձեւ լինել, որովհետեւ, ինչպես գիտենք, նորաձեւությունը փոփոխական երեւույթ է, իսկ կրթվելը մշտապես պետք է լինի, ո՛չ նորաձեւ, ավելին՝ նախկինում, այսօր եւ թե ապագայում կրթությունն է լինելու այն հիմնական զենքը, որով պետությունները, հասարակություններն առաջ են գնալու: Եվ նմանատիպ վերաբերմունքը կրթական համակարգի նկատմամբ կարծես հերթական ձեռառնոցին լինի: Շատ ցավում եմ, որ մեր կրթական համակարգում, հատկապես ԵՊՀ-ն, որի շրջանակներից դուրս են եկել այնպիսի մարդիկ, որոնք գիտության, արվեստի, մշակույթի եւ մյուս բոլոր ոլորտներում իրենց կյանքը, գործը նվիրաբերել են հայրենիքին, պետություն են ստեղծել, եւ 1919-ին էլ, երբ համատարած աղետ էր Հայաստանում, մարդիկ ստեղծել են Երեւանի պետական համալսարանը։ Այսօր համալսարանի դասախոսը, դեկանը, ռեկտորը կրթվում եւ Մովսես Խորենացու «Ողբն» են լսում մի մարդուց, որը սեփական ընտանիքը, երեխաներին չի կարողանում դաստիարակել: Իրականում սա աղետ է մեզ համար ու հերթական վերաբերմունքն է, որ կրթությունը ոչ մի բան է: Ու երբ նայում ես բյուջեով կրթությանը տրվող գումարները, հասկանում ես, որ կրթությունը շարունակում է իշխանության համար փաստացիորեն՝ թվերով, լինել ոչ էական, ոչ կարեւոր, ինչի վառ ապացույցը բյուջեով նախատեսվող գումարներն են, որ հատկացվում են կրթությանը՝ իր բոլոր մակարդակներում»:

Հակակշիռ ծափ տվող մտավորականությանը

2024-ը, ըստ Ակոպյանի, աչքի ընկավ հերթական զավեշտով ու այնպիսի իրադարձություններով, որի ականատեսը եղանք սեպտեմբերին, երբ իր քաղաքական հայացքների համար դասախոսական մի խումբ ազատվեց բուհերից․ «Սրա մասին ցավով եմ խոսում, որովհետեւ դասախոսների մի մասն այդպես էլ ձայն չհանեց, չխոսեց, դատական ակտեր չտեսանք իրենց կողմից, իսկ սա խոսում է այն մասին, որ ինչպես մեր ողջ հասարակությունը, այնպես էլ մտավորականության մի հատվածը միայն խոսում է պատերի տակ ու ինչ-ինչ պատճառներից ելնելով՝ չի գնում ոչ մի գործողության, ինչն ինձ համար ցավալի է: Այս ամենի կողքին կան նաեւ մարդիկ, որոնք շարունակում են պայքարել, որոնք այս իշխանությունների վարած քաղաքականությունից, նրանց կողմից իրականացվող այս ահուսարսափի պայմաններում շարունակում են բարձրաձայնել, պայքարել թե՛ դատական ատյաններում, թե՛ տարբեր հարթակներում, ինչը ցույց է տալիս, որ հենց այս մտավորականությունն է հակակշիռ ստեղծելու` Աննա Հակոբյանին ու համալսարանում քծնանքով դիմավորող, ծափ տվող մտավորականությանը։ Եվ իրականում մի փոքր կայծ է պետք լինելու, որ իրենք եւս հասկանան, որ երկիր ենք կորցնում, եւ այս պայմաններում պետք չէ վազել պաշտոնների հետեւից»:

