Հարցազրույց

«Հրապարակ». 2021 թվականին ժողովուրդն ընտրել է մեզ հենց այս ապագայի համար 

«Հրապարակ». 2021 թվականին ժողովուրդն ընտրել է մեզ հենց այս ապագայի համար 

Հարցազրույց ՔՊ-ական պատգամավոր Կարեն Սարուխանյանի հետ

- Օգոստոսի 8-ից հետո բոլոր իշխանականներդ Փաշինյանի գլխավորությամբ հայտարարում եք, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ այլեւս խաղաղություն է հաստատված, որ մենք բոլորովին ուրիշ Հայաստանում ենք ապրում, բայց վաշինգտոնյան համաձայնագրի ստորագրումից ընդամենը օրեր անց Ալիեւը չզսպեց իր ռազմատենչ հայտարարությունները, ի տարբերություն մեզ` իրենք զինվում են, մի քանի օր առաջ էլ Շանհայում Ալիեւի հետ շփումներից հետո Փաշինյանը հայտարարեց, որ Ալիեւի բառապաշարը չի համապատասխանում վաշինգտոնյան համաձայնությունների խոսույթին։ Կարո՞ղ ենք փաստել, որ Ձեր բերած խաղաղությունը շատ կարճ տեւեց, եթե չասենք, որ ոչ մի խաղաղություն էլ թղթով չեն բերում։

- Ոչ, չենք կարող ասել, կարող ենք ասել՝ խաղաղությունը հիմա է, եւ այն երկար է տեւելու, որովհետեւ մենք խոսում ենք դե յուրե ստորագրված փաստաթղթի տրամաբանության մասին՝ Վաշինգտոնում ստորագրված փաստաթուղթը նկատի ունեմ։ Թե հիմա Ալիեւն ինչ է ասել, իր ասածը չի մտնում այդ՝ իր իսկ կողմից ստորագրված փաստաթղթի տրամաբանության մեջ, որովհետեւ բառերը, որ ասվել են Ալիեւի կողմից, այդպիսի բառեր իրականում վաշինգտոնյան փաստաթղթի մեջ չկան։

- Ստացվում է, որ Ալիեւին պարտադրե՞լ են, որ նա ինչ-որ թուղթ ստորագրի, ու այդ պատճառով էլ հիմա այլ հայտարարություն է անում։

- Ես չեմ կարծում, որ նման բան կարող է լինել, որովհետեւ, գիտեք՝ ինչ միջավայրում է դա ստորագրվել, ամենայն հավանականությամբ, Ալիեւը նման արտահայտություններ ասում է իր ներքին լսարանի համար։

- Եթե այդպես է, ուրեմն ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանն արձագանքում ներքին լսարանի համար ասված հայտարարություններին, կասկածներ հայտնում, թե Ալիեւը խաղաղություն է ուզում։

- Դե, որովհետեւ մեր ընդդիմությունը շատ է սիրում Ալիեւի ամեն մի ասածը մեկնաբանել, այստեղ լոզունգ դարձնել, որպեսզի մեր հանրության մեջ մտցնի, որ դա չէ իրականությունը, եւ, ամենայն հավանականությամբ, վարչապետն այդ տրամաբանության մեջ է արձագանքել։

- Սա այն դեպքն է, երբ Նիկոլ Փաշինյանի եւ ընդդիմության մտահոգությունները համընկնում են, ընդդիմությունն էլ է կասկածում, թե Ալիեւը խաղաղության կողմնակից է։

- Ոչ, վարչապետն այդ ամենն ասում է այն տրամաբանության մեջ, որ մենք ունենք դե յուրե ստորագրված փաստաթուղթ, եւ Ալիեւը թե ինչի համար է ասում ՝ ներքին լսարանի, թե այլ բանի, համենայնդեպս, այս պահին խաղաղություն է, խաղաղություն է տիրում, եւ երբեւէ նման խաղաղ իրավիճակ չենք ունեցել։

- Չենք ունեցել, որովհետեւ, ինչպես ձեր ընդդիմախոսներն են ասում, ինչ ուզում է Ալիեւը, առանց պատերազմի էլ ստանում է, ուզեց Տավուշի տարածքները` ստացավ, Ջերմուկի, Սեւ լճի եւ ՀՀ այլ սուվերեն տարածքներ է մինչ օրս օկուպացրած պահում, եթե խաղաղություն է ուզում, ինչո՞ւ է զավթել ու չի վերադարձնում։

- Ի՞նչ ենք տալիս, ընդդիմադիրները զառանցանքի մեջ են, որ նման հայտարարություններ են անում։ Ստորագրված փաստաթղթերում հստակ գրված է, թե ինչ է լինելու, մենք այնտեղ ինչ-որ բան տալի՞ս ենք, չի կարելի սեւով սպիտակի վրա գրված փաստաթուղթը մեկնաբանել զառանցանքների մակարդակում։

- Ես նշեցի, թե խոսքն ինչի մասին է, եւ առաջիկայում էլ կարծես որոշ տարածքներ պետք է տրվեն ըստ այդ փաստաթղթի։

- Սահմանազատումը կհասնի այդտեղ, կլինի եւ, հետեւաբար․․․ մենք տեսանք՝ Կիրանցում ինչ կատարվեց, կլինի այդ գործընթացը, եւ որ տարածքը ՀՀ սահմանն է, հստակ կընդգծվի, որ դա մեր տարածքն է, եթե առաջխաղացում կա, միանշանակ հետ կգնան, 29 743 ք/կմ տարածքը Հայաստանի Հանրապետությանն է եւ ՀՀ-ինն էլ լինելու է։

- Դուք ասում եք, թե այդ փաստաթուղթը խաղաղություն է բերել, եթե իսկապես Ալիեւը կողմ էր խաղաղությանը, թող ստորագրեր, ոչ թե նախաստորագրվեր պայմանագիրը, որ ինչ-ինչ նախապայմաններ էլ կատարվեն։

- Սա իրականում աննախադեպ փաստաթուղթ է, մեր հանրապետությունը պատմական ժամանակներ է ապրում, երբեւէ նման փաստաթուղթ չի ստորագրել՝ ԱՄՆ նախագահի երաշխավորությամբ, ու փաստաթուղթն իրականում ստորագրվել է, որ կիսում ենք կետերը եւ այլն, պայմանագիրն է նախաստորագրվել։ Ես վստահ եմ, որ մենք խաղաղության դարաշրջան ենք մտել, այո, բարդ է մեր հանրությանը դա բացատրել, ժողովուրդը սովոր չէ դրան։

- Ժողովուրդը հաշտ չէ ձեր բերած խաղաղության հետ․ եթե անգամ ընդունենք, որ խաղաղություն է լինելու՝ հազարավոր մարդկանց կյանքի, Արցախի կորստյան գնո՞վ․․․

- Ժողովուրդը միշտ է ցանկացել խաղաղություն, 2021 թվականին էլ ընտրել է մեզ հենց այս ապագայի համար, ասեմ ավելին՝ 2026 թվականին ժողովուրդն էլի ընտրելով ՔՊ-ին, կընտրի խաղաղությունը, գալիք խաղաղության դարաշրջանը։

- 2021-ին խոստանում էիք, որ Շուշին ու Հադրութն եք դեօկուպացնելու, Արցախն եք պաշտպանելու։

- Մենք նման բան չենք ասել, մենք ասել ենք` ընտրում եք ՀՀ ապագայի համար, որ ապագա կա, եւ առանց խաղաղության չէր կարող ապագա լինել։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image