Հարցազրույց

«Հրապարակ»․ Կառուցապատողներն ինձ խնդրում են՝ հանկարծ հետքայլ չանեք

«Հրապարակ»․ Կառուցապատողներն ինձ խնդրում են՝ հանկարծ հետքայլ չանեք

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Գեւորգ Պապոյանը վերջերս նոր նախագիծ է հեղինակել, որով առաջարկում է, որ բանկը, որից քաղաքացին առաջնային շուկայից հիպոթեքային վարկով բնակարան է գնում, բնակարանի գնման իրավունքի համար վճարած գումարն ամբողջությամբ չտրամադրի կառուցապատողին, դրա 25 տոկոսը փոխանցի, մնացած 75-ը վճարի, երբ բնակարանը կառուցվի եւ հանձնվի սեփականատիրոջը։ Այս նախագիծը բուռն կրքեր է առաջացրել ինչպես կառուցապատողների շրջանում, այնպես էլ ՔՊ թիմի ներսում։ Ոլորտի պատասխանատուները կարծում են, որ այդպիսով փոքր եւ միջին կառուցապատողները դուրս կմղվեն ոլորտից, դաշտը կմոնոպոլացվի: Քննարկումների ժամանակ ՔՊ-ականներն էլ են մերժել նախագծի այս տարբերակը, եւ առաջին ընթերցում անցած նախագիծն առժամանակ սառեցվել է։ Ի՞նչ ճակատագիր է սպասվում նախագծին, եւ արդյոք այն օրենքի տեսք կստանա՞։ Զրուցել ենք հեղինակի՝ Գեւորգ Պապոյանի հետ։

- Նախ նշեմ, որ հիմա այնպիսի տարբերակ եմ իմ նախաձեռնությամբ առաջարկել, որ ե՛ւ բանկերից, ե՛ւ կառուցապատողներից շնորհակալական նամակներ եմ ստանում, որոնք ուղարկել են իմ պաշտոնական մեյլի վրա։ Բոլորը գոհ են նախագծից եւ համարում են, որ, այո, այն պետք էր, եւ դրանով մենք պաշտպանում ենք սպառողների իրավունքները, իսկ բիզնեսը զերծ ենք պահում ռիսկերից։ Մեր խմբակցության պատգամավորների մի մասը եւս ինձ հետ քննարկումների ընթացքում համոզվել է այս գաղափարի ճշմարտացիության մեջ։ Կարծում եմ՝ եւս 1-2 քննարկումներ կունենանք եւ վերջնական որոշում կկայացնենք։ Կան գործընկերներ, որոնք համարում են, որ ավելի խիստ լուծումներ պետք է լինեն, քան ես եմ առաջարկում, կան նաեւ այնպիսիք, որոնք մի քիչ ավելի մեղմ տարբերակին են կողմ։ Շեշտեմ, որ ոչ մի կառուցապատող կամ բան, չի մերժել իմ առաջարկած գաղափարը, խնդիրն ընդամենը տոկոսային հարաբերակցության մասին է, լինի 40, 50, թե 60։ Այս նախագծով մենք ուզում ենք, որ երբ ՀՀ քաղաքացին գնում եւ բնակարանի գնման իրավունք է ձեռք բերում, որը ոչ այլ ինչ է, քան ընդամենը խոստում, բայց դրա դիմաց վճարում է միլիոններ, երաշխիքներ ստանա, որ այդ բնակարանն ինքը կունենա։ Մեր հաշվարկները ցույց են տվել, որ բնակարանի համար վճարված 50 տոկոս գումարն է ընդամենը ծախսվում, 50 տոկոսը կա՛մ հարկեր են, կա՛մ շահույթ․ սա ասում են կառուցապատողները։ Մի մասն ավելի մեծ թիվ է ասում՝ հարկերի ու շահույթի մասով, մեկը նույնիսկ 65 տոկոս ասաց, բայց ամենաքիչ թիվը 50 տոկոսն է։ Ես ասում եմ՝ հարկերն ու շահույթը թող կառուցապատողը ստանա այն ժամանակ, երբ մարդուն կտաք իր տունը։

- Ի սկզբանե Դուք առաջարկել եք՝ 25 տոկոսը փոխանցել կառուցապատողին, 75-ը՝ սառեցնել բանկում, մինչեւ ավարտին կհասցվի. թերեւս դրա պատճառով էր բունտ հասունացել։

- Այո, սկզբում այդքան էր, որը մեր գնահատականների հիման վրա էր, որովհետեւ շատերն են այդպես գնահատում, որ շահույթն իրականում ավելի մեծ է, քան 50 տոկոսը բնակարանի համար վճարված գումարի։ Բացի այդ, մենք պետք է հաշվի առնենք, որ եթե մարդն ուզում է բազմաբնակարան համալիր կառուցել, պիտի մի քիչ էլ կապիտալ ունենա, ինչպե՞ս կարող է կառուցապատողը գումար չունենա՝ գոնե 10 տոկոս, ու շինարարություն սկսի։ Սա աբսուրդ է, անվտանգության հարց է, այդ պարագայում չի կարելի կառուցվող շենքի անվտանգությանը, որակին վստահել։