Թող ազատ խոսքի տարի լինի

«Այս տարին կրթության ոլորտում մի շարք բացթողումների տարի էր, որովհետեւ հերթական անգամ տեսնում ենք, որ իշխանությունը չի պատրաստվում նահանջել եւ պնդաճակատորեն շարունակում է առաջ տանել «Ակադեմիական քաղաքի» գաղափարը, շարունակում է վարել բուհերի միավորման այդ անհասկանալի քաղաքականությունը: Հուսով եմ, որ 2025-ին մեր հասարակությունը, մշակութային գործիչները, մտավորականությունն այն վարքագիծը չեն դրսեւորի, ինչ 2024-ին: Մեծ հաշվով, մեր այս իրականությունն ինչի՞ հետեւանք է, երբ դու չես կանգնում քո ընկերոջ կողքին, քո բուհից՝ աշխատանքից անհարկի ազատվող դասախոսի կողքին, այդ մոտեցումը վաղը ճիշտ նույն կերպով քո դեմ է գործելու: Ուզում եմ կրկնել, դիմել բոլոր այն մտավորականներին, որոնք բողոքում են պատերի տակ, իսկ նրանք շատ-շատ են եւ 80-90 տոկոսն են կազմում մեր կրթական համակարգի։ Նաեւ՝ խոսքս ուղղել մեր մանկավարժներին․ միայն պատերի տակ բողոքելով չեք հասնելու հաջողության: Գնալով` տարեցտարի մենք կկորցնենք մեր կրթական համակարգը, մեր բոլոր ձեռքբերումները, որ ունեցել ենք վերջին 100 տարում, միայն նրա համար, որ դուք լռություն եք պահպանում եւ չեք խոսում: 2025-ը թող ազատ խոսքի տարի լինի, որպեսզի ազատ խոսենք եւ կարողանանք մեր խնդիրները վեր հանել ու ազատ գործել»:

Ընդվզում, միանշանակ, լինելու է

Այն, որ այս տարի վարչապետը չթաքցրեց, որ բուհերի միավորման հետեւանքով բուհական շենքերը տրվելու են վարձակալության՝ միաժամանակ նկատելով, որ վատ բան չի տեսնում հյուրանոցներ ունենալու մեջ, Ց․ Ակոպյանն ասում է՝ այս միտքը, հետագայում նաեւ գործողությունը եթե այս տարի ընդվզում չառաջացրեց, ապա ինքը համոզված է, որ ապագայում ընդվզում, միանշանակ, լինելու է․ «Հիմա դա կլինի 2025-ին, թե ոչ, բայց լինելու է, չի կարող չլինել: Իսկ ինչ վերաբերում է վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի, նրա ընտանիքի անդամների կամ ազգային անվտանգության սպառնալիք համարվող եւ կրթության գերատեսչությունը ղեկավարող անձի ասածներին, ապա արդեն երկար ժամանակ է՝ լուրջ չեմ վերաբերվում ու չեմ ուզում շատ խորանալ իրենց ասածների մեջ, որովհետեւ մի մարդ, որը խոսում է «որտեղ հաց՝ այնտեղ կաց» խոսույթով, որի համար միայն նյութականն է կարեւոր, կամ երբ Հայոց պատմությունը փոխեցին Հայաստանի պատմությունով, ինչը, վստահ եմ, արվեց մեր հարեւանների պարտադրանքով, կամ՝ երբ նորմալ է դիտարկվում, որ կարելի է երկրի սահմանադրությունը փոխել արտաքին ճնշման արդյունքում, այս մարդու հետ նստել ու կրթական ոլորտը քննարկելն անիմաստ գործ է: Մեր հիմնական խնդիրը, որ պետք է լինի հենց այս պահից, մեր հոգեւոր դիմադրողականության բարձրացումն է, որպեսզի կարողանանք այս իշխանության նաեւ նյութական թեզերին դիմադրել: Թող 2025-ը մեզ համար լինի հոգեւոր զարթոնքի տարի, ոչ թե` որտեղ հաց, այնտեղ կաց, այլ՝ որտեղ հայրենիք, այնտեղ պատմություն եւ ապագա։ Այսօր թուրքական կապիտալը կարող է ընդամենը մի քանի ամսում խեղդել մեր ազգայինը, եւ գնալ նյութականի հետեւից՝ նշանակում է երկիրը տանել կործանման: Իսկ այսօրվա աշխարհում միայն ազգայինով կարող ես դիմադրել ու ապրել:

