Ադրբեջանն ամենաբարձր մակարդակով շարունակում է խրախուսել Հայաստանի տարածքները յուրացնելու քաղաքականությունը։ Նախօրեին հայտնի դարձավ, որ Ադրբեջանի խորհրդարանում ստեղծվել է «Արեւմտյան Ադրբեջան» վերադառնալու նախաձեռնող խումբ։ Առաջարկն Ադրբեջանի մեջլիսում արել է, այսպես կոչված, «Արեւմտյան Ադրբեջանի համայնքը», եւ այն, իհարկե, ընդունվել է:
Իսկ ավելի վաղ՝ դեռ մայիսի 1-ին, Ադրբեջանում բացվել էր «Արեւմտյան Ադրբեջան հեռուստատեսության» շենքը։ Ադրբեջանում «Արեւմտյան Ադրբեջան» ասելով նկատի ունեն ներկայիս Հայաստանի ամբողջ տարածքը։ Այս մասին բացման արարողության ժամանակ հայտարարել էր, այսպես կոչված, «Արեւմտյան Ադրբեջանի համայնքի» վարչության նախագահ, պատգամավոր Ազիզ Ալեքբերլին՝ նշելով, թե հեռուստաալիքը «հետապնդում է վեր հանել հայրենի հողերից վերջին 200 տարիներին ադրբեջանցիների տեղահանման եւ Արեւմտյան Ադրբեջանում ադրբեջանական ժառանգության ոչնչացման մասին ճշմարտությունը»։ Հեռուստաալիքն ակտիվորեն պաշտպանելու է «բնիկ հողեր ադրբեջանցիների խաղաղ եւ անվտանգ վերադարձի ապահովմանն ուղղված ջանքերը»։ Բաքուն շարունակում է ինստիտուցիոնալ մակարդակում հետապնդել այդ մտացածին գաղափարը, պատրաստվում է «մեծ գաղթին», մտադիր է Հայաստանում բնակեցնել շուրջ 600 հազար ադրբեջանցիներ ու այդ ուղղությամբ կոնկրետ քայլեր է անում, որին Փաշինյանի իշխանությունը ոչինչ չի հակադրում, ու, ինչպես Ալիեւն էր ասում, իրենք ոչ թե զենքով, այլ մեքենաներով, քայլելով են վերցնելու Հայաստանը։
Այս հեռանկարը եւ կեղծ փախստականների վերաբնակեցման հնարավոր իրականացումը մասնագետները ոչ թե սպառնալիք, այլ ուղղակի աղետ են համարում Հայաստանի համար։ ԵՊՀ Հայոց պատմության ամբիոնի դոցենտ, պատմական գիտությունների թեկնածու Միքայել Մալխասյանը, նախ, այսպես կոչված, ադրբեջանցի «փախստականների» թվին է անդրադառնում՝ շեշտելով, որ դա մտացածին է։ Այդ թիվը Բաքուն օգտագործել է արցախյան հիմնախնդիրն իր օգտին բեկելու համար, իբրեւ թե նախկին ԼՂԻՄ-ի եւ ազատագրված տարածքներից ու Հայաստանի Հանրապետությունից հեռացած ադրբեջանցիների քանակն այդքան է եղել։
«Մինչեւ 620 հազար հասցնում էին, դա անհեթեթություն է, որովհետեւ, եթե մենք կոնկրետ Խորհրդային Հայաստանի տարածքից ենք խոսում, ադրբեջանցիների տեսակարար կշիռը եւ բացարձակ ցուցանիշն առավելագույն շեմին հասել է 1979 թվականին՝ 160 հազար մարդ, որը բնակչության 5 տոկոսից մի փոքր ավելի էր, եւ եթե իրենք թվաքանակից են խոսում, ապա միակ մեկնակետը կարող է լինել դա, բայց, օրինակ, 1989թ․ մարդահամարի տվյալներով՝ այդ թիվը բավականին իջել էր` 84 հազարից մի փոքր ավելի, բայց սրա մասին խոսելն էլ անհեթեթություն է, որովհետեւ պետք է ֆիքսենք երկու շատ կարեւոր փաստ․ միայն կոնֆլիկտի զոնայից դուրս տարածքում՝ ԼՂԻՄ տարածքից եւ ազատագրված տարածքից դուրս տարածքում ԽՍՀՄ փլուզման նախօրյակին Ադրբեջանում ապրում էր 380 հազար հայ։ Սա՝ միայն խորհրդային մարդահամարի պաշտոնական տվյալներով։ Միայն Բաքվում 250 հազարից ավելի հայ կար, հիմա ո՞վ է խոսում սրա մասին։ Երկրորդ կարեւոր հանգամանքն այն է, որ, ի տարբերություն Ադրբեջանից բռնագաղթած հայերի, Խորհրդային Հայաստանից հեռացած ադրբեջանցիներին տրվել է ամեն ինչ՝ իրենք այստեղից տարել են իրենց գույքը, անվտանգ հեռացել են»,- բացատրում է մասնագետը։