- Ասում են` նման նախագծով հնարավոր է շինարարությունը թանկանա։

- Որեւէ կերպ չի թանկանա, բացատրեմ՝ ինչու, կառուցապատողների կարծիքով, անգամ հնարավոր է՝ իջնի։ Շինարարներից մեկն ասաց, որ ինքն օրական մեկ բնակարան է վաճառում, որի գումարն ուղղում է շինհրապարակ։ Բայց այս դեպքում ինքն ամսական ստիպված է լինելու ոչ թե 30, այլ գուցե 35 բնակարան վաճառել, իսկ այդ դեպքում հնարավոր է գներն իջեցնի։ Այսինքն՝ այս նախագծի արդյունքում շուկայում մեծ մասը գինը չի իջեցնի, որովհետեւ, այսպես թե այնպես, այս պայմաններով են աշխատել, իրենց գումարները 50-70 տոկոս սառեցված են գնման ժամանակ։ Նշեմ, որ կառուցապատողներին տրամադրվող վարկերն այսօր 7-8 տոկոս են, բայց այն գումարը, որ սառում է իրենց հաշվին, դրա համար իրենց տալու են 4-5 տոկոս ավանդ, ու ստացվում է, որ իրականում այդ վարկն իրենց վրա 3 տոկոս է նստելու, իսկ շինարարության մեջ նման տոկոս վարկը չի կարող թանկացման բերել։ Եվ երրորդ՝ ինքը ստիպված է լինելու նոր ինվեստորներ գրավել, ինչը եւս առողջ բան է։
Այս օրենքի դեպքում նաեւ շինարարության տեմպերը կարագանան։ Մենք հիմա շատ ենք բախվում, երբ մարդուն ասում են` իքս թվականին կտանք բնակարանդ, բայց մի քանի տարի ուշ են հանձնում։ Երբ կառուցապատողն ունենում է գումարի 100 տոկոսի հասանելիություն, ի՞նչ է անում, մենք ասացինք, չէ՞, որ ընդամենը 50 տոկոսն է ծախսում կառուցման վրա, իսկ մյուս 50 տոկոսը դնում է այլ՝ կողքի բիզնեսի, շինարարության մեջ եւ սկսում է ամբողջ ուժերը կենտրոնացնել ոչ թե մի շենքի, այլ 2, 3 շենքերի վրա, ու այդպիսով ժամկետները երկարում են։
Մենք շինարարներին չենք մեղադրում, որ իրենք պարտադիր չեն սարքելու, եւ մենք կասկածում ենք իրենց, մենք շուկան ենք ուզում պաշտպանել, որ մի հիմարի գցած քարը մյուսների վրա չազդի։ Կառուցապատողները, ահա, այս պատճառով է, որ շահագրգիռ են նման օրենք ընդունելու, եւ երեկ եկել էին ինձ մոտ ու խնդրում էին՝ հանկարծ հետքայլ չանեք, անպայման կընդունեք։

- Ձեր կուսակիցներից ոմանք մասնավոր զրույցներում ասում էին, որ Ձեր նախնական տարբերակը ոլորտը տանելու էր խոշորացման, մենաշնորհ էր ձեւավորելու։

- Շինարարություն անելու համար պետք է ունենալ կապիտալ, պետությունը երբ ասֆալտ է սարքում, գումարի 30 տոկոսը սառեցնում է, որպեսզի վստահ լինի, որ կկառուցեն, որեւէ մեկի մտքով չի անցնի, որ կխաբի։ Հիմա հարց է ծագում՝ ինչո՞ւ է պետությունն իրեն ապահովագրում, իսկ քաղաքացիներին՝ ոչ։ 90-ականներին կային բազմաթիվ բանկեր, ամեն օր մի բանկ էր փակվում, հետո կառավարությունը ռեգուլյատորներ մտցրեց, եւ մենք 20 տարուց ավելի է՝ չունենք փակվող բանկ։ Այո, անառողջ մի քանի կազմակերպություն, որոնց նպատակը ոչ թե բիզնես անելն է, այլ սպառողներին խաբելը, թռնելը, գուցե դուրս մղվեն, հիմա մենք փորձում ենք այս օրինագծով կանխել։

- Այնուամենայնիվ, կարո՞ղ ենք արձանագրել, որ Ձեր նախնական տարբերակը չընդունվեց, քանի որ այն ընկալելի չէր նախ ձեր թիմում, եւ քննարկումների արդյունքում 50/50 տարբերակի վրա եք կանգ առել։

- Երբ ես խոսել եմ 25/75-ի մասին, նախագիծը ներկայացնելիս ասել եմ, որ սա մի քիչ մաքսիմալիստական է, քննարկումների արդյունքում տարբեր տարբերակներ ենք քննարկել եւ եկել ենք, այո, 50/50 տարբերակին: Խոստովանեմ, որ մի քանի կառուցապատող կա, որ ռիսկային գոտում են, դրա համար կոշտ միջոցների չենք գնում։ Նախագիծն օրակարգում է եւ պետք է օրակարգ գա սեպտեմբերին, թեպետ մի քանի բանկից խնդրում են արագացնել եւ պատճառաբանում են, որ գործընկեր բիզնեսմենները սպասում են՝ ինչ որոշում կընդունեք, ըստ այդմ` վարկային պայմանագրեր կկնքեն։

- Խոսվում է, որ օրենքին որոշել եք հետադարձ ուժ տալ։

- Ոչ, չի ունենալու։ Օրենքը կարող է կիրառվել 2 տարբերակով՝ կա՛մ այս պահից, կա՛մ ինչ-որ պահից հետո գործող իրավապայմանագրային հարաբերությունների համար: Այսինքն՝ ովքեր մինչ այս պահն ունեն հիպոթեքային պայմանագրեր, իրենց վրա չի ազդելու, եւ կա առաջարկ, որ դա տարածենք գործո՞ղ շինթույլտվությունների, իրավապայմանագրային հարաբերությունների վրա, թե՞ նոր շինթույլտվությունների․ այս հարցը դեռ պետք է քննարկել։ Ես 2 տարբերակն էլ կարող եմ ընդունել, բայց մի նկատառում` եթե գործողների վրա չտարածենք, ռիսկերը կրկին կմնան անկառավարելի։
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image