Աղետ է բերելու բարձրագույն կրթության ոլորտին

«Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենքի նախագիծն այս տարի մեծապես քննարկվեց ու քննադատվեց. «Նորից ասեմ, որ այդ օրենքում գուցե կան որոշակի դրական միտումներ, բայց այս օրենքում բացասականն այնքան շատ է, որ այդ օրենքի ընդունումն աղետ է բերելու բարձրագույն կրթության ոլորտին, քանի որ չենք ունենալու այս տեսքով ԳԱԱ, եւ կոչ եմ անում բոլոր գիտնականներին՝ խոսել դրա մասին, որովհետեւ վաղն իրենք աշխատանք չեն ունենալու: Այս օրենքն ընդունելու պարագայում մենք բուհեր չենք ունենալու մարզերում, իսկ մարզերում բուհեր չունենալը նշանակում է աշխատատեղերի կորուստ, երիտասարդության արտագաղթ, ինչն արդեն առնչվելու է ոչ միայն կրթության, այլեւ ազգային անվտանգության խնդիրներին: Մեր երկրում ցանկացած օրենսդրական փոփոխություն այնքան հանպատրաստից են իրականացնում, որ ցանկացած իրավական փաստաթուղթ՝ այս իշխանությունների կողմից ընդունված, կարճ ժամանակ հետո կա՛մ չի մտել ուժի մեջ, կա՛մ հետաձգվել է, ինչպես, օրինակ, տրանսպորտի թանկացման խնդիրը: Նույնը՝ կրթության ոլորտում։ Այս օրենսդրական փոփոխություններն այնքան հապճեպ են իրականացնում, որովհետեւ ամեն փոփոխություն իրենց համար նեղ անձնական շահերը սպասարկելու միջոց է հանդիսանում, ինչը, բնականաբար, բերում է օրենքի ոչ կատարյալ լինելու, նաեւ՝ տեղայնացման խնդրին: Ես կարծում եմ, որ 2025-ին էլ չի ստացվելու այս օրենքը վերջնական ընդունել, քանի որ շուրջ 10 տարի կլինի՝ այս օրենքն ընդունվում, ինչ-ինչ պատճառներից ելնելով հետ է ուղարկվում, ավելին` իմ կարծիքով, այս օրենքը նաեւ հակասահմանադրական է, եւ արժե, որ ընդդիմադիր ֆրակցիայի պատգամավորները մտածեն այս օրենքի սահմանադրականությունը ՍԴ-ում վիճարկելու մասին»:   

Մեզ այսօրվան հասցնող չարիքը հենց սա է

Անկախ նրանից, թե ինչ թվեր է ներկայացնում իշխանությունը՝ նշելով, որ 2025-ին զգալիորեն ավելացրել է մշակույթի բյուջեն, միեւնույն է, ըստ Ակոպյանի, դա չի ուղղվելու ազգայինի հանրահռչակմանը․ «Ո՞ր ոլորտներին է դա ուղղվելու, հաստատ՝ ազգայինին չի գնալու, գուցե՝ ժամանակակից արվեստին, իսկ մշակույթի մասին մտածողն այսօր պետք է մտածի, թե ինչու բոլոր միջազգային փառատոներից հայկական ֆիլմերը, որտեղ Արցախի մասին թեկուզ մի բառ հիշատակություն կա, դուրս են թողնվում: Ցավում եմ այն մշակութային, նաեւ՝ սպորտային գործիչների համար, որոնք կյանքում ամեն ինչի հասել են, բայց գնում եւ իշխանության ձեռքից վերցնում են պատվոգիր, մեդալ: Ու մեզ այսօրվան հասցնող չարիքը հենց սա է, եւ մարդիկ կարող են գնալ այնպիսի նախարարի ձեռքից մեդալ վերցնել, որը դպրոցներից հանում է «Արցախ» բառը, Տիգրան Մեծի ժամանակի քարտեզում ընդգրկում է Ադրբեջան պետությունը: Ու սպասել, որ այս մարդիկ լավ բան են անելու հայկական մշակույթի համար` հեքիաթի ժանրից է: Ուզում եմ հատկապես շնորհավորել այն մանկավարժների Ամանորը, որոնք այսօր շարունակում են սովորեցնել, որ Արցախը Հայաստան է»։ Ինչ վերաբերում է նրան, որ վերջին տարիներին իշխանությունը վերանայեց գիտնականների կամ ատեստավորված ուսուցիչների աշխատավարձը, ապա․ «Ընդհանրապես, ոչ միայն վերջին ամիսներին կրթության ոլորտում իրականացվող այս հերթական պոպուլիստական քայլերն ընտրություններին պատրաստվելու գործընթաց են, քանի որ ակնհայտ է, որ մտնում ենք նախընտրական փուլ։ Վերջին պոպուլիստական քայլն այն է, որ աշխատանքային օրը 8-ից 7 ժամ են ուզում դարձնել: Ակնհայտ է, չէ՞, որ սա մարդկանց խաբելու, հերթական անգամ նրանց ձայները կորզելու քաղաքականության արդյունք է»:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image