Հարցազրույց

Գյումրին ու Երևանը տարբեր են, տարբեր է ընդդիմադիր դաշտը, այնտեղի ընտրություններին չի նմանվի

Գյումրին ու Երևանը տարբեր են, տարբեր է ընդդիմադիր դաշտը, այնտեղի ընտրություններին չի նմանվի

Մարտի 30-ին կայանալիք Գյումրու ՏԻՄ ընտրություններին մի շարք քաղաքական ուժեր արդեն իսկ հայտարարել են իրենց առաջադրման մասին, այդ թվում է «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունը, որի ցուցակը գլխավորելու է գյումրեցի գործարար, մարզիկ Արտյոմ Ղարաղազարյանը։ Hraparak.am-ի զրուցակիցը Արտյոմ Ղարաղազարյանն է։

-Պարոն Ղարաղազարյան, ինչո՞ւ որոշեցիք առաջադրվել եւ հավակնել քաղաքապետի պաշտոնին։

-Ես միշտ եղել եմ քաղաքականության մեջ, ավագանու անդամ եմ եղել, քաղաքը ուղնուծուծով գիտեմ։Մեր ժողովուրդը նորություն է ուզում, աշխատանք է ուզում, իսկ մեր թիմը ի վիճակի է դրան, մեր թիմի բոլոր անդամները Գյումրիում կայացած, մանր, միջին բիզնեսում, սպորտում  հաջողություն գրանցած, աշխատանքի, արարող մարդիկ են։

-Քարոզարշավը դեռ չսկսած, քաղաքական դաշտը լարված է, անառողջ մթնոլորտ է Գյումրիում։ Թեկնածուներից ոմանք համացանցային պատերազմի մեջ են, մեկը մյուսին անվանում է գող, ջեբկիր․․․

-Ավելի շատ աղմուկն է, քան այն, ինչ կա իրականում։ Իհարկե, կուզեի, որ բոլորն էլ շատ զուսպ լինեին, ներկայացնեին իրենց անելիքները,կարողանային ժողովրդի վստահությունը շահել, համոզել, որ գալիս են ինչ-որ բանի համար,  քան էսպես անիմաստ գզվռտոց լիներ։

-Չնայած դուք բավականին զուսպ եք, բայց երեկ մի գրառում էիք արել՝ կապված ՔՊ-ական քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Սարիկ Մինասյանի վերջին հայտարարության հետ, թե Փաշինյանը Արցախը չի տվել, չենք կռվել, դրա համար էլ պարտվեցինք։ Ձեր գրառումն ամփոփել էիք հետևյալ մտքով՝ քո շեֆն ամբողջ օրը խաղաղությունից է խոսում, դու կռվելուց ես խոսում։ Ու էս համապատկերում հեչ սիրուն բան չի ստացվում, թե ձեզ համար, թե լսողների։

-Եթե դա լիներ համապետական մակարդակի որևէ պաշտոնյայի հայտարարություն, դրան ես չէի արձագանքի, կլիներ կուսակցության արձագանք: Բայց տվյալ դեպքում խոսել է Գյումրիի քաղաքապետի ՔՊ-ական ԺՊ-ն ու միանգամայն անտեղի: Հարկ համարեցի արձագանքել։

-Երեկ Գյումրիում եվրոպամետների հավաքն էր, միավորվեցին, որոշեցին մասնակցել ընտրությանը, առաջադրեցին թեկնածու։ Մտավախություն չկա՞, որ Երևանի քաղաքապետի ընտրությունների սցենարը կրկնվի։

-Գյումրին ու Երևանը տարբեր են, այնտեղի ընտրություններին չի նմանվի։ Տարբեր են այստեղ ներկայացված քաղաքական ուժերը, տարբեր է ընդդիմադիր դաշտը։  Հիմա բոլոր քաղաքական ուժերի ղեկավարներն էլ, որոնք մասնակցում են ընտրությանը, ունեն իրենց ձևավորված թիմերը, եւ  բնականաբար, այդ մարդկանց կարծիքները չենք կարող հաշվի չառնել։  Բայց գյումրեցին իր անելիքը գիտի։ 2018թ-ից հետո Գյումրիում ընտրությունների ընթացքը միշտ այլ է եղել, եթե ուսումնասիրեք  վիճակագրությունը՝ կհամոզվեք, որ ներկայիս իշխանությունը Գյումրիում ԱԺ ընտրություններից մինչև վերջին ՏԻՄ ընտրություններ պարտվել է։ Մարզի մասշտաբով, այո, կարողացել են առավել ձայներ տանել, բայց Գյումրիում պատկերն այլ է եղել։

-Ձեր կուսակցությունն արդեն հայտարարել է, որ ՔՊ-ի հետ բացառվում է կոալիցիան, մյուս ուժերի հետ նույնպե՞ս բացառվում է։

-Նախընտրական փուլում մի փոքր անիմաստ է կոալիցիաների մասին խոսելը, բայց  եթե լինեն առողջ ուժեր, չի բացառվում, ինչպես նաև միավորվելու երկու տարբերակ կա՝ կախված նրանից, մենք ենք միանո՞ւմ, թե՞  իրենք։

- Քաղաքացիները հիասթափվա՞ծ չեն, կմասնակցե՞ն ընտրություններին, ի՞նչ եք կարծում։

-Մեր ժողովուրդը 30 տարի է՝ հիասթափված է։ Այն ժամանակ մի պաշտոնյա կարող էր խաբել ժողովրդին, հիմա ժողովուրդը շատ բան է հասկացել,  խաբելը հեշտ չի լինի։ Հուսով եմ, որ կմասնակցեն եւ դրանով իրենց ասելիքը կասեն։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image