Շարունակելով մեր սկսած հետաքննությունը, որի ընթացքում նոր ուշագրավ մանրամասներ ենք պարզել, կրկին անդրադառնանք ղազախական ցորենի թեմային։ Պարզվում է՝ սկզբնապես Ղազախստանից ցորենի ներկրման ծրագիրը հենց այդպիսին էլ եղել է, որ Հայաստան ուղարկվող ցորենը ներկայացվի որպես պարենային, այսինքն՝ սննդի մեջ օգտագործման ենթակա՝ անկախ իրականում այդպիսին լինել-չլինելուց։ Սա հաստատվում է լրատվությամբ, որ 6.11.2025-ին շրջանառվել է ղազախական լրատվամիջոցներում ): «...Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ ձեռք բերված խաղաղության համաձայնություններն ամրապնդելու համար, Ղազախստանը պարենային հացահատիկի փորձնական խմբաքանակ է ուղարկել Հայաստան՝ նոր երկաթուղային երթուղով»,- հստակեցրել են «Продкорпорация»-ում։ Երեկ 15 վագոնից բաղկացած գնացքը հատել է Ադրբեջանի սահմանը, եւ ընդամենը մի քանի օրից ղազախական ցորենը կհասնի ՀՀ Դալարիկ կայարան («Продкорпорация» ԲԲԸ-ն Ղազախստանի հացահատիկի շուկայի ազգային օպերատորն է։ Ընկերության միակ բաժնետերը Ղազախստանի գյուղատնտեսության նախարարությունն է)։
Դրանից հետո, երբ նաեւ մեր տպագրած հոդվածների արդյունքում Ղազախստանից ներմուծված անորակ, կերարտադրության մեջ օգտագործվող եւ ալֆա, միկո տոքսիններով վարակված ցորենի թեման Հայաստանում եկավ հանրային օրակարգ, 7.11.2025-ին էլ «ՓԱՇԻՆՅԱՆԸ ՀՐԱԺԱՐՎՈՒՄ Է III ԿԱՐԳԻ եւ ՎԱՐԱԿՎԱԾ ՑՈՐԵՆԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԻ՞Ց» հոդվածում տպագրեցինք SGS-ի ինֆորմացիան, թե ինչպես են ղազախական լաբորատորիաներում ցորենի փորձաքննության արդյունքները կեղծվում, Աստանայում նախընտրեցին, այնուամենայնիվ, ճշմարտությունը բացահայտել։
10.11.2025-ին Ղազախստանի գյուղնախարարությունն իր պաշտոնական կայքում նոր ձեւակերպմամբ լրատվություն տեղադրեց․ «...Հոկտեմբերին Ղազախստանի հացահատիկի ազգային օպերատորը («Продкорпорация») երկարաժամկետ համագործակցության համաձայնագիր է կնքել, որը նախատեսում է հացահատիկի մատակարարում հայաստանյան սպառողներին։ Փորձնական խմբաքանակը բաղկացած է 4-րդ կարգի պարենային ցորենից, որը կարող է օգտագործվել ինչպես ընդհանուր նշանակության ալյուրի, այնպես էլ համակցված կերերի արտադրության համար։
Ընդսմին, Ղազախստանը հնարավորություն ունի արտահանել տարբեր կարգի հացահատիկ, այդ թվում՝ կոշտ ցորեն (դուրում) եւ բարձր սպիտակուցային ցորեն (hi-pro)» ։
Դժվար է չնկատել, որ Ղազախստանի «Продкорпорация»-ի սպանիչ հեգնանքը՝ Ադրբեջանի հետ ձեռք բերված խաղաղության համաձայնություների առիթով Նիկոլ Փաշինյանին եւ ՔՊ-ին անասնակեր ուղարկելու, միանգամայն թափանցիկ ակնարկ է, թե ինչ են վերջիններս, որ նման քայլի են գնացել։ IV կարգի ցորենն էլ երբեք սննդի մեջ օգտագործման ենթակա չէ․ III կարգի ցորենն է, որ, կախված գլյուտենի տոկոսային պարունակությունից, կարող է սննդի մեջ օգտագործվել կամ ոչ։
2023-ին, երբ իրավիճակը դեռ այնքան վատ չէր, որքան այսօր
Ղազախական ցորենի թեմայով իմ նախորդ հոդվածներում արդեն մի քանի անգամ գրել եմ, որ «Ղազախստանում ամառային երաշտին հետեւող հորդառատ անձրեւները հանգեցրել են հասկի մեջ հատիկի ծլման։ Հասկի մեջ սերմնահատիկի ծլման գործընթացն ուղեկցվում է կենսաքիմիական ռեակցիաների ամբողջ համալիրով։ Դրանցից մեկն ալֆա-ամիլազա ֆերմենտի սինթեզման խթանումն է, որը քայքայում է հատիկի օսլան եւ հանգեցնում է Անկման թվի նվազման։ Նման ցորենի որակը կտրուկ վատանում է, ընդհուպ մինչեւ հացաթխման որակների կատարյալ կորուստ։ Խոնավ հատիկը նաեւ դյուրությամբ վարակվում է սնկային հիվանդություններով, պաթոգեն սնկերը արտադրում են միկո եւ ալֆա տոքսիններ»: Որտեղի՞ց էր ինձ այդ տեղեկությունը։
