Հասարակություն

Ինչու Գյումրուն նվիրած Եվրամիության ավտոբուսները սեփականություն չեն ճանաչվում

Ինչու Գյումրուն նվիրած Եվրամիության ավտոբուսները սեփականություն չեն ճանաչվում

Շուրջ կես տարի առաջ Գյումրի համայնքին Եվրամիության նվիրած ավտոբուսները բնակիչներին ծառայելու փոխարեն վերածվել են անշարժ գույքի։ 

«Այս խայտառակությունը ոչ միայն վնասում է մեր բնակիչներին, այլ նաև ԵՄ մեր գործընկերների մոտ մեղմ ասած անլուրջ տպավորություն է ստեղծվում՝ քաղաքային իշխանությունների անպատասխանատվության պատճառով»,-նկատում է Գյումրու ավագանու «Ապրելու Երկիր» Խմբակցության ղեկավար Կարեն Մալխասյանը։

Իսկ, թե ի՞նչ է պետք անել, որպեսզի ավտոբուսները ծառայեն համայնքին, ավագանու անդամը վստահեցնում է՝  ընդամենը մի տող որոշում, որպեսզի համայնքը ավտոբուսներն ընդունի սեփականություն և շահագործի։

« Փաստորեն, քաղաքային իշխանությունները օր ու գիշեր շատ ավելի կարևոր գործեր ունեն անելու, քան այս պարզ հարցը լուծելը։ Ներկա պահին այդ ավտոբուսները գտնվում են Գյումրու Ավտոբուս ՓԲԸ-ի տարածքում՝  անձրևի, արևի տակ կայանած  ։Դրանք նվեր ստացանք 2024 թվականի օգոստոսի մեկին, եւ իշխանությունները ներկայացնում են, որ ինչպես գնացքն է առաջին անգամ մուտք գործել Գյումրի, այժմ էլ այս էլեկտրական ավտոբուսներն են մուտք գործել, բայց մինչ օրս չեն շահագործվում»,-hraparak.am-ի հետ զրույցում ասաց  ավագանու «Ապրելու Երկիր» Խմբակցության ղեկավար Կարեն Մալխասյանը։

Ավտոբուսները շահագործվելու էին 20 համարի երթուղու ներքո, որոնց հետ միաժամանակ տրամադրվել է էլեկտրական լիցքավորման կայանը։Ավագանու անդամի խոսքերով՝ այդ կայանի տեղադրման հետ կապված որոշ խնդիր կա, բայց ցանկության դեպքում այն արագ կարգավորվող է, եւ երկար ժամանակ չի պահանջվի։

«Որպեսզի ավտոբուսները կարողանանք շահագործել, պետք է ավագանու նիստ հրավիրվի, որի ընթացքում ավագանին այդ գույքը կընդունի որպես համայնքի սեփականություն, մինչդեռ չի նախաձեռնվել ավագանու նիստ , գույքը սեփականություն չենք ճանաչել, հետևաբար չենք կարող օգտագործել։Մեր մտահոգությունը հենց սրանում է կայանում , եւ մենք հետևողական ենք լինելու»,- hraparak.am-ին ասաց Կարեն Մալխասյանը։

Ուշագրավ է, որ նույն խնդիրը նաև Վանաձոր քաղաքում է, որտեղ նույնպես օգոստոսից նվիրաբերված  ավտոբուսները չեն շահագործվում  :

Հիշեցնենք՝ ԵՄ ֆինանսավորմամբ «Դաշինք՝ հանուն կայուն եւ կանաչ կառավարման» ծրագրի շրջանակում 5-ական էլեկտրական ավտոբուս է տրամադրվել Գյումրի եւ Վանաձոր քաղաքներին: Ընդհանուր ծրագրի արժեքը երկու քաղաքների համար կազմել է 1 միլիոն 700 հազար եվրո՝ 10 ավտոբուս, գումարած լիցքավորման 6 կայանները, վարորդների ուսուցումը ու մեկ տարվա երաշխիքային սպասարկումը: Միջին հաշվարկով, 1 ավտոբուսի արժեքը 140 հազար եվրո է:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image