Միքայել Մալխասյանի խոսքով, հիմա, երբ Ադրբեջանը կարողացավ զավթել Արցախը, փորձում է այդ օրակարգը Հայաստանի վրա տարածել։ Պատմաբանը հիշում է՝ տարիներ առաջ, երբ, այսպես կոչված, ադրբեջանցի փախստականների հարցը որեւէ կերպ շոշափվում էր, դեռ այն ժամանակ էր ինքը` որպես մասնագետ շեշտում, որ այդ օրակարգի մեջ պետք չէ մտնել։ Մալխասյանն ասում է՝ սա ժողովրդագրական պատերազմ է, պատերազմ` ոչ թե հրանոթներով, այլ՝ ժողովրդագրական գործիքով, հակառակորդի հաջողության պայմաններում Հայաստանն ուղղակի գոյություն չի ունենա։
«Տարիներ առաջ մարդիկ ծիծաղով էին վերաբերվում, երբ մենք խոսում էինք, այսպես կոչված, Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի նկրտումների մասին, երբ նրանք վտարանդի կառավարություն էին պահում, ֆուտբոլային ակումբ էին բացել, հիմա ստացվեց, որ դա իրենք քաղաքական օրակարգի մաս էին դարձրել եւ ռեալիզացնում էին՝ կազմակերպում էին հանդիպումներ եվրոպական երկրների դեսպանների հետ եւ այլն, ու աստիճանաբար դա առաջ տարան եւ հիմա նույն սցենարը փորձում են իրականացնել Հայաստանի տարածքի նկատմամբ»,- շարունակում է մեր զրուցակիցը՝ շեշտելով, որ Ադրբեջանի համար այդ կեղծ` «Արեւմտյան Ադրբեջանի» օրակարգը միակը չէ, նրանք արդեն «Հյուսիսային Ադրբեջան» անվանումով գրքեր են թողարկում ու հավակնություններ են ներկայացնում Վրաստանին։
«Եթե Ադրբեջանին հաջողվի շարունակել նոր զիջումներ կորզել Հայաստանից, իրենք կա՛մ ստանալու են նոր տարածքներ, կա՛մ ազդեցություն, այսպես ասած, կես օրակարգով՝ Հայաստանի տարածքում փորձել էքստերիտորիալ իրավունքի հարցեր մեջտեղ բերել, որ իրենք հնարավորություն ունենան ՀՀ տարածքում վերահսկողական ֆունկցիա իրականացնել։ Նրանք խոսում են միջանցքից, այսպես կոչված՝ էքսկլավներից, եւ դրա մի մասն է կազմում հենց ժողովրդագրական պատերազմը»,-ահազանգում է պատմաբանը։
Անդրադառնալով Հայաստանի եւ Ադրբեջանի ժողովրդագրական պատկերին՝ մասնագետն արձանագրում է․ մեր ցուցանիշները բարվոք չեն, բայց պատկերը վերջին տարիներին նաեւ Ադրբեջանում է վատթարանում, այդ թվում՝ կնոջ պտղաբերության գործակիցը։ «Մեծ հաշվով, Ադրբեջանը կորցրել է այն պոտենցիալը, որով կարող էր տարածքներ յուրացնել այնպես, ինչպես մենք կարող էինք պատկերացնել, օրինակ, 10 տարի առաջ։ Դրա վառ օրինակն Արցախն է, որը նա չի կարողանում յուրացնել, բայց հասնում է նրան, որ տարածքը կորցնում է հայկականության դիմագիծը, եւ դա մեր ամենամեծ պարտությունն է»,- ընդգծում է Միքայել Մալխասյանը։
Նրա խոսքով՝ ցանկացած տարածքում, որտեղ կարող է լինել ադրբեջանական ներկայություն, էլ չենք խոսում իշխանության մասին, հայ բնակչությունը կհեռանա, ինչն ուղղակի կատաստրոֆիկ հետեւանք կարող է ունենալ տվյալ տարածքի համար։
Մալխասյանը պատահական չի համարում, որ այսօր հանրակրթության պետական չափորոշչի հիմնական հասկացություններից մեկը հռչակվել է համակեցությունը, որը, դպրոցից սկսած, քարոզում են։ Հարց է առաջանում, թե ում են քարոզում այդ համակեցությունը, երբ առանց այդ չափորոշիչների էլ մենք մեր երկրում խաղաղ համակեցություն ենք ունեցել հույների, ասորիների, ռուսների, հրեաների հետ, եւ որեւէ խնդիր չի եղել։
«Հիմա ժողովուրդների բարեկամության, եղբայրության լոզունգների տակ դա առաջ կտանեն, եւ եթե մենք պատկերացնում ենք սցենար, որտեղ ադրբեջանցիների ներկայություն կարող է լինել, դա նշանակելու է, որ պարտվում ենք միանգամից, այսինքն՝ մենք ոչ թե պետք է նստենք ու խորհրդային տարիների տրամաբանությամբ հաշվարկ կատարենք, թե մեր աճն այսքան է, իրենցը` այնքան, այլ ի սկզբանե այդ սցենարը պետք է բացառել, քանի որ դրանով հարցականի տակ է դրվում Հայաստանի՝ որպես հայերի բնակության արեալի հետագա գոյությունը, եւ սա մարտահրավեր էլ չէ, սա սպառնալիք է»,-բացատրում է պատմաբանը։