Փորձարկումների, փորձաքննության եւ հավաստագրման ոլորտում երկրագնդի վրա գոյություն ունեցող ամենահին, ամենահեղինակավոր եւ ամենահզոր ընկերության՝ Société Générale de Surveillance (SGS)-ի բաց տեղեկատվությունից։ SGS-ը մրցակցությունից դուրս առաջատար է իր ոլորտում, որն ունի աշխարհում սփռված 2 հազար 650 գրասենյակ եւ լաբորատորիա, 98 հազար աշխատակից, գործում է շուրջ 100 երկրում, ներառյալ՝ Ղազախստանում։ 2023-ին, երբ եղանակային պայմանները Ղազախստանում ցորենի բերքատվության համար դարձյալ վատ են եղել, սակայն ոչ այնքան վատ, որքան այս տարի (2023-ին Ղազախստանում ստացվել է նաեւ II կարգի ցորեն, այս տարի՝ միայն III կարգի եւ ֆուրաժ) SGS-ը հրապարակել է իր ղազախստանյան կառույցի (SGS Kazakhstan LTD) լաբորատորիայի ղեկավար՝ կենսաբանական գիությունների դոկտոր Օ. Վ. Ֆուրսովի մեկնաբանությունները ծլած ցորենի մեծ ծավալների, դրանց միկո եւ ալֆա տոքսիններով վարակված լինելու եւ այլնի մասին։ Դա ընդհանուր շուրջ 9 հազար 500 նիշ ծավալով նյութ է, որը ես փոխանցել եմ ՀՀ վարչապետի աշխատակազմին։ Ստորեւ մեջբերում եմ մեկ-երկու պարբերություն։
«Պետք է նշել, որ հանրապետության հացահատիկի մշակման հիմնական շրջաններում եղանակային պայմանները վեգետացիայի շրջանում չափազանց անբարենպաստ էին։ Մինչեւ սեպտեմբերի սկիզբը տեղումներ գործնականում չեն եղել։ Սեպտեմբերի առաջին տասնօրյակից սկսած՝ հացահատիկ արտադրող բոլոր շրջաններում սկսեցին անձրեւներ տեղալ, որոնք, նախ, խոչընդոտեցին բերքահավաքին, իսկ երկրորդ՝ հանգեցրին հացահատիկի ծլմանը հասկի մեջ։ Հասկի մեջ սերմնահատիկի ծլման գործընթացն ուղեկցվում է կենսաքիմիական ռեակցիաների ամբողջ համալիրով։ Դրանցից մեկը ալֆա-ամիլազա ֆերմենտի սինթեզման խթանումն է, որը քայքայում է հատիկի օսլան եւ հանգեցնում է Անկման թվի նվազման։ Նման ցորենի որակը կտրուկ վատանում է, ընդհուպ մինչեւ հացաթխման որակների կատարյալ կորուստ։ Խոնավ հատիկը նաեւ դյուրությամբ վարակվում է սնկային հիվանդություններով (ֆուզորիոզ եւ այլն), պաթոգեն սնկերն արտադրում են միկո եւ ալֆա տոքսիններ»:
Պրն Ֆուրսովը նաեւ հայտնել է, որ, համաձայն ամենամյա ուսումնասիրությունների, որոնք SGS Quality Map գլոբալ նախագծի շրջանակում անցկացնում է ընկերությունը, 2023-ին Ղազախստանում աճած ցորենի բերքի որոշ նմուշներում ծլած հացահատիկի պարունակությունը հասել է մինչեւ 80-85%-ի, իսկ միջինում կազմել է 15.81% եւ 14.80%:
Իսկ որքա՞ն է ծլած սերմնահատիկների պարունակության թույլատրելի սահմանը ցորենի բերքում։ Այդ հարցին ղազախական լրատվամիջոցների համար պատասխանել է երկրի Հացահատիկ վերամշակողների միության (Союз зернопереработчиков Казахстана) նախագահ Եվգենի Գանը։ Նա բացատրել է, որ Ղազախստանի տարածքում կիրառվող միջպետական ГОСТ 26574-2017 «Ցորենի ալյուր հացաբուլկեղենի համար։ Տեխնիկական բնութագրեր» ստանդարտի համաձայն՝ օտար խառնուրդներից մաքրվելուց հետո ալրաղացներ ուղարկվող ցորենի մեջ ծլած սերմնահատիկները չպետք է կազմեն 3%-ից ավելի։ Բացի այդ, պարտադիր է ցորենի խմբաքանակների թեստավորումը՝ միկոտոքսինների (բորբոսային միկրոօրգանիզմների թունավոր նյութափոխանակության արգասիքներ) պարունակությունը պարզելու համար։ Արգելվում է նաեւ ծլած հացահատիկի օգտագործումը որպես անասնապահական կեր՝ առանց միկոտոքսիններով վարակվածության աստիճանը պարզելու (Союз зернопереработчиков Казахстана предупредил об опасности использования проросшего зерна. https://www.apk-inform.com/ru/news/amp/1537580 )։