Հայաստանի այն մարզերում, որտեղ Ադրբեջանը հավակնություններ ունի՝ Սյունիք, Տավուշ, Արարատ, Գեղարքունիք, պատկերը հետեւյալն է՝ ծնելիության մակարդակը բավականին ցածր է Սյունիքի եւ Տավուշի մարզերում, համեմատաբար բարձր է Արարատի մարզում, իսկ Գեղարքունիքը, այս երկու խմբերի հետ համեմատած, միջանկյալ դիրքում է։ Մալխասյանի խոսքով՝ եթե դիտարկենք ընդհանուր միջինացված ցուցանիշները, կայուն, դանդաղ բնական աճ ունենք, ինչը դրսեւորվում է վերջին հետքովիդյան տարիներին։ «2022 թվականին մոտ 9 հազար 600-ի չափ դրական բալանս ենք ունեցել, իսկ 2023-ին 11 հազարի շեմն ենք անցել եւ մոտեցել 12 հազարից մի փոքր ավելիի, ինչն ամենեւին մեծ ցուցանիշ չէ, ինչպես հասկանում եք, սա ամբողջ հանրապետության ցուցանիշն է, բայց հատկապես Ձեր նշած մարզերից Տավուշը եւ Սյունիքը խնդիր ունեն, աճի տեմպերը շատ ցածր են, դրան նախորդած երկու տարիներին նույնիսկ ամիսներ են եղել, երբ բալանսը եղել է բացասական, այսինքն՝ բնական նվազում է եղել 2020-ին եւ 2021-ի ընթացքի մեծ մասում։ Հատկապես Տավուշի մարզում պատկերը լավը չի եղել, եւ մնացորդը բացասական է եղել»,- «Հրապարակ»-ին ասում է Միքայել Մալխասյանը՝ հավելելով, որ 2020-ը Հայաստանը բացասական հաշվեկշռով է փակել՝ պայմանավորված մի կողմից կորոնավիրուսի հետեւանքով մահացությունների հետ, մյուս կողմից՝ 44-օրյա պատերազմի զոհերի։ Միայն երկու տարի հետո, Մալխասյանի խոսքով, իշխանությունները պաշտոնապես ընդունեցին, որ հաշվեկշիռը բացասական է եղել։ Սրան գումարվում է նաեւ միգրացիոն հաշվեկշիռը, որը հատկապես սահմանամերձ բնակավայրերում տխուր պատկեր ունի։ Օրինակ, Սյունիքի մարզում 2021 թվականին հաշվառումից դուրս գալու ցուցանիշներն են շատ մեծ եղել․ «Հաշվառումից դուրս գալու եւ հաշվառման մեջ մտնելու տարբերությունն այդ ժամանակվա` 130 հազարից մի փոքր ավելի բնակչության պայմաններում տարեկան կտրվածքով -1400-ից ավելի էր, այսինքն՝ սա նշանակում է, որ այսքան մարդ իր ապագան այլեւս մարզի հետ չէր կապում։ Նման խնդիրներ կան, որոնք պետք է հաշվի առնել քաղաքական որոշումներ կայացնելիս»,- շեշտում է մասնագետը։
Ինչ վերաբերում է Ադրբեջանին, այնտեղ կնոջ պտղաբերության գործակիցն այնքան է նվազել, որ ՀՀ համապատասխան ցուցանիշից ներկայում ցածր է, բայց ընթացիկ բնական աճի տեմպերը բարձր են, ու մեծ է նաեւ բացարձակ թվով։ «Անցած տարի եթե ՀՀ բնակչության թիվը մոտ 12 հազարով է ավելացել, Ադրբեջանի դեպքում ավելացել է 52 հազարով, այսինքն՝ տոկոսային առումով, որպես բնական աճ, ցածր ցուցանիշ է, մոտավորապես կես տոկոս, բայց քանակով մոտ 4,5 անգամ ավելին է, քան Հայաստանի աճը։ Այս ցուցանիշները պետք է իմանալ եւ հասկանալ, թե ինչ է տեղի ունենում այդ երկրում, եւ այս ամենը մեզ ուր կարող է տանել»,- ասում է Միքայել Մալխասյանը՝ եւս մեկ անգամ շեշտելով, որ Ադրբեջանը 650 հազար մարդ չի կարող բնակեցնել Հայաստանում՝ իր քաղաքական նպատակներն իրականացնելու համար, բայց հաստատ տասնյակ հազարներ կգտնի, որոնք պատրաստ կլինեն գումարի դիմաց քաղաքական պրոյեկտի մաս դառնալ, ինչը չափազանց վտանգավոր է Հայաստանի Հանրապետության ապագայի համար։
«Դե, մարդ են, թող ապրեն» ասողները, ինչպես նկատում է մեր զրուցակիցը, բացարձակապես չեն պատկերացնում, թե ինչ սպառնալիքի առաջ ենք կանգնելու, եթե հանկարծ վերաբնակեցման հարցը գործնականում օրակարգ մտնի։