Ուր 3 %-ը, ո՜ւր 15-80 %-ը... Իսկ ինչ է պատահում, երբ ծլած սերմնահատիկի պարունակության թույլատրելի սահմանը բազմապատիկ անգամ գերազանցող ցորենը, որ ինքնաբերաբար դարձել է անպիտան եւ ֆուրաժային, հետն էլ միկո եւ ալֆա տոքսիններով վարակված, աղացվում եւ խառնվում է թեկուզ որակյալ ալյուրի։ Նորից մեջբերենք ղազախական աղբյուրները։
«Ծլած հացահատիկից ալյուր արտադրելը ԽՍՏԻՎ ԱՐԳԵԼՎԱԾ Է, քանի որ նման հացահատիկը մեծ հավանականությամբ վարակված կլինի ալֆա տոքսիններով: Նման հացահատիկից ստացված ալյուրը կարող է հանգեցնել զանգվածային մահերի, եւ սա «страшилка» չէ: Սա ՔՐԵԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ հարց է: Ռիսկի դիմելն անիմաստ է»,- այս մասին «АПК Новости» գործակալությանը հայտնեց Ղազախստանի Հացահատիկ վերամշակողների միության փոխնախագահ Թաիսիա Կոլեգովան։
Կոստանայի եւ այլ շրջանների ալյուր արտադրողները զանգվածաբար ծլած ցորենից ալյուր են արտադրում, այն ֆերմենտացիայի են ենթարկում կայունացուցիչ հավելանյութերով եւ այդպես արտահանում են՝ պատմեցին Միությունում։ Ատբասարից Աֆղանստան ուղարկված առաջին խմբաքանակը բաղկացած էր 45 վագոնից։
Ներմուծողները բողոքում են, որ այդ ալյուրից պատրաստված հացը դրսից այրվում է, իսկ ներսում մնում է հում։ Կոստանայում այն մշակել են քիմիական նյութերով, անկման թվի մակարդակը բարձրացրել մինչեւ 90 եւ ուղարկել։ Իսկ Աֆղանստանում խմորն ամբողջությամբ ծորել է թոնիրում, թավայի մեջ են թխել, ներսը, միեւնույն է՝ հում է մնում։ Խնդիրն այն է, որ ապրանքի պահպանման եւ տեղափոխման ընթացքում ֆերմենտները քայքայվում են, հետեւաբար՝ նման հավելանյութերով ալյուրի որակը չի կարող կայունացվել: Ավելին, ֆերմենտացիայի ենթարկելը չի ազդում որակի իրական ցուցանիշների վրա, այլ միայն քողարկում է դրանք, ընդհանրության մեջ չլուծելով ապրանքի որակի հետ որեւէ խնդիր, միայն վատթարացնում է վիճակը, եւ վերջնական սպառողին հասնելիս այլեւս ոչ ոք չի կարող երաշխավորել հետեւանքները: Նման ալյուրը վտանգավոր է, քանի որ, մեծ հավանականությամբ, վարակված է ալֆա եւ միկո տոքսիններով, ինչը կարող է հանգեցնել զանգվածային թունավորման: Ծլած ցորենից ստացված ալյուրը նույնիսկ կենդանիների կերի համար պիտանի չէ,- բացատրեց Թաիսիա Կոլեգովան։
DAP պայմաններով Սարիագաշ, այնտեղից էլ Աֆղանստան արտահանվող որակյալ ալյուրի արժեքը կազմում է ոչ պակաս, քան 350 դոլար՝ տոննայի համար, իսկ ցածրակարգ կամ կարգ չունեցող ալյուրը, որ I կարգ ալյուրի փաստաթղթերով արտահանում են, ուղարկում են տոննայի դիմաց 260 դոլարով։ Ո՞վ է պատասխանատվություն կրելու աֆղան սպառողների զանգվածային թունավորման համար։ Ֆիտո-սանիտարական մարմիննե՞րը, թե՞ հավատարմագրված լաբորատորիաները, որ արտահանվող ապրանքի որակը հավաստման սերտիֆիկատներ են տալիս։ Միջազգային սկանդալ է հասունանում (“Назревает международный скандал. Опасную муку из проросшего зерна начали массово производить в Казахстане” )։
Այստեղ ընդմիջենք, արձանագրենք, որ ՀՀ իշխանությունը Ղազախստանից ներմուծում է նույնպիսի ֆուրաժային ցորեն, ինչպիսին 2023-ին ուղարկվել է Աֆղանստան եւ սկանդալների հանգեցրել, նորից կոչ անենք Ղազախստանից ցորենի անվան ներքո վարակված անասնակերի ներմուծումը դադարեցնել, իսկ արդեն ներմուծվածը ոչնչացնել։ Այլապես կշարունակենք հրապարակումները եւ մի քանի օրից կտպագրենք ավելի էական տեղեկություններ վտանգավոր ցորենի մասին։